Կարեն Անդրեասյանը վարքագծի կանոն է խախտել. դիմել եմ ԲԴԽ՝ նրա նկատմամբ վարույթ հարուցելու պահանջով. Տիգրան Պետրոսյան

«Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումը ստանալուց հետո համոզվեցինք, որ դատական ակտը չէր կարող լինել օրինական: Դատական ակտը չի համապատասխանում «Դատական օրենսգրքով» ներկայացվող պահանջներից և ոչ մեկին: Որպես որոշման համար էական նշանակություն ունեցող հանգամանք՝ նշված էր միայն Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը, որը միայն կարգապահական վարույթի հարուցման առիթ է, մինչդեռ պետք է նշված լիներ, թե կարգապահական վարույթի քննության ընթացքում ինչ էական հանգամանքներ են պարզվել, որոնց հիման վրա եկել են այն եզրահանգման, որ դատավորի գործողություններում առկա է այնպիսի էական խախտում, որի հիման վրա պետք էր նրանց լիազորությունները դադարեցնել»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Տիգրան Պետրոսյանը, ում լիազորությունները, ի թիվս այլ դատավորների, դադարեցվել էին այս տարվա հուլիսի 3-ին:

Նրա խոսքով՝ ԲԴԽ որոշումը չունի ոչ մի հիմնավորում, պատճառաբանված դատական ակտ չէ:

Ըստ նախկին դատավորի՝ Վճռաբեկ բողոքը վերադարձնելու որոշում կայացվել է 10 հոգանոց կազմով, սակայն միայն իր ու Արտակ Բարսեղյանի նկատմամբ է կայացվել կարգապահական վարույթ հարուցելու որոշում, որովհետև, ըստ Արդարադատության նախարարի, միայն իրենք են տվյալ պահին պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավորներ:

Կարդացեք նաև

Տիգրան Պետրոսյանն ասաց նաև, որ ինքն ու Արտակ Բարսեղյանը միջնորդել են զեկուցող դատավորին հրավիրել նիստին, որ վերջինս ասի՝ ինչպես է տեղի ունեցել մեր կողմից իրենց վերագրած խախտումը, բայց այդ միջնորդությունը ԲԴԽ-ի կողմից ևս մերժվել է: Ընդհանուր առմամբ մերժվել են միայն իր կողմից ներկայացված 5-6 միջնորդությունները:

«Մենք գործ ունենք մի երևույթի հետ, որ ԲԴԽ-ն մեզ խաբել է: Ամեն մեր միջնորդությունից հետո գնում էին խորհրդակցական սենյակ, վերադառնում, հրապարակում որոշումն ու բառացիորեն հայտարարում՝ պատճառաբանությունը  կկարդաք դատական ակտում: Բայց ակտում այդ մասին որևէ տառ չկա»,- ասաց նախկին դատավորը:

Տիգրան Պետրոսյանն ասաց նաև՝ ինքը՝ որպես ոչ թե դատավոր, այլ ՀՀ քաղաքացի, դիմել է ԲԴԽ անդամներին, որպեսզի նրանք կարգապահական վարույթ հարուցեն Կարեն Անդրեասյանի նկատմամբ և օրենքով իրեն պատասխանեն:

«Բարձրացրել եմ այն հարցը, որ դատավորը կոնկրետ «Դատական օրենսգրքով» սահմանված վարքագծի կանոն է խախտել»,- ասաց նախկին դատավորը:

Հարցին՝ ո՞ւմ համար են երկու տեղ ազատել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում, որովհետև վարույթի ընթացքը ցույց էր տալիս, որ ամեն գնով պետք էր ազատվել իրենից ու Արտակ Բարսեղյանից, Տիգրան Պետրոսյանն ասաց՝ պարզ էր մի բան, որ իրենց վերջին տարիների գործունեությունը լավ ուսումնասիրել են ու համոզվել, որ իրենց հնարավոր չէ ճնշել:

«Չգիտեմ, թե ում կբերեն, բայց որ մեզնից ազատվել են, որ մեր փոխարեն ավելի հնազանդ դատավորներ բերեն, ակնհայտ է»,- ասաց Տիգրան Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս