«Կարծում ենք՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության կարիք չկա». Փաշինյանի պատասխանն Ալիևի պահանջին
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց՝ Ադրբեջանի պնդումները, որ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից՝ հիմնվում է այն փաստի վրա, թե Հայաստանի Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ էլ իր հերթին՝ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի մասին։
«Հայաստանի Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է այն դրույթներին, որոնք բացառապես իրենց ամրագրումն են ունեցել Սահմանադրության հոդվածներում։ ՀՀ Սահմանադրության տեքստում որևէ դրույթ Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի չի պարունակվում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ 1919 թվականին Ադրբեջանն Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, ըստ որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Լոռու մարզերի տարածքները մասամբ, ինչը ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսն է:
«Մենք Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց չենք բարձրացնում, և նույն տրամաբանությամբ կարծում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության կարիք այս համատեքստում չկա։
Եթե Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Սահմանադրական դատարանը որոշի, որ այդ տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը, մենք կարող ենք նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ: Իսկ եթե համարի, որ համապատասխանում է Սահմանադրությանը, ապա այն կվավերացվի ԱԺ-ում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում