Ի՞նչ է նշանակում ծեծել, ծխախոտով այրել վստահորդի դեմքը, փաստաբանին ձեռնաշղթա հագցնել, Պալատին տեղյակ չպահել. Սիմոն Բաբայան

«Դեպքի մասին իմացել ենք հունիսի 11-ին: Կարեն Ալավերդյանը շատ բարեկիրթ անձնավորություն է, նախկինում զբաղեցրել է Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնը: Վերջինս, ապավինելով իրավական ընթացակարգերի պատշաճ իրականացմանը, երևի կարծել է՝ պատշաճ գնահատական կտրվի կատարվածին, բայց իր հույսերը չեն արդարացել, և դիմել է Պալատին: Իհարկե, ավելի արդյունավետ կլիներ, որ անմիջապես դիմեին, սակայն դա չի նշանակում, որ պատշաճ արձագանք չի լինի»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ անդրադառնալով օրեր առաջ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում փաստաբան Կարեն Անդրեասյանի նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ առհասարակ՝ վերջին 4 ամիսների ընթացքում ոստիկանության բաժիններում փաստաբաններին ծեծելու արդեն երկրորդ դեպքին:

Նրա խոսքով՝ այս դեպքն առավել մտահոգիչ է դառնում այն համատեքստում, երբ փաստորեն տեսնում ենք իրադարձությունների շարունակականություն:

«Փաստաբանին ձեռնաշղթա են հագցրել, արցունքաբեր գազ են փչել: Առհասարակ Պալատին տեղյակ չեն պահել, որ փաստաբանի են ձերբակալել: Խուզարկել են փաստաբանին: Բոլոր իրավական երաշխիքներն անտեսվել են»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ վերջին տասնամյակում նմանատիպ դեպքեր չեն եղել, իսկ վերջին 4 ամսում սա արդեն 2-րդ դեպքն է:

«Ինձ տեղեկություններ են հասնում, որ սա նույն Կենտրոնի բաժնում նմանատիպ միակ դեպքը չէ, և կան նախաձեռնված քրեական վարույթներ»,- ասաց Սիմոն Բաբայանը:

Նրա խոսքով՝ քննության առարկա պիտի դառնան ոչ միայն ոստիկանների, այլև քննիչի և դատախազի գործողությունները:

«Թող չթվա, որ հենց փաստաբանի հետ է դեպք պատահում, միայն այդ ժամանակ ենք մեր ձայնը բարձրացնում: Ոչ պակաս մտահոգիչ են նաև պաշտպանյալի նկատմամբ իրականացված գործողությունները: Ի՞նչ է նշանակում ծեծի ենթարկել, ծխախոտով այրել վստահորդի դեմքը: Սա լուրջ հարց է»,- ասաց Սիմոն Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս