Նրանք լրտես-դիտորդներ են, որոնք աշխատում են Հայաստանի բոլոր հարևանների դեմ. Զախարովա՝ ԵՄ դիտորդների մասին

Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցները վկայում են այն մասին, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը չի նպաստում խաղաղությանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով առաքելության ընդլայնման նպատակահարմարության մասին Փարիզի հայտարարությունը:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն հույս էր հայտնել, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում կընդլայնվի:

«Մենք բացարձակապես ոչ մի պատրանք չունենք Հարավային Կովկասում Փարիզի բարի մտադրությունների մասով։ Եվ տարածաշրջանում իրական օրակարգը ոչ մի կապ չունի ապաէսկալացման, կարգավորման, խաղաղության կառուցան հետ։ Մենք բազմիցս ականատես ենք եղել Ելիսեյան պալատի կողմից հայ-ադրբեջանական հակամարտության սրման, հակասությունների գնով միջնորդական ջանքերի պարտադրման փորձերին», – ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ հենց ֆրանսիացիներն են կրում և 2022 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի սաբոտաժի և փաստացի փլուզման համար պատասխանատվության զգալի մասը։

Եվ հաշվի առնելով վերջին 2-3 տարիներին ստեղծված իրողությունները՝ Մինսկի համաժողովի բոլոր կառույցները՝ և՛ ԵԱՀԿ Մինսկի խումբը, և՛ բարձր մակարդակի պլանավորման խումբը, և՛ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը ենթակա են լուծարման։

Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ առաքելության նպատակներին, ապա դրանք, Զախարովայի կարծիքով, բացարձակապես չեն առնչվում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու խնդիրներին:

«ԵՄ ներկայացուցիչներին կարելի է «մոնիտոր-լրտեսներ» անվանել։ Եվ նրանք Հայաստանի հարևան բոլոր երկրների դեմ աշխատում են և՛ ներսից, և՛ դրսից։ Բազմաթիվ տարածաշրջանային խաղացողներ են դա նշել։ Ընդ որում, տեղեկությունները, որոնք Փարիզի ներկայացուցիչները հավաքում են տարածաշրջանում գտնվելու ընթացքում, հայ գործընկերներին չեն փոխանցում», – նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ամբողջ տեղեկատվությունն ուղարկում են ուղիղ Բրյուսել, որի խնդիրները հետխորհրդային տարածքում անվերջ քաոսի, երկպառակության և թշնամանքի ստեղծումն է։

Զախարովայի կարծիքով՝ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն ամենահնարավոր եղանակներով փորձում են սողոսկել Հարավային Կովկաս, ամրապնդվել այնտեղ՝ իրենց կամքը պարտադրելով տարածաշրջանի երկրներին։

«Դիտորդներն իրականում տարածաշրջանին ոչ մի կայունություն էլ չեն բերում. արձանագրում ենք հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին հաղորդումներ, ինչը ևս մեկ ապացույց է այն բանի, որ արտատարածաշրջանային ակտիվությունը` լինի դա ԵՄ-ի կամ Ֆրանսիայի, Հարավային Կովկասը խաղաղության ու բարգավաճման չի մոտեցնում, ընդհակառակը` ստեղծում է նոր բաժանարար գծեր, լարվածության նոր օջախներ, նոր խնդիրներ», – նշել է նա։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ արտաքին գործընկերների և ազգային անվտանգության ապահովման չափորոշիչների ընտրությունն անշուշտ ցանկացած պետության, մասնավորապես՝ Հայաստանի, ինքնիշխան իրավունքն է:

Մյուս կողմից, ըստ Զախարովայի, Հարավային Կովկասը ԵՄ-ի կողմից դիտարկվում է որպես ՌԴ-ի դեմ իրենց սանձազերծած հիբրիդային պատերազմի հերթական ճակատ:

«Եվ ինձ թվում է` Հայաստանը մշուշոտ և ինչպես միշտ` խաբուսիկ հեռանկարներով հավաքական Արևմուտքի ուղեծիր քաշելով՝ Ֆրանսիան ձգտում է խաթարել հայ-ռուսական դարավոր հարաբերությունները, որոնք նախ աշխատել են մեկ, ապա երկու երկրների ժողովուրդների օգտին»,–ասել է Զախարովան:

Դա, նրա խոսքով, չի համապատասխանում ժողովուրդների նպատակներին, որոնք արդյունքում կառուցողական, դրական կամ շահավետ ոչինչ չեն ստանում։

Տեսանյութեր

Լրահոս