«Նվիրիր կյանք» հիմնադրամը 2012թ. օգնել է 132 հայ մանուկների (տեսանյութ, լուսանկարներ)

Այսօր տեղի ունեցավ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի ձոներգի տեսահոլովակի շնորհանդեսը:

Տեսահոլովակը պատրաստել և հիմնադրամին է նվիրել «Շարմ» ընկերությունը: Երաժշտության հեղինակը ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է, բառերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, ռեժիսորը՝ Դավիթ Բաբայանը, գործիքավորման հեղինակն էլ Արա Թորոսյանն է: Տեսահոլովակում նկարահանվել են հայտնի հայ երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ, դերասաններ, մտավորականներ, դիրիժորներ և այլք:

Տեսահոլովակը դիտելուց հետո ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը դիմելով միջոցառման ներկաներին՝ ասաց. «Ֆիլմը, որը մենք նոր դիտեցինք, մի երեխայի պատմություն է, գուցե տխուր, բայց երջանիկ ավարտով: Կարծում եմ՝ ոչ մեկիս այն անտարբեր չթողեց, որովհետև անձամբ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես ավելի բարի դարձա ու ևս մեկ անգամ եմ ուզում այն նայել: Տա՛ Աստված, որ բոլոր պատմություններն ունենան նման բարի, երջանիկ ավարտ:

Այսօր հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ու մենք որոշեցինք այստեղ հրավիրել և՛ մեր երեխաներին, և՛ նրանց բարեգործ պաշտպաններին, որպեսզի ասենք մի պարզ, բայց բազմախորհուրդ, իմ սիրած խոսքը՝ «շնորհակալություն»:

Կարդացեք նաև

Շնորհակալություն, որ Դուք կաք, որովհետև Ձեր շնորհիվ են այս երեխաները ժամանակին ստանում օգնություն, իսկ դա շատ կարևոր է իրենց կյանքի համար: Ես համարձակորեն ուզում եմ ասել, որ մենք Ձեզ հետ հրաշք ենք ստեղծում, և այդ հրաշքի շնորհիվ այս երեխաներն այսօր մեզ հետ են, շնորհակալություն: Շնորհակալություն բոլոր բժիշկներին, բոլոր մարդկանց, ովքեր օր ու գիշեր, աշխատանքային թե տոնական օրերին, ոչ մի ջանք չեն խնայում այս երեխաների համար:

Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր նկարահանվել են այս տեսահոլովակում՝ դերասաններ, երաժիշտներ, երգիչներ, շնորհակալություն մեր նկարիչների մեծ բանակին, շնորհակալություն Երևանի դպրոցականներին՝ իրենց համեստ, բայց մեզ համար շատ թանկ նվիրատվությունների համար:

Շնորհակալություն լրատվամիջոցներին, Ձեր օգնությունը, թվում է, թե աննկատ է, բայց չէ՞ որ Ձեր լուսաբանումից է կախված, թե որքան նոր ընկերներ մենք ձեռք կբերենք: Շնորհակալություն «Շարմ» ընկերությանը՝ այս բարի նվերի համար: Ես ուզում եմ առողջություն մաղթել աշխարհի բոլոր բալիկներին: Կարևոր չէ՝ գերազանցի՞կ է Ձեր երեխան, թե՞ չարաճճի, խոսում է երեք օտար լեզուներո՞վ, թե՞ տառասխալներով է գրում, կարևորն այն է, որ նա միշտ լինի ողջ-առողջ և երջանիկ ժպտա»:

Երգի բառերի հեղինակ Ավետ Բարսեղյանն ասաց, որ երգն ինքը լսել է, երբ գտնվել է ՀՀ նախագահի տանը. «Տիկին Ռիտան շատ գեղեցիկ կերպով նվագեց այս գեղեցիկ երգը: Եթե երգն ինձ դուր չգար, ապա ես բառերը չէի գրի: Երգն այնքան արևային էր և այնքան գեղեցիկ, որ ես համաձայնեցի գրել, ու արդյունքը եղավ այն, ինչ մենք այսօր տեսանք»:

Միջոցառման ներկաների թվում էր նաև հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը: 168.am-ի հարցին, թե այսօր մեր երեխաներն ամենաշատն ինչի՞ պակաս ունեն, հաղորդավարուհին պատասխանեց.

«Շատ բարդ հարց եք տալիս: Հայերը շատ երեխայասեր ժողովուրդ են, և դա միայն ուրախության առիթ է, բայց մենք սիրում ենք երեխաներին ավելի կենցաղային մակարդակի վրա, ենթադրենք՝ որ նրանք անպայման կուշտ լինեն, հագնված լինեն, և այլն:

Ես շատ կուզենայի, որ մեզ մոտ շատ լինեին մանկական կենտրոնները, մանկական ժամանցի և զարգացման կենտրոնները: Վայրեր, որտեղ երեխաները պլաստիլինից սկսած՝ մինչև գիրք կունենան, հեքիաթներ կկարդան, կպատմեն միմյանց: Դա կզարգացնի նրանց մեջ այն ներքին ազատությունը, որի կարիքը, իմ կարծիքով, մենք այսօր ունենք:

Երեխաներին պակասում է այդ ներքին ազատությունը, որը նրանց պետք է տրվի իրենց ընտանիքների կողմից: Միակ բանը, որը կարող եմ երեխաներին մաղթել՝ մեր երկրի սոցիալական և տնտեսական աճն է, որն անմիջականորեն կօգնի, որպեսզի մենք ապահովենք երեխաներին մի քիչ ավելի բարեկեցիկ կյանք: Այսօր, ցավալիորեն, շատ ընտանիքներ կան, որոնք վատ վիճակում են, և ես, իմ ընկերները փորձում ենք ամեն կերպ օգնության հասնել: Բայց որպես անհատ՝ չես կարող լուծել այն հարցը, որը համակարգի սխալն է: Ես շատ կուզենամ, որ մենք կարողանանք ստեղծել այնպիսի կազմակերպություններ, գուցե աճող, հզորացող երկիր, որը կկարողանա օգնել և մեր երեխաներին զարգացնել, որովհետև առանց նրանց մենք զրո ենք դառնալու»:

Նշենք, որ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը գործում է 2009 թվականից: Միայն 2012թ. կտրվածքով հիմնադրամն օգնել է 132 հայ մանուկների և նրանց համար տրամադրվել է 278.763.152 դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում և լուսանկարներում:

Լուսանկարները՝ Սերժ Դավիդովի

Տեսանյութեր

Լրահոս