Փաստաբանները հանդիպեցին ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի հետ. արդյունքը դրական են գնահատում
Այսօր մեկնարկեց փաստաբանների եռօրյա բողոքի ակցիան: Ակցիաների մեկնարկը տրվեց Փաստաբանների պալատից դեպի ՆԳՆ բողոքի քայլերթով:
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբանների նկատմամբ բռնությունների սարսափելի միջադեպերը հովանավորող ոստիկանության պետը թշնամություն է անում փաստաբանության ինստիտուտի նկատմամբ, նախատեսվում է քայլերթ՝ դեպի Ներքին գործերի նախարարություն՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով, որտեղ նաև հանձնվելու է «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը»,- գրված էր Փաստաբանների պալատի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախորդիվ փաստաբանները նաև մեկօրյա գործադուլ էին հայտարարել՝ ի պատասխան փաստաբանների նկատմամբ ոստիկանության բաժիններում ոստիկանների կողմից գործադրված բռնության՝ պետական մարմինների կողմից ոչ ադեկվատ արձագանքի:
Մասնավորապես, վերջին դեպքի առիթով, երբ Ոստիկանության Կենտրոնի բաժնում ծեծել էին փաստաբան Կարեն Ալավերդյանին, փաստաբանները, ի թիվս այլ պահանջների, դրել էին նաև Կենտրոնականի բաժնի պետի հրաժարականի հարցը. Այդ պահանջը մինչ օրս չի կատարվել:
Ակցիայի մեկնարկին փաստաբան Գոռ Գևորգյանն ասաց՝ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն իր վարքագծով ցույց տվեց, որ խրախուսում է փաստաբանի նկատմամբ բռնությունը:
«Ոստիկանությունը պետք է հրաժարվի բիզնես մտածելակերպից, այն է՝ ամեն գնով ցուցանիշ ապահովել, հանցագործությունների բացահայտման ցուցանիշներ տալ: Եվ շատ հաճախ դա ուղեկցվում է բռնության միջոցով ցուցմունք կորզելու պրակտիկայով: Իսկ փաստաբանները խոչընդոտում են դրան: Փաստացի իրավաբանների գործադուլը պարալիզացնում է իրավական ողջ համակարգը: Առանց փաստաբանի ներկայության տրված ցուցմունքը հետագայում չի կարող դրվել մեղադրանքի հիմքում»,- ասաց Գոռ Գևորգյանը:
Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն էլ ասաց՝ իրենց խնդիրը ոչ թե ոստիկանության հետ է, այլ այդ համակարգում տեղ գտած հակաիրավական վարքագիծ դրսևորող ոստիկանների հետ:
«Ցավոք, հիմա արդեն փաստաբաններն են բռնության ենթարկվում: Բայց հիմա մեր համայնքի միասնության ու լրագրողների աջակցության շնորհիվ յուրաքանչյուր ոստիկանի գլխում նստեց, որ ոչ միայն փաստաբանին, այլ որևէ անձի մատով չի կարելի դիպչել: 502 փաստաբան միացել է ոստիկանության պետի վերաբերյալ պահանջին: Մենք գնացինք այդ քայլին, որ պետական ինստիտուտներն իմանան՝ որևէ մեկին փաստաբանների թշնամի ճանաչելը հղի է մեծ վտանգով: Դա խարան է, որ մնալու է ընդմիշտ: Հանդիպումը դրական եմ գնահատում»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Կենտրոնականի բաժնում բռնության ենթարկված փաստաբան Կարեն Ալավերդյանի խոսքով՝ ԱԱԾ-ի կողմից վարույթ հարուցելը կարող ենք դիտարկել որպես այս գործում դրական տեղաշարժ:
Հիշեցնենք՝ երեկ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում իրականացվող թիվ 15160723 քրեական վարույթով կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել խոստովանություն ստանալու և արարքի համար պատժելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից խմբի կազմում Երևան քաղաքի բնակիչ Գ. Բ.-ին խոշտանգելու առերևույթ հանցանքի դեպքի առթիվ:
Քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ս. Հ.-ի և նրա տեղակալ Գ. Խ.-ի նկատմամբ խմբի կազմում խոշտանգում կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է պաշտոնավարման կասեցումը:
«ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ս. Հ.-ն և նրա տեղակալ Գ. Խ.-ն նույն այն անձինք են, ովքեր բռնություն են կատարել նաև իմ նկատմամբ»,- ասաց Կարեն Ալավերդյանը:
Ոստիկանության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն ասաց՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հեռացման գործիքակազմը նման իրավիճակում լրիվ տրամաբանական է:
Այնուհետև տեղեկություն ստացվեց, որ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը Սիմոն Բաբայանին և ևս երկու փաստաբանի հրավիրել է քննարկման: Փաստաբաններն ընդունեցին Վահե Ղազարյանի առաջարկը:
Հանդիպման ավարտից հետո Արա Զոհրաբյանն ասաց՝ հանդիպել են ՆԳ նախարարի հետ, հանդիպմանը մասնակցել է նաև ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը:
«Ոստիկանության հետ հուշագիր կստորագրվի: Մեզ հավաստիացնում էին, որ պատշաճ գնահատականի կարժանանա տեղի ունեցածը: Իրենք վստահեցնում էին, որ իրենց սկզբում ճիշտ չեն զեկուցել, դրա համար իրենք պատշաճ կերպով չեն արձագանքել: Հանդիպման արդյունքը դրական եմ գնահատում»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: