Բահամյան կղզիները ճանաչել է Կոսովոյի անկախությունը
Բահամյան կղզիները՝ երկիր Կարիբյան ավազանում, ուրբաթ ճանաչել է Կոսովոյի անկախությունը, տեղեկացրել է Կոսովոյի առաջնորդ Վյոսա Օսմանին։
Facebook-ի իր հաղորդագրությունում Օսմանին հայտնել է, որ Կոսովոյի ճանաչման մասին համաձայնագիրը ձեռք է բերվել երկրի մայրաքաղաք Նասաուում։
«Եվս մեկ պատմական որոշում մեր երկրի համար»,- գրել է Օսմանին։
Բահամյան կղզիները դառնում են Կոսովոն ճանաչած 121-րդ երկիրը, որոշում, որը, ինչպես սպասվում է, կզայրացնի Սերբիային, որը մշտապես դեմ է եղել իր հարեւանի անկախությանը։
Ատլանտյան օվկիանոսում գտնվող կղզեպետության կողմից Կոսովոյի ճանաչման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը ստորագրվել է նախագահ Օսմանիի եւ Բահամյան կղզիների վարչապետ Ֆիլիպ Դեւիսի միջեւ։
Համատեղ հայտարարության մեջ Կոսովոն եւ Բահամյան կղզիները հայտարարել են Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին իրենց հավատարմության մասին, ներառյալ ինքնիշխանության հարգանքը, պետությունների հավասարությունը եւ վեճերի խաղաղ կարգավորումը։
Նրանք պայմանավորվել են զարգացնել հարաբերությունները՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, փոխադարձության եւ կառուցողական փոխգործակցության վրա։
«Բահամյան կղզիները եւ Կոսովոն արտահայտում են իրենց մտադրությունը՝ խորացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ քաղաքական խորհրդակցությունները, առեւտուրը եւ ներդրումները, զբոսաշրջությունը, կրթությունը եւ մշակույթը, տեխնոլոգիաները եւ նորարարությունները, համագործակցությունըպետական հատվածում եւ մարդկանց միջեւ փոխանակումները՝ յուրաքանչյուր երկրի օրենքներին եւ ընթացակարգերին համապատասխան»,- նշվել է հայտարարության մեջ։
Ավելի ուշ մամուլի ասուլիսում վարչապետ Դեւիսը հայտնել է, որ Կոսովոն կարող է Բահամյան կղզիներին վստահել որպես հուսալի եւ կայուն գործընկերոջ։
«Սա, անկասկած, պատմական պահ է մեր երկու երկրների եւ մեր ժողովուրդների համար»,- ասել է Դեւիսը։
«Կասկած չկա, որ սա հարաբերությունների սկիզբն է, որը մենք կձգտենք ամրապնդել: Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը, հատկապես այն աշխարհում, որտեղ կան աշխարհաքաղաքական մարտահրավերներ, որոնք ազդում են մեզ բոլորիս վրա»,- ավելացրել է նա։
Միեւնույն ժամանակ, Կոսովոյի հեռացող վարչապետ Ալբին Կուրտին 2025 թվականը անվանել է «երկարատեւ ընդմիջումից հետո նոր ճանաչման տարի»՝ «հատուկ» երախտագիտություն հայտնելով նախագահ Օսմանիին։
