«Նոր Սահմանադրության ընդունման հարցն օրակարգ մտցնելով՝ այս ուժը միտում ունի փոփոխություններ կատարել անփոփոխելի դրույթներում և Մայր օրենքի նախաբանում». Գոհար Մելոյան

Հունվարի 18-ին Արդարադատության նախարարության 2023-ի գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության։

«Եթե 2020-ի հետպատերազմյան շրջանում մենք կառավարման հենց խորհրդարանական մոդել չունենայինք, մեր պետականության հետ կարող էր տեղի ունենալ այն, ինչ գուցե շատերն ուզում էին, որ տեղի ունենա: Խոսքը սրա մասին չէ: Ես ուզում եմ հենց այս գլխից ասենք, որ կառավարման, օրինակ, ընթացիկ մոդելում քաղաքական առումով շատ բան փոխելու չկա»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Սահմանադրությունը փոխելու մասին Նիկոլ Փաշինյանը սկսեց խոսել 2018 թվականին իշխանության գալուց հետո։ 2020 թվականի հունվարից լծվեցին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորմանը, մեկ տարի անց ձևավորված հանձնաժողովը կասեցվեց և 2021 թվականին նորը ձևավորվեց: իսկ 2020 թվականի հուլիսի 5-ին Նիկոլ Փաշինյանը, Սահմանադրության օրվա կապակցությամբ շնորհավորանքից հետո, ասել էր. «Չնայած իմ դիրքորոշումը եղել է այն, որ Սահմանադրության հաճախակի փոփոխություններն անհարկի սթրեսի են ենթարկում պետական համակարգը, Սահմանադրության անընդհատ փոփոխությունները բերում են անորոշությունների, նախորդ պարբերության մեջ նշված հանգամանքների գիտակցումը ինձ բերել է այն եզրակացության, որ մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքի վրա հենված, քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի Հայաստանում»:

ՀՀ Սահմանադրության մասին խոսում են նաև Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները, բնականաբար, նրանց չի հետաքրքրում քաղաքացիների կամքը, այդ երկրների ղեկավարների դեռ 2021 թվականից ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ են դնում՝ հստակ նախապայմանով, որը մասնավորապես վերաբերում է մեր երկրի գործող Սահմանադրության նախաբանին, այսինքն՝ Հռչակագրին։

Կարդացեք նաև

Այսօր ի՞նչ տրամաբանությամբ է փոխվում Սահմանադրությունը, ի՞նչ է թաքնված այդ փոփոխությունների տակ, ո՞րն է բուն նպատակը, և այն ի՞նչ է տալու Հայաստանին։

168.am-ի հետ զրույցում «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը խոսելով այս հարցերի շուրջ, ասաց, որ առիթ ունեցել է ասելու, որ ենթադրությունների տեսության դաշտում են գտնվում, քանի որ վերլուծություններ են կատարում՝ հիմնվելով առկա փաստերի ու տեղի ունեցած գործընթացների վրա։

«Ուշագրավ է, որ ուղեծիր փոխվեց, և բոլորին հայտնի է՝ ինչ այս քաղաքական ուժը եկել է իշխանության՝ օրակարգում ունեցել է սահմանադրական փոփոխությունները։ Այս մասին են վկայում արդեն նախկինում կազմալուծված մի հանձնաժողով և այս պահին էլ գործող սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը։ Սակայն երբևիցե չի խոսվել և օրակարգում չի եղել նոր Սահմանադրության ընդունման մասին։ Խոսքը մշտապես եղել է Սահմանադրական փոփոխությունների մասին, առհասարակ 3-րդ Հանրապետության պատմության մեջ ունենք ընդունված Սահմանադրություն՝ 1995 թվականին, որը երեք անգամ փոփոխությունների է ենթարկվել՝ 2005, 2015, իսկ երրորդը՝ հակասահմանադրական փոփոխությունները, որոնք Սահմանադրական դատարանի շուրջ էպոպեան էր՝ 2020 թվականի հունիսին։

Երկու հիմնական սահմանադրական փոփոխությունները, որոնք տեղի ունեցան, ըստ էության, իրապես ժամանակի մարտահրավերների արդյունք էին՝ երկու փոփոխությունների միջև 10 տարվա միջակայք էր գտնվում։ Բնականաբար, այս 10 տարին բավականին երկար ժամկետ էր իրավունքի զարգացման տեսանկյունից, այն էլ 90-ականներից՝ 2000-ականներ և դրանից հետո 2010-ականներ ընկած ժամանակահատվածում աշխարհում զարգացման տեմպերը գնալով արագանում էին և հիրավի փոփոխությունները հասունացել էին»,- հավելեց սահմանադրագետը։

Նրա բնորոշմամբ՝ սահմանադրական փոփոխությունները պետք է ժամանակի մարտահարվերներին, իրավունքի զարգացմանը համահունչ իրականացվեն, այլ ոչ թե զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ երկրի հիմնական, գլխավոր օրենքը սարքեն ճկվող ինչ-որ փաստաթուղթ։

Գոհար Մելոյանի մեկնաբանմամբ՝ այս պահին կա մի իրավիճակ, երբ երկրի գործադիրի ղեկավարը ասում է, որ պետք է նոր Սահամանադրություն ընդունեն, և հարցը դարձնում է օրակարգ։

«Սահմանադրության փոփոխության և նոր Սահմանադրության տեխնիկական տարբերությունն այն է, որ Սահմանադրական փոփոխություններ կատարելուց կա սահմանափակում՝ 4 հոդվածների և Սահմանադրության նախաբանի վերաբերյալ։ Հետևաբար, եթե փոփոխություններ են կատարում, այդ հատվածներում չպետք է փոփոխություններ կատարեն, իսկ եթե օրակարգ են դարձնում նոր Սահմանադրության ընդունման հարցը՝ արդարացիորեն կարող ենք եզրահանգել, որ այս ուժը միտում ունի փոփոխություններ կատարել հենց այդ անփոփոխելի դրույթներում և Մայր օրենքի նախաբանում։ Նախաբանը հղում է կատարում մեր անկախության հռչակագրին, որտեղ բարձրաձայնված է Արցախի հարցը, ցեղասպանության ճանաչման մեր պապերի գործի շարունակությունը և 3-րդ Հանրապետության արտաքին քաղաքականության և հայ ազգի կարևոր ուղեծիրներից մեկը։ Ամենայն հավանականությամբ, մենք այս տեխնիկական, իրավական նրբությունը հաշվի առնելով՝ կարող ենք մեզ թույլ տալ կատարելու նման եզրահանգում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Շարունակելով միտքը, նա ընդգծեց՝ եթե իշխանությունների նպատակն այլ էր, ապա նրանք կարող էին շարունակել ու բավարարվել իրենց կողմից բազմիցս նշված ու քննարկած զուտ սահմանադրական փոփոխություններով։

«Խնդրահարույց է, որ Գործադիր իշխանության ղեկավարը մշտապես ամպագոռգոռ եզրույթներ է օգտագործում, ինչպիսք են՝ էվոլյուցիան, մրցունակ սահմանադրություն՝ հարցականի տակ դնելով սահմանադրությունը։ Իմ գնահատմամբ՝ սա լուրջ խնդիր է, երբ երկրի ղեկավարը բարձրագույն օրենքը անվանարկում է, համարելով այն ոչ մրցունակ։ Մեր Սահմանադրությունը բավականին որակյալ է՝ աշխարհի մարտահրավերների շրջանակում։

Դաշտում մնում են Թուրքիայի մշտական պահանջները՝ հայկական կողմին ուղղված, Արարատ լեռի վերացումը, տարածքային ամբողջականության փոփոխման արգելքը, քանի որ մեր Սահմանադրությունը սահմանում է, որ տարածքային ամբողջականությունը ՀՀ-ի հանրաքվեի արդյունքում կարող է միայն փոխվել, այսինքն՝ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների որոշմամբ։ Իսկ մեզ հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանն ունի ստորագրած փաստաթուղթ, որով Հայաստանի 7 գյուղեր ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Եվ հնարավոր է՝ իրենց որդեգրած արտաքին քաղաքական ուղեծրում ինչ-որ մուտացիոն փոփոխման ենթակա կարգավորումներ լինեն»,- եզրափակեց Գոհար Մելոյանը։

Տեսանյութեր

Լրահոս