Շատ մի՛ ուրախացեք. քննարկվում է Աննա Հակոբյանի ընկերուհու՝ ԲԴԽ վերադարձի հարցը

Այս տարվա մայիսի 2-ին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր և վերջապես Աննա Հակոբյանի ընկերուհի Նաիրա Հովսեփյանն ազատվեց ԲԴԽ անդամի պաշտոնից։

Այս մասին հայտնել էին Դատական իշխանությունից՝ տեղեկացնելով նաև, որ Նաիրա Հովսեփյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես Վճռաբեկ դատարանի դատավոր։

Նաիրա Հովսեփյանը շարունակեց պաշտոնավարել՝ որպես Վճռաբեկ դատարանի դատավոր, բայց իրեն այնքան «լավ» է դրսևորել Վճռաբեկի քաղաքացիական պալատում, որ հիմա էլ Վճռաբեկի դատավորներն են «վայելում» նրա հետ աշխատանքի պտուղները:

Ինքը՝ Նաիրա Հովսեփյանը, կարծես թե նույնպես գոհ չէ իր ներկայիս աշխատանքից. պիտի աշխատի, իսկ հաշվի առնելով, թե որքան է «սիրում» վերջինս աշխատել և ի՜նչ «արագությամբ» է հրապարակում դատական ակտերը, այդ աշխատանքը թերևս նրան արդեն ուրախություն չի պատճառում:

Կարդացեք նաև

Եվ ահա, որպեսզի Նաիրա Հովսեփյանը կրկին իրեն լավ զգա, և միևնույն ժամանակ՝ հանգիստ շունչ քաշեն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորները, 168.am-ի տեղեկություններով՝ իշխանությունը հիմա նորից քննարկում է Նաիրա Հովսեփյանին կրկին ԲԴԽ անդամ դարձնելու հարցը, բայց այս անգամ՝ ոչ թե որպես դատավոր, այլ՝ գիտնական անդամի կարգավիճակով:

Հետևաբար՝ ընդամենը տեխնիկայի հարց է Վճռաբեկ դատարանի դատավորի լիազորությունները վայր դնելու ու որպես կարկառուն գիտնական հանդես գալու խնդիրը, որից հետո Նաիրա Հովսեփյանին ՔՊ-ն արագորեն կառաջադրի որպես ԲԴԽ գիտնական անդամի 3 թափուր տեղերից մեկի թեկնածու ու նույնքան արագորեն կրկին ԲԴԽ անդամ կընտրի Աննա Հակոբյանի ընկերուհուն:

 

Տեսանյութեր

Լրահոս