Բաժիններ՝

Ձվի դիֆիցիտ՝ Էջմիածնում. որոշ խանութներում ձուն արժե 80 դրամ

Արդեն երեք շաբաթ Էջմիածնի խանութներում ամենաչճարվող ապրանքը դարձել է ձուն: Խանութի վաճառողները պատասխան չունեն, ասում են` մենք էլ չգիտենք, թե ինչու ձու չկա: «Չենք ստանում, ասում են` այս պահին ֆաբրիկայում ձու չկա, ու լսափողն անջատում են»,- պատմում են խանութի աշխատակիցները:

Ձու խանութներին տրվում է սահմանափակ քանակով ու ավելի թանկ գնով: Եթե մի քանի ամիս առաջ Էջմիածնում ձուն արժեր 60-65 դրամ, ապա այժմ քաղաքի խանութներում 80 դրամից ցածր գնով ձու դժվար կարողանաք գտնել: Խանութի աշխատողների խոսքերով, իրենց ավելի թանկ են տրամադրում, դրա համար էլ ձվի գինը թանկացել է: Թե ի՞նչ հիմնավորմամբ` խանութի աշխատակիցներին պարզաբանում չեն տվել:

Արմավիրի մարզին ձու մատակարարում է «Արաքս» թռչնաֆաբրիկան: Մեր ջանքերը՝ որևէ պարզաբանում ստանալ կազմակերպությունից, անցան ապարդյուն: Նախ կազմակերպությունից տեղեկացրեցին, որ տնօրենը քաղաքում չէ և չի կարող հարցերին պատասխանել: Հետո արդեն ընկերության պատասխանատուներից մեկը տեղեկացրեց, որ ձվի գնի ու քանակի մասին համապատասխան մարմինները տեղյակ են: Զրուցակիցը, ով հրաժարվեց ներկայանալ ու ներկայացնել իր պաշտոնը, չմանրամասնեց, թե համապատասխան մարմինն ո՞վ  է, ու ինչո՞ւ ոչ ոք այդ հիմնավորումներին ծանոթ չէ:

Ձվի թանկացումից տուժում են հատկապես թոշակառուները: Նրանց խոսքով՝ մսամթերք, երշիկեղեն ու կաթնամթերք գնելու համար գումարը չի բավականացնում, մինչդեռ ձուն շատ հարմար է: «Առավոտյան խաշում ես, երեկոյան կանաչիի, կարտոֆիլի վրա կարող ես լցնել ու մի կերպ յոլա գնալ: Էս չորս օր է՝ խանութ եմ իջնում, ու ձու չկա»,- ասում է տիկին Ժենյան:

Կարդացեք նաև

Մեր տեղեկություններով՝ Էջմիածնին հարակից գյուղերում ձվի գինը բարձրացել է ընդհուպ մինչև 90 դրամ: Քանի որ կազմակերպությունից որևէ բացատրություն չի տրվում այս թանկացման վերաբերյալ, և արդեն երեք շաբաթ շարունակվում է ձվի դիֆիցիտը, կարծում ենք՝ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն աշխատանք ունի կատարելու: Հանձնաժողովն իր ունեցած լիազորությունների շրջանակներում պետք է հարցն ուսումնասիրի, և եթե թանկացման ու դիֆիցիտի հիմնավորում չկա` համապատասխան պատժամիջոցներ կիրառի օրենքը խախտող կազմակերպությունների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս