Դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան. Շվեյցարիան և Հայաստանը նույն արժեքներն են կիսում
Շվեյցարացի խորհրդարանականների պատվիրակությունը՝ կազմված Ազգային խորհրդարանականներ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատից (կենտրոն կուսակցություն) և Միշել Մաթերից (Կանաչ Լիբերալներ), Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղարի ուղեկցությամբ գտնվում են Հայաստանում՝ դատապարտելու 2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան։
168ТV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Միշել Մաթերը նշեց, որ դատապարտում են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. «Մենք այստեղ ենք Հայաստանի ժողովրդին մեր համերաշխությունը հայտնելու, նաև ընդգծելու, որ մենք նույն արժեքներն ենք կիսում, դրանք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, միջազգային իրավունքը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:
Նա շեշտեց, որ Հայաստանն ունի շատ կարևոր պատմամշակութային արժեքներ, և Ադրբեջանի հարձակումները, ըստ նրա՝ նաև դրանց դեմ էին. «Դա չպետք է շարունակվի»:
Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը շեշտեց՝ Շվեյցարիան այդ գործընթացների վրա ազդելու մի քանի լծակներ ունի. «Շվեյցարիան միայն չի կարող ռազմամթերք տրամադրել, բայց կարող է իր քաղաքական և դիվանագիտական կարողությունների միջոցով ընդառաջել, որպեսզի երկկողմանի հարաբերությունները կարողանան առաջ գնալ, ինչը տեղի ունեցավ շաբաթներ առաջ Ժնևում, երբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին: Սակայն, միևնույն ժամանակ, պետք է ասել, որ Շվեյցարիան և հատկապես՝ Ժնևը, մարդու իրավունքների կոնվենցիայի հայրենիքն է, և դեպոզիտար երկիրը: Դրա հիման վրա Շվեյցարիան իրավունք ունի բարձրացնել իր ձայնը՝ դատապարտելու համար այն խախտումները, որ տեղի են ունենում այդ ուղղությամբ»:
Անդրադառնալով Շվեյցարիայում ադրբեջանական SOCAR ընկերության ակտիվ գործունեությանը՝ Սարգիս Շահինյանը նշեց, որ ընկերության ներդրումների 77 տոկոսը հենց Շվեյցարիայում է ստեղծվում. «Երբ մենք գիտենք, թե SOCAR-ի ներդրումը ինչի համար է գործածվում, մենք գիտենք՝ ինչ պետք է անել, շվեյցարացին էլ դա գիտի: Սակայն, լինելով ազատական ասպարեզ, որտեղ տնտեսական ազատությունը գերակշռող է, Շվեյցարիան չի կարող մեկ օրում ընդհանրապես արգելել SOCAR-ի գործունեությունը: Սակայն, փաստելով, որ SOCAR-ի ներդրումը և ստացած դրամագլուխը գործածվում է հայերի կյանքը խլելու համար և ընդհանրապես, մարդկային ոճիրներ գործելու մեջ, այդ վայրկյանին, իհարկե, խնդիրները փոխվում են»:
Պատգամավոր Միշել Մաթերը նկատեց. «Փաստ է, որ եթե չկա գումար, չկա պատերազմ: Մենք պատասխանատվություն ունենք: Ես Ժնևից եմ, իմ քաղաքը առևտրի հիմնական խաղացողներից է: Դա շատ գումարներ է ենթադրում: Մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես կարող ենք կտրել կապն ադրբեջանական նավթի և Եվրոպայի, սա խնդրի մի մասն է: Բայց էներգետիկան Եվրոպայում և Շվեյցարիայում հիմնական թեման է: Մենք պետք է կառուցենք ավելի ամուր էներգետիկ համակարգ, բայց մենք պետք է արձագանքենք և ցույց տանք Եվրոպայի և Շվեյցարիայի ժողովրդին, որ մենք ունենք այս կապն Ադրբեջանի և նավթի հետ: Հայաստանի ժողովուրդը պետք է ցույց տա, թե որտեղ է այդ կապը, որն է ձեր մշակույթը, ինչը ցույց կտա Եվրոպային, թե դուք ով եք և ինչեր ունեք, ինչ ունի ադրբեջանցի ժողովուրդը»:
Սարգիս Շահինյանը նկատեց՝ ի տարբերություն Ուկրաինայի պատերազմի, արձագանքը ավելի մեծ էր Եվրոպայում, որովհետև նրանք վարպետորեն կարողացան ներկայացնել, թե ինչ ձևով տուժեցին. «Մենք չկարողացանք այդ իրականությունը ցույց տալ Եվրոպային: Ուկրաինայի դեպքում Զելենսկու իրողությունը հստակ էր, նա կարողացավ իր անձնական դիմագծի հետ կապել Ուկրաինայի պատերազմը, կարողացավ հաջողել՝ դիմացինին հասկացնել տալու համար, թե ինչ տեսակի ոճիրների տակ է մնացել Ուկրաինան: Մեզ մոտ այդ կապը չկարողացան կազմակերպել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում