Բաժիններ՝

«Գյուղացիներն ավելի շահագրգռված կլինեն, որ «Գեոթիմն» օգտագործի այդ հողերը»,- ասում է Գնդեվազի գյուղապետը

Օրերս հայտարարվեց, որ ՀՀ կառավարության ու «Գեոթիմ» ընկերության (և ընկերության 100% բաժնետեր «Լիդիան ինթերնեյշնլի») միջև նախնական համաձայնություն է ձեռք բերվել Ամուլսարում կույտային տարրալվացման հարթակի տեղակայման հարցի շուրջ: Նախկինում առաջարկվել էր այն տեղակայել Գնդեվազ գյուղի արևելյան սահմանից մոտավորապես 2 կմ հեռավորության վրա, դեպի հյուսիս-արևմուտք և արևմուտք: Այժմ նախատեսվում է  հարթակը տեղակայել այդ վայրից 4 կմ դեպի հարավ-արևմուտք և բացահանքից 7 կմ հեռավորության վրա:

Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ տարածքը գյուղացիների համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում. «Այնտեղ  ոչ գյուղատնտեսություն է զարգացվում, ոչ խոտհարքներ կան, մի քանի հեկտար վարելահողեր կան, բայց բերրի չեն ու գյուղացիներին հետաքրքիր չեն: Նրանք ավելի շահագրգռված կլինեն, որ «Գեոթիմն» օգտագործի այդ հողերը»:

Հ.Մկրտչյանը նշեց, որ համայնքը դեմ չէ հանքավայրի շահագործմանը, հակառակը՝ տրամադրվածությունը դրական է, քանի որ ընկերության աշխատանքների, սոցիալական հարցերի հետ կապված՝ «Գեոթիմի» կողմից աջակցությունը մեծ է համայնքին:

Գյուղապետը պատմեց, որ այս տարի ապրիլին իր հարևան-գործընկերների՝ Գորայքի և Սարավանի գյուղապետերի հետ այցելել է ԱՄՆ, եղել են հանքավայրերում, որտեղ կիրառվում է ոսկու կորզման կույտային տարրալվացման եղանակը. «Եթե մեզ մոտ տեխնիկապես նույն մակարդակն ապահովեն, իմ կողմից դրական կարծիք կլինի: Մենք ԱՄՆ-ում ամեն ինչ շատ լավ վիճակում տեսանք: Կային հանքեր, որ համայնքներից մի քանի մետրի վրա էին, կպած էին համայնքներին, իսկ համայնքները մինչև 5000 բնակչություն ունեն, և ամեն ինչ նորմալ էր, շատ լավ էր, ո՛չ փոշի գոյություն ուներ, ո՛չ աղմուկ կար, կանոնները պահպանում էին»:

Կարդացեք նաև

Heap Leach Facility in Cripple Creek and Victor, USA Heap Leach Facility CC&V, USA

Գյուղապետերի այցելած հանքերից մեկը ԱՄՆ Կոլորադոյի նահանգում «Cripple Creek & Victor» հանքն է, որը պատկանում է «AngloGold Ashanti» ընկերությանը, որը շահագործում է շուրջ 20 հանք Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Ավստրալիայում, Ռուսաստանում և այլուր, և ունի շուրջ 60 հազար աշխատող: Մասնավորապես՝ «Cripple Creek & Victor» հանքում աշխատում է 560 հոգի: Այդ հանքը գտնվում է իր հանքային ջրերով հայտնի Կոլորադո Սփրինգս քաղաքից  մոտ 25 կմ հեռավորությամն վրա, իսկ ընդամենը 1.5 կմ հեռավորության վրա Քրիփլ Քրիք ավանն է՝ 2000 բնակչությամբ, որն արդեն 100 տարուց ավելի գոյություն ունի հանքի կողքին: Հանքից 5-10 կմ հեռավորության վրա մի քանի ջրամբարներ ու բնական լճեր կան:

Cripple Creek town

«Ես տեսել եմ ԱՄՆ-ում այդ կույտային տարրալվացումը, 2 հանքավայրում ենք եղել, եթե այդ տեխնոլոգիան պահպանեն այստեղ, ոչ մի խնդիր չի առաջանա»,- իր հերթին՝ հավաստիացրեց Գորայքի գյուղապետ Առուստամ Առուստամյանը:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ում տեխնոլոգիան խստորեն պահպանվում է և, ամենակարևորը, բնապահպանական խնդիրներին մեծ ուշադրություն են դարձնում: Առուստամյանի խոսքով՝ բնակավայրերը տարրալվացման տարածքին, որտեղ տեխնոլոգիական պրոցեսն իրականացվում է ցիանային լուծույթի միջոցով, շատ մոտ էին. «Հանքին կպած ժողովուրդն ապրում է, իրենք էլ ոսկու կորզումը կատարում են: Վայրի կենդանիները, ընտանի կենդանիները մարդկանց հետ քայլում էին: Այդ վիճակն է այնտեղ, ես դա եմ տեսել: Երևանի հրապարակում էլ կարող են դնել այդ տեխնոլոգիայով շահագործել, ոչ մի խնդիր չկա: Ամենակարևորը՝ տեխնոլոգիան պահպանվի»:

