«Ովքեր են այդ եպիսկոպոսները, որոնք Վեհափառին ուզում են «հանգստի» ուղարկել. հավաքել են 150 հոգի, գնացել են Մայր Աթոռ, որ ի՞նչ անեն». Արգամ Հովսեփյան

Սյունիքի մարզում բնակիչների մեծ մասը մտահոգված է իշխանությունների հակաեկեղեցական քայլերով, նրանցից շատերը նույնիսկ ամաչում են իշխանությունների փոխարեն, որոնք նման քայլեր են իրականացնում Առաքելական եկեղեցու և Վեհափառ հայրապետի նկատմամբ։

Արավուսի նախկին ղեկավար, Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանն ասում է՝ իրեն մեկ հարց է հետաքրրքում, թե ովքեր են 10 եպիսկոպոսները կամ Նիկոլ Փաշինյանը, որոնք պետք է պահանջեն Վեհափառ հայրապետի հրաժարականը, քանի որ առաջինն իրենք պետք է հեռանան իրենց պաշտոններից։

«Ովքեր են այդ եպիսկոպոսները, որոնք Վեհափառին ուզում են «հանգստի» ուղարկել, հավաքել են 150 հոգի, գնացել են Մայր Աթոռ, որ ի՞նչ անեն։ Դուք նման բան որևէ երկրում, պետությունում տեսե՞լ եք, վստահ եմ՝ չեք տեսել։ Իսկ երկրի ղեկավարն առհասարակ իրավունք չունի միջամտելու մեր Մայր եկեղեցու ներքին գործերին։

Դեկտեմբերի 18-ին մեր սյունեցի շատ հոգևորականներ են եղել Մայր տաճարում, մեր Վեհափառի կողքին։

Կարդացեք նաև

Գիտեք, սա մեր ազգի համար խայտառակություն է, խայտառակ վիճակ է, ամոթալի է ուղղակի, ուրիշ պետությունները, որ այս վիճակը տեսնում են, ես անձամբ ամաչում եմ, ո՞վ էր նման բան տեսել»,- 168.amի հետ զրույցում նշեց Արգամ Հովսեփյանը։

Ըստ նրա, քայլերը, որոնք իրականացնում է ՀՀ իշխանությունը, որևէ կերպ հարիր չէ Քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրին։

Արգամ Հովսեփյանը բացառում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա շքախումբը Սյունիքում կազմակերպեն այնպիսի պատարագ, որտեղ Վեհափառի անունը կզեղչվի։ Ասում է՝ որևէ հոգևորական նման պատարագ չի մատուցի։

«Վստահ եմ, իրենց մշակած պատարագը Սյունիքում չի լինելու, պարզապես բոյկոտվելու է։ Ես հավատում եմ, որ մեր Առաքելական եկեղեցին միշտ էլ հաղթանակած է դուրս գալու ցանկացած իրավիճակից։ Բայց այս պահին իրավիճակի հանգուցալուծումը միայն իշխանափոխությունն է։ Եթե այս իշխանությունը փոխվի, բոլոր հարցերը կլուծվեն, ոչ միայն Առաքելական եկեղեցու, այլև Արցախի»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Սյունիքում տիրող իրավիճակին՝ կապված անվտանգության հետ, Արգամ Հովսեփյանն ասաց.

«Մեր փոքր Արավուս գյուղից 68 հեկտար ադրբեջանական վերահսկողության տակ է։ Եթե սա համարում եք անվտանգություն, խաղաղություն, ուրեմն՝ անվտանգ ենք։ Ինչ ուզում են, այն էլ տալիս են այստեղից, մարդուց երբ բան են ուզում, չի տալիս, այն ժամանակ է խփում, կռիվ անում։ Հիմա Ադրբեջանն ինչ ուզում է, սրանք տալիս են, ինչո՞ւ պետք է կռիվ անի»։

Տեսանյութեր

Լրահոս