Պուտինը հայտարարել է, որ ռուսաստանցիները կամավոր 70 միլիարդ են փոխանցել պատերազմի համար
Ռուսաստանցիները կամավոր կերպով գրեթե 70 միլիարդ ռուբլի են փոխանցել Ուկրաինայի դեմ պատերազմին աջակցելու համար՝ Համառուսաստանյան ժողովրդական ճակատի միջոցով, հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Ամեն ինչ հանուն հաղթանակի» ֆորումում: Նա հավելել է, որ Համառուսաստանյան ժողովրդական ճակատը վայելում է քաղաքացիների վստահությունը և կարողացել է իր շուրջը համախմբել ավելի քան 20 միլիոն մարդու։ «Դուք ձեր շուրջն եք համախմբել ավելի քան 20 միլիոն մարդու՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, և քաղաքացիները կամավոր կերպով, վստահելով ձեզ, հատուկ ռազմական գործողության նպատակների համար ուղղել են գրեթե 70 միլիարդ ռուբլի»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը շարունակում է ամրապնդել ֆինանսական համակարգը, կատարելագործել Զինված ուժերը և նոր արդյունքների հասնել ռազմաարդյունաբերական համալիրում։ Բացի դրանից, նա կրկին հայտնել է, որ ռուսական բանակը «շարունակում է առաջ շարժվել» մարտական շփման գծում։ «Դա հաջողվում է, այդ թվում՝ ձեր ջանքերի շնորհիվ»,- ասել է Պուտինը՝ դիմելով ֆորումի մասնակիցներին։
Պուտինի հայտարարությունը հնչել է պատերազմի համար պետական ծախսերի շարունակական աճի ֆոնին։ Գերմանական Միջազգային անվտանգության հիմնախնդիրների ինստիտուտի գիտաշխատող Յանիս Կլյուգեի հաշվարկներով՝ 2026 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի ռազմական ծախսերը հասել են ռեկորդային 5,908 տրիլիոն ռուբլու, ինչը գրեթե 30%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ռազմական կարիքներին է բաժին ընկել դաշնային բյուջեի բոլոր ծախսերի 46%-ը՝ փաստացիորեն պետության կողմից ծախսված ամեն երկրորդ ռուբլին։
Միաժամանակ, ինչպես ավելի վաղ հայտնել էր Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, ռուսական կառավարությունը պատրաստվում է էլ ավելի մեծացնել ռազմական ծախսերը։ Գործակալության տվյալներով՝ բյուջեում «Ազգային պաշտպանություն» հոդվածով նախատեսված 12,9 տրիլիոն ռուբլու փոխարեն իրական ծախսերը հնարավոր է աճեն և հասնեն մինչև գրեթե 18 տրիլիոն ռուբլու։ Դրանց ֆինանսավորման համար իշխանությունները, ինչպես պնդում են Bloomberg-ի աղբյուրները, դիտարկում են քաղաքացիական ծախսերի կրճատումը, պահուստների օգտագործումը և պետական պարտքի լրացուցիչ ավելացումը։

