«Այ ձեր ցավը տանեմ, այդպես ո՞նց է լինելու, ո՞նց է պատկերացնում՝ Ադրբեջանը մեր ճանապարհով բեռներ տանի Նախիջևան ու բերի, այդ ճանապարհները հո իմ կամ իր հորի՞նը չէ, որ վերցնի ու տա». Հովսեփյանը՝ Փաշինյանին

Երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման մասին հարցին։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ հարցի հետ կապված, իրենց տեսակետը «խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ ներկայացրել են գրավոր, այդ թվում՝ այն նպատակով, որպեսզի չլինեն ամենատարբեր մեկնաբանություններ։

«Այդ նախագծի շրջանակներում մենք սկսել ենք աշխատանքը և շարունակելու ենք, դրա մասին է խոսքը։

Կան այլևայլ մեկնաբանություններ, բայց ես կարծում եմ՝ պրոցեսը պետք է ճիշտ հասկանանք։ Այսինքն՝ ցանկացած նախագիծ իրականացման ընթացքում ունի նրբություններ, և դրանց շուրջ պետք է աշխատել։ Հենց «խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում մենք ֆիքսել ենք, որ պատրաստ ենք պարզեցումների, ընթացակարգերի պարզեցումների՝ 4 հիմնական սկզբունքների պահպանմամբ՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։

Կարդացեք նաև

Փոխադարձությունն ինչի՞ համար է, հիմա մենք այս փուլում առաջարկում ենք, որպեսզի երկաթուղային կապը բացենք, մասնավորապես՝ Հորադիզ-Երասխ գծի վրա, որտեղ և՛ Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով, և՛ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կիրականացվեն բեռնափոխադրումներ։ Մենք պատրաստ ենք հենց այսօր գնալ այդ լուծմանը։ Նաև կարևոր է արձանագրել, որ երբ ասում ենք՝ պատրաստ ենք այդ լուծումներին, մենք մեզ հարց ենք, չէ՞, տալիս, թե մեր հանրությունն ինչպե՞ս կվերաբերվի այդ լուծումներին, որոնք մենք կառաջարկենք։ Եթե մենք այս վստահությամբ ասում ենք, դա նշանակում է, որ, էլի եմ ասում՝ դիվանագիտական նրբությունների պատճառով ամեն ինչ չենք կարող բացել, բայց եթե ասում ենք՝ պատրաստ ենք հենց այսօր գնալ այդ լուծմանը, նշանակում է, որ ունենք որոշակի վստահություն, որ նաև մեր հանրությունը, Մեղրիի խոշորացված համայնքի, Սյունիքի բնակչությունը կտեսնի ու կասի՝ շատ լավ, նորմալ կոմպրոմիս է»,-  նշել է Փաշինյանը։

Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանի մոտ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հարցեր է առաջացրել՝ Սյունիքի, Մեղրիի բնակիչների կարծիքների վերաբերյալ, ուստի հետաքրքիր է իմանալ՝ Սյունիքից այդ ո՞վ է ուզում ճանապարհ տալ։

Նա վստահ է՝ որևէ սյունեցի համաձայն չէ, որպեսզի ադրբեջանական բեռներն անցնեն Սյունիքով ու հասնեն Նախիջևան և հակառակ ուղղությամբ։

«Այ ձեր ցավը տանեմ, այդպես ո՞նց է լինելու, ո՞նց է պատկերացնում՝ Ադրբեջանը մեր ճանապարհով, որն իրենք «միջանցք» են ասում՝ բեռներ տանի Նախիջևան ու բերի։

Նախ, թող ՀՀ իշխանությունն Ադրբեջանի հետ խոսի մեր սուվերեն տարածքներից՝ ես կարո՞ղ եմ գնալ, Նախիջևանով գալ Արցախ, հետո մտնեմ Ջերմուկ, հետո Ոսկեպարով, Արավուսի զավթած հողերի միջով հասնեմ Ներքին Հանդ ու Ադրբեջանի կողմից զավթած մյուս տարածքներ։

Կամ՝ մեկ անգամ Ադրբեջանի հետ սրանք խոսե՞լ են Բաքվում պահվող մեր գերիների, պատանդների մասին, բայց Ադրբեջանին ճանապարհ տալու մասին ամեն օր են խոսում։

Այդ ճանապարհները հո իմ կամ իր հորի՞նը չէ, որ վերցնի ու տա, թող մի հատ անկեղծ հայտարարի՝ ժողովուրդը համաձա՞յն է, որ տա։ Ինքը ոչ բարով այս երկրի ղեկավարն է, թող իր լիազորությունների մեջ կատարի ղեկավարի պարտականությունները, իր պարտականությունը երկրից մաս-մաս հող հանձնելը չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արգամ Հովսեփյանը։

Նա բացառում է, որ որևէ սյունեցի Նիկոլ Փաշինյանի հետ շփումների ժամանակ կարող է իր համաձայնությունը տալ, որպեսզի Ադրբեջանին ճանապարհ տա, քանի որ նորմալ սյունեցին լավ գիտի այդ ճանապարհ տալու հետագա վտանգավորությունն ու սպառնալիքները։

Մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում Արգամ Հովսեփյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարց տվեց իր կողքին գտնվող սյունեցի ազատամարտիկներին, հետո մեզ փոխանցեց ազատամարտիկների վրդովմունքը, նշելով՝ ճանապարհ տվողին այստեղ լավ բառերով չեն բնորոշում։

«Այն մարդը, սյունեցին, ով կասի՝ թող ադրբեջանցին գա Սյունիքով բեռնափոխադրումներ կատարի, հայ չէ։

Եթե Ադրբեջանին ճանապարհ են տալիս, կարո՞ղ են ապահովել նրանց անվտանգությունն էլ, մերն էլ հետը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից հնչող կրակոցներին, Արգամ Հովսեփյանը փոխանցեց, որ ամեն գիշեր կրակոցները կան՝ 22։20-ից սկսում են՝ մինչև լուսադեմ ժամը 06։00-06։30-ը։

«Ուզում են մեր բնակիչներին վախեցնել իրենց կրակոցներով, որպեսզի դուրս գան, բայց դուք եկեք, տեսեք՝ որևէ մեկը դուրս եկե՞լ է, բոլորն էլ իրենց գյուղում ապրում են»,- ընդգծեց Արգամ Հովսեփյանը։

Տեսանյութեր

Լրահոս