«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբանների նկատմամբ բռնությունների սարսափելի միջադեպերը հովանավորող ոստիկանության պետը թշնամություն է անում փաստաբանության ինստիտուտի նկատմամբ, նախատեսվում է քայլերթ՝ դեպի Ներքին գործերի նախարարություն՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով, որտեղ նաև հանձնվելու է «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը»,- գրված էր Փաստաբանների պալատի տարածած հայտարարության մեջ:
«Փաստաբանին ձեռնաշղթա են հագցրել, արցունքաբեր գազ են փչել: Առհասարակ Պալատին տեղյակ չեն պահել, որ փաստաբանի են ձերբակալել: Խուզարկել են փաստաբանին: Բոլոր իրավական երաշխիքներն անտեսվել են»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահը:
«Ոստիկանության Էրեբունու բաժնում եղել եմ դեպքից կարճ ժամանակ անց: Տեսա շատ լարված իրավիճակ: Ոստիկանները ևս շատ լարված էին, և տեսա հոգեկան խիստ հուզմունքի մեջ գտնվող երկու փաստաբաններ: Նրանք, կարելի է ասել, շոկի մեջ էին. չէին սպասում, որ նմանատիպ իրավիճակ կարող է լինել: Բնականաբար, ծեծի հանգամանքը հերքել անհնար էր»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Փաստաբանների պալատի (ՓՊ) նախագահ Սիմոն Բաբայանը՝ անդրադառնալով փետրվարի 10-ին Ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց աշխատանքային պարտականությունների ժամանակ բռնության ենթարկված փաստաբանների դեպքին: