Ինչո՞ւ ՍԴ-ն հետաձգեց դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը, ինչի՞ն են սպասում, ի՞նչ խնդիր պետք է լուծեն
Սահմանադրական դատարանն այս տարվա օգոստոսի 17-ին վարույթ ընդունեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումը ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մի շարք հոդվածներ (146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը (լրացված՝ 25.03.2020 թվականին ընդունված Օրենք 1-ի 48-րդ հոդվածի 1-ին մասով) ինչպես ինքնին, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ինչպես նաև «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը և 144-րդ 2 հոդվածի 1.1-րդ մասը (Լրացված՝ Օրենք 2-ի 1-ին հոդվածով) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ) Սահմանադրության 5-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Հոկտեմբերի 24-ին, սակայն, Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Արման Դիլանյանն աշխատակարգային որոշում ստորագրեց, որով հետաձգեց գործի քննությունը մինչև 2023թ. դեկտեմբերի 5-ը՝ ժամը 11:00-ն՝ այն պատճառաբանությամբ, որ լրացուցիչ նյութերի ուսումնասիրության անհրաժեշտություն կա:
Թվում է, թե խնդիրն առավելագույնս պարզ է. դրա մասին Ազգային ժողովի (ԱԺ) իրավաբանական ծառայությունն էլ է բացասական եզրակացություն տվել, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից էլ է դիրքորոշում արտահայտվել և անտեսվել ժողովրդավարություն բեմադրող քաղաքական ուժի կողմից: Ուրեմն ինչո՞ւ է ՍԴ-ն հետաձգում գործի քննությունը: Իրականում ՍԴ-ն անելանելի իրավիճակում է հայտնվել, ու հիմա պարզապես ժամանակ է ձգում՝ «երկնքից 3 խնձոր ընկավ» տրամաբանության մեջ հրաշքի սպասումով:
Ի դեպ, Սուրեն Անտոնյանի դիմումով զեկուցողը ՍԴ անդամ Արթուր Վաղարշյանն է:
Վճռաբեկի քաղաքացիական պալատում թափուր հաստիքներ էին հարկավոր
Այո, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում թափուր հաստիքներ էին հարկավոր, ու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը ձեռնամուխ եղավ այդպիսիք ապահովելու գործին, և նախ այս տարվա հունվարի 23-ին դադարեցվեցին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները:
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն բավարարեց Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։ Սուրեն Անտոնյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ էր հարուցել՝ 2015թ. կայացված «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի հիման վրա։
Հուլիսի 3-ին դադարեցվեցին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի ևս 2 դատավորների՝ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները՝ հնարավոր և անհնարին բոլոր ընթացակարգերի ու իրավակարգավորումների, բարոյական գրված ու չգրված օրենքների կոպտագույն խախտմամբ:
Ի դեպ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում օրերս իր պաշտոնավարումը սկսեց ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը, ում կողմ քվեարկությամբ, ի դեպ, նույն այդ պալատում թափուր հաստիքներ էին առաջացել: Բայց սա՝ իմիջիայլոց:
Իր նկատմամբ կայացված որոշումից հետո Սուրեն Անտոնյանը դիմեց ՍԴ՝ վիճարկելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, ինչպես վերը նշվեց, մի քանի հոդվածներ:
Վիճարկվող իրավանորմերը՝ կյանքի և մահու խնդիր Կարեն Անդրեասյան-Գրիգոր Մինասյան զույգի համար
Խնդիրն այն է, որ դրանք այն իրավանորմերն են, որոնց հիման վրա ՄԻԵԴ-ի վճիռներն օգտագործելով՝ Գրիգոր Մինասյան-Կարեն Անդրեասյան տանդեմը, հետադարձ ուժ տալով օրենքին, հարուցելով կարգապահական վարույթներ, որոշ դեպքերում դադարեցնում է դատավորների լիազորությունները, իսկ երբեմն էլ ապահովում պաշտոնեական առաջխաղացում, իսկ մեծամասամբ նույնիսկ կարգապահական վարույթ էլ չի հարուցում, սակայն դրա սպառնալիքի մասին մշտապես հիշեցնելով, հատկապես՝ քրեական արդարադատություն իրականացնող դատավորների մասով:
Այս իմաստով համեմատաբար բարվոք վիճակում է միայն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը, իսկ քրեական պալատն ամբողջ կազմով մարտիմեկյան գործերով ՄԻԵԴ-ի վճիռների հերոսներից են, չհաշված Վճռաբեկ դատարանի նախագահի դատախազական անցյալն ու մարտիմեկյան գործերով ունեցած դերակատարումը:
Քաղաքացիական պալատի նախագահ Գոռ Հակոբյանն ու դատավոր Արսեն Մկրտչյանն էլ հիշատակվել են ԲԴԽ-ում դատավորների շահերը ներկայացնող իրավաբան Սիրանուշ Սահակյանի կողմից ՄԻԵԴ-ում շահած վճիռներում, և արդարադատության նախարարն ու նախարարությունում այս ոլորտի պատասխանատուները պետք է կամ վարույթներ հարուցեն, կամ պատրաստ լինեն պաշտոնեական հանցագործությունների առնչությամբ որպես մեղադրյալ՝ կարգավիճակ ստանալուն, քանի որ օրենքի հետադարձ ուժի սահմանադրական արգելքը չի կարող կիրառվել միայն յուրային և հարյուր տոկոս կանխատեսելի դատավորների համար:
ՍԴ-ի գլխացավանքը
Այժմ Սահմանադրական դատարանը պետք է այնպես լուծի այս «դիլեման», որ օրենքի հետադարձ ուժի Սահմանադրական արգելքը չտարածվի արդեն իսկ ԲԴԽ-ի որոշումներով լիազորությունները դադարեցված դատավորների վրա, և միաժամանակ պահեն այն լծակը, որը թույլ է տալիս Կարեն Անդրեասյանին յուր ընկերոջ օգնությամբ, սինխրոն գործողություններով հնազանդեցնել դատական համակարգը:
Ահա այս գլուխկոտրուկի լուծման համար էլ Սահմանադրական դատարանի դատավորները դիմումի քննությունը հետաձգել են մինչև այս տարվա դեկտեմբերի 5-ը՝ իբր թե լրացուցիչ նյութեր ուսումնասիրելու համար: Մինչդեռ դիմումի վարույթ ընդունելու որոշումից ակնհայտ է նույնիսկ ոչ իրավաբանի համար, որ դիմումում բարձրացված հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է ընդամենը մասնագիտական պարկեշտություն և սովորական բարեխղճություն:
«Սահմանադրական դատարանի զավթումը» Նիկոլ Փաշինյանի ու նրա խորհրդարանական ֆրակցիայի իրականացրած օպերացիայից հետո՝ նման գործելակերպը ՍԴ-ի համար նորություն չէ: Օրերս 168.am-ն անդրադարձել էր ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանի կողմից կայացված կամայական որոշման պատմությանը: Հարցը, հիշեցնենք, վերաբերում էր գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից նաև ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքում ազատվելու՝ օրենսդրական խայտառակ փոփոխությանը:
Եվ վերջում
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կողմից լիազորություններն այս տարվա հունվարին դադարեցված Սուրեն Անտոնյանի գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) մտել է կոմունիկացիայի փուլ: ՍԴ-ում ու ԲԴԽ-ում, ինչպես նաև Կառավարությունում, պետք է որ լավ իմանան, թե դա ինչ է նշանակում: