Փաստաբանները երբեք չեն լինի խոցելի. փաստաբանների ձայնը դեռ կլսեք. սա սպառնալիք չէ. Սիմոն Բաբայան
«Ոստիկանության Էրեբունու բաժնում եղել եմ դեպքից կարճ ժամանակ անց: Տեսա շատ լարված իրավիճակ: Ոստիկանները ևս շատ լարված էին, և տեսա հոգեկան խիստ հուզմունքի մեջ գտնվող երկու փաստաբաններ: Նրանք, կարելի է ասել, շոկի մեջ էին. չէին սպասում, որ նմանատիպ իրավիճակ կարող է լինել: Բնականաբար, ծեծի հանգամանքը հերքել անհնար էր»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Փաստաբանների պալատի (ՓՊ) նախագահ Սիմոն Բաբայանը՝ անդրադառնալով փետրվարի 10-ին Ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց աշխատանքային պարտականությունների ժամանակ բռնության ենթարկված փաստաբանների դեպքին:
Հարցին՝ ինչպես են տեղում իրավիճակը բացատրել ոստիկանները, ՓՊ նախագահը պատասխանեց՝ պատճառաբանությունն այն էր, որ փաստաբան Մարզպետ Ավագյանի վարքագիծը եղել է ոչ պատշաճ, դրա արդյունքում կոնֆլիկտ է բռնկվել, և ստեղծվել է այդ իրավիճակը:
«Այստեղ առանցքային հարց կա: Առիթը, որի շրջանակներում մեր գործընկերները գտնվել են Ոստիկանության Էրեբունու բաժնում, անչափահասների նկատմամբ բռնության գործադրումն էր. որոնց տրամադրվել է իրավաբանական օգնություն: Ամենևին էլ այս պահին չընդունելով այն դիրքորոշումները Մարզպետ Ավագյանի գործունեության հետ կապված՝ պետք է հասկանալ՝ եթե մենք ունենում ենք ոչ իրավաչափ վարքագիծ, որը դրսևորել է փաստաբանը, դրան հակազդելու համապատասխան գործիքակազմ առկա է ինչպես քրեադատավարական կանոնների, այնպես էլ փաստաբանական էթիկայի շրջանակներում: Այդ գործիքակազմի մեջ ամենևին ծեծը չի մտնում»,- ասաց Սիմոն Բաբայանը:
Վերջինս նշեց՝ փաստաբանների մասնակցությամբ քրեադատավարական գործողությունների ժամանակ հաճախ իրավիճակը լարված է լինում, ի՞նչ է, բռնությո՞ւն պետք է գործադրվի նրանց նկատմամբ:
«Ինձ համար տարակուսելի է ոստիկանության տարածած հաղորդագրությունը. Տպավորություն է, որ ուզում են քողարկել ոստիկանների իրականացրած գործողությունը: Այո, տարածքային առումով որևէ տարանջատում չկա քննչական բաժնի քննիչների սենյակների և ընդհանուր ոստիկանության բաժնի միջև, և ինձ համար էլ է անհասկանալի՝ ինչու են ոստիկանության օպերբաժնի աշխատողները գտնվել այդ տարածքում: Այդտեղ կարող էր գտնվել միայն առերեսվող ոստիկանը, և նրա մնացած գործընկերներն այդտեղ անելիք չունեին: Հատկանշական է, որ հենց քննիչներն են կանխարգելել, որ ծեծը չշարունակվի»,- ասաց Պալատի նախագահը:
Նրա խոսքով՝ եթե ասում են, որ Մարզպետ Ավագյանը հակաիրավական վարքագիծ է դրսևորել, բա մյուս փաստաբան Էմմանուել Անանյանին ինչո՞ւ են ծեծել:
«Մենք երբ նայում ենք հետընթաց պրակտիկան, երկար տարիներ մենք նմանատիպ իրավիճակ չենք ունեցել: Այսինքն՝ ի՞նչ անենք, մտածենք, որ եթե փաստաբանն ակտիվ պաշտպանություն է իրականացնում, պետք է ենթարկվի բռնությա՞ն»,- տարակուսում է Փաստաբանների պալատի նախագահը:
Սիմոն Բաբայանը նկատեց՝ արձանագրություն առ այն, որ ոստիկանները փորձել են իրավաչափ միջոցներով կանխել փաստաբանի ենթադրյալ ոչ իրավաչափ վարքագիծը, առկա չէ:
Ինչ վերաբերում է Փաստաբանների պալատի ակումբի տարածած հայտարարությանը, որ ոստիկանության կողմից համապատասխան գործողությունների չդիմելու պարագայում փաստաբանները համարժեք կերպով կարձագանքեն, Պալատի նախագահն ասաց՝ այդ որոշումը լինելու է կոլեկտիվ քննարկման արդյունքում ձևավորված որոշում:
«Ես հավաստիացնում եմ՝ Փաստաբանների պալատը օրենքով սահմանված միջոցներով հակազդելու գործիքակազմ և փորձ ունի: Ընդհուպ կիրառվել է գործադուլի գործիքակազմը և այլ միջոցներ: Մենք դիմել ենք նաև մեր եվրոպական գործընկերներին, որ վերջինս գնահատական տա այս արատավոր երևույթին: Ինձ համար, սակայն, տարակուսելի է միջազգային կառույցների մեր տեղական գործընկերների արձագանքի բացակայությունն այս փուլում, որովհետև մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել, երբ նմանատիպ իրավիճակներում, երբ ոտնահարվում էին մեր գործընկերների իրավունքները, նրանք հակազդում էին, ու հնչում էին համապատասխան հայտարարություններ»,- ասաց Սիմոն Բաբայանը:
Հարցին՝ ինչո՞ւ փաստաբանները դարձան այսքան խոցելի, ՓՊ նախագահն ասաց՝ փաստաբանները երբեք չեն լինի խոցելի:
«Տարբեր ժամանակներում լինում են իրավիճակներ, երբ փաստաբանների իրավունքները փորձում են ոտնահարել կամ սահմանափակել, ճնշում գործադրել, բայց փաստաբանները միասնական համայնք են, և համարժեք հակազդում անպայման լինելու է: Փաստաբանների ձայնը դեռ կլսեք: Սա սպառնալիք չէ: Փաստաբանի առաքելությունը Սահմանադրությամբ ամրագրված առաքելություն է, և նրանք այն սուբյեկտներն են, ովքեր պետք է արդյունավետ իրավունքի պաշտպանություն իրականացնեն»,- ասաց Պալատի նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում