ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ ամբիոնից կրկին դիմեց քաղաքացիներին, ասելով՝ ամիսներ շարունակ պնդում է, որ թուրքերն «իշխանազավթների» համար նոր հանձնարարական ունեն՝ վերացնել հայկական Սահմանադրությունը։
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»,- օրեր առաջ Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության իրողությունն առհասարակ:
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց՝ Ադրբեջանի պնդումները, որ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից՝ հիմնվում է այն փաստի վրա, թե Հայաստանի Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ էլ իր հերթին՝ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի մասին։
168.am-ի հետ զրույցում «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը խոսելով այս հարցերի շուրջ, ասաց, որ առիթ ունեցել է ասելու, որ ենթադրությունների տեսության դաշտում են գտնվում, քանի որ վերլուծություններ են կատարում՝ հիմնվելով առկա փաստերի ու տեղի ունեցած գործընթացների վրա։