ՌԴ–ն եզակի քարտեզներ ունի. Զախարովան՝ սահմանազատման հարցում Երևանին և Բաքվին օգնելու մասին

Մոսկվան պատրաստ է աջակցել հայ և ադրբեջանցի գործընկերներին երկու երկրների համար առանցքային բոլոր ուղղություններով: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում տրանսպորտային, տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ռուսաստանը հիանալի մշակումներ ունի։

«Պատրաստ ենք փոխանցել սահմանազատման և սահմանագծման հարցում ունեցած մեր փորձը։ Կարծում եմ` Իմ կարծիքով, մեր մասնագետներն այս ոլորտում հետխորհրդային տարածքի լավագույններից են», – ասաց Զախարովան։

Նա ընդգծեց, որ Մոսկվան նաև եզակի քարտեզագրական նյութեր ունի, որոնք կարող են օգնել լուծելու հայ-ադրբեջանական հակամարտության տարիներով կուտակված մարդասիրական բնույթի խնդիրները:

«Մենք միշտ ուրախ ենք օգնել հայ և ադրբեջանցի բարեկամներին` առաջ տանելու հարաբերությունների կարգավորման գործընթացը», – ասաց Զախարովան:

Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով փոխգործակցության վերսկսումը, դիվանագետի խոսքով, կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը:

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում դրական դեր կարող է խաղալ Թուրքիան:

Տեսանյութեր

Լրահոս