Հակառակորդի կողմից արձակված գնդակը այս անգամ վնասել է Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի դպրոցը

Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի ուղղությամբ երեկ կրկին կրակոցներ են հնչել: Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց նաև համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանը` հավելելով, որ կրակոցները հնչել են ժամը 17:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում:

Հակառակորդի կողմից արձակված գնդակից տուժել է գյուղի դպրոցը. «Դպրոցի ապակին է ջարդվել»,- ասաց նա՝ նշելով, որ արձակված գնդակներից մեկը դիպել է նաև տարածքում գտնվող «Պազ» մակնիշի մի մեքենայի:

Բարեբախտաբար, տուժածներ չկան: Համայնքապետի խոսքով՝ կրակոցները գյուղում միշտ էլ լսվում են, իսկ լրագրողներին նա հորդորեց՝ «լավ կլիներ, որ մի անգամ գայինք ու տեղում տեսնեինք, թե ինչ վիճակ է գյուղում, ոչ թե մենակ հեռախոսով ողջ ինտերնետը խառնեինք իրար»:

Սահմանից շուրջ 1,5 և մայրաքաղաքից 192 կմ հեռավորության վրա գտնվող գյուղի հիմնական զբաղմունքը բուսաբուծությունն է, գյուղատնտեսությունն ու անասնապահությունը: Գյուղը գազաֆիկացված է, իսկ խմելու և ոռոգման ջրով ապահովված է մասնակի:

Տեսանյութեր

Լրահոս