
«Ադրբեջանից խաղաղության որևէ քայլ չպետք է սպասել. պետք է ուղղակի ասել՝ ստո՛պ». Սարգիս Շահինյան
Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ԼՂ հակամարտության հարցով խաղաղության համաժողով կազմակերպելու մասին բանաձևի ընդունումից հետո մայիսի 26-ին իր գործունեությունն է մեկնարկել 19 պատգամավորներից բաղկացած «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնության» հանձնախումբը։
Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի խոսքով՝ հանձնախմբի կարևորագույն թիրախն է, որ Շվեյցարիայի ԱԳՆ-ն նախաձեռնված հայցը շարունակի և չարժանանա, օրինակ, պաղեստինա-իսրայելական հարաբերությունների համերաշխությանը:
«Դրա հետ կապված՝ հանձնախումբը կունենա թե՛ ազգային, թե՛ միջազգային նախաձեռնություններ, որոնք այս ամռանը պետք է իրականանան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ «իրավունք չունենք հրաժարվել մեր պապենական իրավունքներից»:
Սարգիս Շահինյանի խոսքով՝ այսօր Հայաստանը միջազգային իրավունքի տեսանկյունից շատ ամուր հնարավորություններ ունի, որոնք պետք է մինչև վերջ գործածել:
«Իրավունք չունենք միջազգային ատյաններում մեր հայցերից հրաժարվել, և պետք է շարունակենք մատներս դնել վերքի վրա, որը ցավում է: Հայաստանի Հանրապետությունն իրավունք չուներ չհասկանալու, որ մեր հակառակորդների ամենաթույլ և, միևնույն ժամանակ, ամենահզոր մասը գանձանակն է: Մեր հակառակորդների գանձանակը SOCAR-ն է, որը մի քանի պատճառներով խոցելի դարձավ՝ միջազգային իրավունքի հիման վրա, և այդ ուղղությամբ ահագին գործեր կան: Վստահ չեմ, որ Հայաստանը դա անում է, բայց կարող եմ վստահեցնել, որ մենք անում ենք»,- ասաց նա:
Նա ընդգծեց՝ հայկական կողմն իրավունք չունի իր իրավունքներից հրաժարվել, արցախցիների վերադարձի իրավունքի հարցը չբարձրաձայնել և Բաքվում պահվող գերիների և այլ պահվող անձանց հարցով ոչինչ չանել. «Ղարաբաղում մեր պատմական ժառանգության ճակատագիրը վտանգի տակ է, և դա այն տեսակ ժառանգություն չէ, որ միայն քրիստոնեական լինի, նաև նախաքրիստոնեական ժառանգության մասին է խոսքը. մոռացա՞ք, թե Տիգրանակերտն ինչ կարևորություն ունի մեր պատմության համար: Դա քրիստոնեությունից առնվազն մի հազարամյակ առաջ էր իրականացել: Այսպիսի իրականություններ կան, որոնք չի կարելի ուղղակի ժխտել և ասել՝ եթե մենք խոսենք, ապա դիմացինին իրավունք կտանք ավելի ծանր և ավելի բարձր ակնկալիքներ ունենալ, այլ պետք է անենք այն, ինչ ճիշտ չէ»:
Սարգիս Շահինյանը չի տեսնում Ադրբեջանի կողմից խաղաղության գնալու որևէ քայլ. «Սա նաև նշանակում է, որ խաղաղության գնալու որևէ քայլի չպետք է սպասենք, եթե նույնիսկ մենք իրենց ակնկալիքներին աջակցենք: Պետք է դիվանագիտական խելացիություն և խելամտություն ունենանք՝ ուղղակի ասելու՝ ստո՛պ»:
ԱՄՆ Կոնգրեսում պետքարտուղար Ռուբիոն հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության իրական վտանգ կա, ավելացնելով, որ ԱՄՆ-ը փորձում է այն կանխել, իսկ մի քանի օր անց ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարն է խոսել Սյունիքի շուրջ ստեղծված լարվածության մասին:
Սարգիս Շահինյանի խոսքով՝ այն, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձում է բռնի ուժի միջոցով իրականացնել իր սպառնալիքները, նորություն չէ. «Մենք պետք է անենք այն, ինչ պետք է անենք մեր բանակը հզորացնելու համար: Մարկո Ռուբիոն կարևոր իրականություն է ներկայացնում, մանավանդ՝ ինչ վերաբերում է Վաշինգտոնի ներգրավվածությանը: Սերգեյ Լավրովի վերջին այցը Հայաստան վկայությունն է Հայաստանի հանդեպ ՌԴ հետաքրքրության: Արարատ Միրզոյանի անդրադարձը բավական խոհեմ էր և հասկացրեց, որ Հայաստանը որևէ հակազդեցություն դեպի Ռուսաստան չունի՝ միևնույն ժամանակ այլ պատճառներով նայելով Եվրոպա: Եթե որևէ բան տեղի ունենա, ՀԱՊԿ-ը Հայաստանից պետք է շրջվի՞: Եթե նոր հարված տեղի ունենա Մեղրիում, ՌԴ արձագանքն ինչպիսի՞ն կլինի: Ամբողջ այս իրականությունը պետք է լավ հասկանալ. Մենք ձեռքներս ծալած՝ սպասելու իրավունք չունենք: Իրանը մասնակցեց Լաչինում Ադրբեջանի հետ զորավարժությունների, ինչը ցույց է տալիս, թե Իրանն ինչ կերպ է պատրաստվում, փորձում տեղեկություններ հավաքել Ադրբեջանից: Իրանը երեկվա պետությունը չէ, նրա դիվանագիտությունն ու պետականությունը հազարամյակների փորձ հավաքած պետականություն է»:
Դիտարկմանը՝ այսպես կոչված՝ եվրոպամետների մոտ դժգոհություն կա ՌԴ վերաբերյալ Արարատ Միրզոյանի հայտարարություններից, նա արձագանքեց. «Եվրոպան թող առաջին հերթին քայլ անի, որ Հայաստանի անվտանգությունը կարողանա պահպանվել, հետո մնացածի մասին կարող ենք խոսել»:
Սարդարապատում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության։
Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ Սարգիս Շահինյանը նշեց. «Լավ կլիներ, որ վարչապետը հասկանար, որ մեր հայրենիքն այսօր ոչ միայն վտանգի տակ է, այլև 200 քառակուսի կիլոմետրի չափով գրավված է: Լավ կլիներ, որ դրա մասին խորհեր և այդ իրողությունն ազատագրելու մասին խորհեր: Ես վստահ եմ, որ նա այդ ուղղությամբ աշխատում է կամ առնվազն խորհում է: Սակայն, Սարդարապատում այդ տեսակի ելույթն այդքան տեղին չէ, որովհետև ոնց որ դուք գնաք հրաժեշտ տալու արարողության: Մայիսի 28-ը մեր Սահմանադրության մեջ ամրագրված է՝ իբրև ազգային օր, և մենք իրավունք չունենք հրաժարվելու առնվազն այդ հիշողությունից»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում