«Ազգ»-ը տվյալ նյութի թարգմանության հարցում եղել է ծայրաստիճան ուշադիր և չի խեղաթյուրել խոսակցության իրական էությունը, այնպես ինչպես ներկայացված է ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակի կողմից

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակն արձագանքել է Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հարցազրույցին, որում նա պատմել է, թե ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀՀ նախագահի հետ երկկողմ զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանը խնդրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին փոխանցել հետևյալ ձևակերպմամբ իր պատգամը. «28 տարի առաջ մենք հզոր էինք, իսկ Ադրբեջանը՝ թույլ: Մենք տիրացանք Ղարաբաղին, ձեզ նվաստացրինք ու ձեզ հետ չբանակցեցինք: 28 տարի ձեզ ստորացրինք ու այս օրն ընկանք: Դուք մեր սխալը չկրկնեք»:

«Մամուլում շրջանառվող` Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին վերագրվող խոսքերը աղավաղված մեկնաբանություններ են, որոնք խեղաթյուրում են խոսակցության իրական էությունը»,- ասված է ՀՀ չորրորդ նախագահի գրասենյակի տարածած մեկնաբանության մեջ:

Արմեն Սարգսյանի գրասենյակն այս հրապարակումն արել է՝ ի պատասխան «Ազգ» շաբաթաթերթի ապրիլի 11-ի համարում տեղ գտած «Երեւանի պատգամը Բաքվին» հոդվածի։

Հեղինակը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում նախկին դեսպան, բազմամյա փորձառություն ունեցող իրանագետ Գրիգոր Առաքելյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի ավարտից 6 ամիս անց  Երեւան այցելած Իրանի նախին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և  ՀՀ  նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպմանն ու զրույցին։

«Իրանցի դիվանագետն օրերս իր տեսագրված հարցազրույցներից մեկի ժամանակ երեւանյան հանդիպումից  ուշագրավ մանրամասներ է ներկայացրել: Ըստ Մոհամմադ Ջավադ Զարիֆի,   ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀՀ նախագահի հետ երկկողմ զրույցի ընթացքում  Արմեն Սարգսյանը խնդրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին փոխանցել  հետեւյալ ձեւակերպմամբ իր պատգամը. «28 տարի առաջ մենք հզոր էինք, իսկ Ադրբեջանը՝ թույլ: Մենք տիրացանք Ղարաբաղին,  ձեզ (ադրբեջանցիներին Գ.Ա.)  նվաստացրինք ու  ձեզ հետ չբանակցեցինք: 28 տարի ձեզ ստորացրինք ու այս օրն ընկանք: Դուք մեր սխալը չկրկնեք»:

Զարիֆը նաեւ  հավելում է.

«ՀՀ նախագահի պատգամը Բաքվում փոխանցեցի նախագահ Իլհամ Ալիեւին, ընդգծելով, որ խաղաղությունը  պետք է հաստատել այն ժամանակ, երբ հզոր ես: Իլհամ Ալիեւն էլ տրամաբանական համարեց այդ խոսքերն ու  ասաց, որ Ադրբեջանն այդպես էլ վարվելու է»:
Արդյո՞ք Արմեն Սարգսյանը պատրաստ է այսօր  արձագանքնել Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ մասնավոր զրույցի ընթացքում իրեն վերագրված  խոսքերին, եւ արդյո՞ք ՀՀ նախկին նախագահը կհաստատի Ալիեւին վերը նշված բովանդակությամբ պատգամ հղելու մասին  Զարիֆի ասածները»,-«Ազգ» շաբաթաթերթ՝ ապրիլի 11-ի համարում լույս տեսած իր հոդվածում գրել է Գրիգոր Առաքելյանը։

Ինչպես նշեցինք, ՀՀ չորրորդ նախագահի գրասենյակից հայտնել են, որ Արմեն Սարգսյանին վերագրվող խոսքերը աղավաղված մեկնաբանություններ են, որոնք խեղաթյուրում են խոսակցության իրական էությունը։

Գրիգոր Առաքելյանը, ի պատասխան Արմեն Սարգսյանի գրասենյակի հայտարարության, հանրության ուշադրությանն է ներկայացնում վերոնշյալ հարցազրույցի տեսանյութը, ինչպես նաև հետևյալ հաղորդագրությունը. «Հրապարակելով Իրանի նախկին ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի խնդրո թեմայի մասին տեսագրված պարսկերեն հարցազրույցը, հայտնում ենք, որ «Ազգ»-ը տվյալ նյութի թարգմանության հարցում եղել է ծայրաստիճան ուշադիր և չի խեղաթյուրել խոսակցության իրական էությունը, այնպես ինչպես ներկայացված է ՀՀ չորրորդ նախագահի գրասենյակի կողմից»։

«Ազգ»

Տեսանյութեր

Լրահոս