Ա.Առուստամյանը կարևորեց, որ այնպես է հաշվարկված, որ կառույցները 9.5 բալ ուժգնությամբ երկրաշարժին դիմանան, ինչպես, օրինակ, Թուրքիայում նույն կարգի հանքավայրը չէր վնասվել վերջերս այնտեղ տեղի ունեցած երկրաշարժից:

Նշենք, որ Թուրքիայի «Kisladag» ոսկու հանքը պատկանում է կանադական «Eldorado Gold» ընկերությանը, որը, ինչպես և «Գեոթիմի» բաժնետոմսերի 100%-ի սեփականատեր «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը, ցուցակված է Տորոնտոյի բորսայում: Հանքը շահագործվում է 2006-ից և այս ընթացքում արտադրել է ավելի քան 1.5 մլն ունցիա ոսկի՝ կույտային տարրալվացման մեթոդի կիրառմամբ:

«Իմ համագյուղացիները սպասում են հանքի շահագործմանը, եթե չեղավ, թողնելու են գնան, գյուղը դատարկվելու է: Սա իրենց համար աշխատատեղ է, աշխատեն, ապրեն, չընկնեն փողոցները: Այս տարի հանքի շինարարական աշխատանքները հետաձգվել են, արդեն 28 հոգի դուրս էին եկել, գնացել էին Ռուսաստան, որ իրենց ընտանիքների հոգսերը հոգան: Բնական է, որ նրանք նորից հետ են գալու»,- նշեց Ա. Առուստամյանը:

Սարավան համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը ևս դրական գնահատեց «Գեոթիմի» աշխատանքներն ու նշեց, որ գյուղից 25-30 հոգի են աշխատում ընկերությունում, ստանում են բարձր աշխատավարձ, ու ամեն ինչ բարձր հիմքերի վրա է դրված. «Ժողովուրդն էլ դրական է տրամադրված»:

ԱՄՆ այցից Բաբայանը պատմեց, որ բացի շահագործվող հանքերից՝ ծանոթացել են նաև արդեն փակված և վերականգնված հանքերի, և այնտեղ կենդանիների են տեսել՝ եղնիկներ և այլն:

«ԱՄՆ-ում հանքի հարակից գյուղերի բնակչության հետ զրուցեցինք, մեկը 100-150 տարվա գյուղ էր, որ հանքերի բազայի հիման վրա էր ստեղծվել: Շատ դրական էր խոսում ժողովուրդը: Նույնիսկ 73 տարեկան մի կնոջ, որ գյուղում փոքր խանութ ուներ, հարցրի՝ հանքերը ձեր վրա բոլորովի՞ն չեն ազդել, ասաց՝ չէ, չեն ազդել: Շատ դրական արտահայտվեց: Փաստորեն՝ ոչ մի խնդիր չկա, ոչ մի ճառագայթում չկա: Այն, ինչ տեսանք, եթե նույն տեսակ շահագործվի մեզ մոտ, տարածաշրջանի վրա շատ դրական ազդեցություն կունենա, միգրացիան կկրճատվի, չեն գնա, նույնիսկ գյուղից մարդիկ ունենք Մոսկվայում, Ղազախստանում, որ հանքը գործելու դեպքում ետ կգան»,- նշեց Ս.Բաբայանը:

«Գեոթիմ» ՓԲ ընկերության բնապահպանական և սոցիալական ծրագրերի համակարգող, տեխնիկական գիտությունների թեկնածու Արմեն Ստեփանյանը, ով գյուղապետերի հետ այցելել էր ԱՄՆ, մեզ հետ զրույցում նշեց, որ կույտային տարրալվացման տեխնոլոգիան սկսել է կիրառվել ԱՄՆ-ում, բայց արդեն մի քանի տասնյակ տարի կիրառվում է ամեն տեղ՝ Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում, Ավստրալիայում, Կանադայում և այլուր:

«Ինչ վերաբերում է ցիանիդին, ապա նախ՝ Հայաստանում ցիանիդը վաղուց է կիրառվում ոսկու կորզման այլ մեթոդներում: Կույտային տարրալվացման մեջ կիրառվող ցիանային լուծույթը խիստ նոսր լուծույթ է: Ցիանիդն օգտագործվում է աշխարհի շատ երկրներում, այդ թվում և՝ Եվրոպայում: Ընդ որում, ցիանիդի արտադրության ընդամենը 6%-ն է կիրառվում հանքարդյունաբերության մեջ, մնացածը կիրառվում է ամենատարբեր արդյունաբերություններում: Իսկ անվտանգ կառավարման լավագույն երաշխիքներից մեկը Միջազգային ցիանիդի օրենսգրքին անդամակցումն է, որ «Լիդիանը» պարտավորվել է իրականացնել:  Ուզում եմ շեշտել նաև, որ կույտային տարրալվացման դեպքում պոչամբար չկա, իսկ արդյունահանման ավարտից հետո տարածքը լիովին ռեկուլտիվացվում է»,- նշեց Ա. Ստեփանյանը՝ հավելելով, որ «Գեոթիմն» ազդակիր համայնքների գյուղապետերին ԱՄՆ էր տարել, որպեսզի նրանք իրենց աչքով ժամանակակից հանք և կույտային տարրալվացում տեսնեն և  համոզվեն, որ ճիշտ կառավարման դեպքում հնարավոր է ունենալ բնապահպանական բոլոր չափանիշների պահպանմամբ արդյունաբերություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս