«Այս իրավիճակում մենք ավելի շատ կախված ենք նրանից, թե ինչ կանի Իրանը, կամ ինչ կասի Ռուսաստանը։ Ցավոք, այսօր որպես քաղաքական ֆակտոր՝ մեր դերը բավականին նվազել է։ Եթե նախկինում խոսքը գնում էր այն մասին, թե Ադրբեջանը օկուպացրած տարածքներից դուրս կգա՞, թե՞ չի գա, ի՞նչ պայմաններով, և այլն, հիմա հակառակն է՝ խոսքը նրա մասին է, թե մենք նորից տարածքներ կկորցնե՞նք, թե՞ չէ»,- եզրափակեց Կարեն Իգիթյանը։
Այսօր «Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը. պարտվողական ինքնավարությունից դեպի հաղթական Քարվաճառ» զեկույցի շնորհանդեսի ժամանակ կովկասագետ Կարեն Իգիթյանն անդրադարձավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, որ «Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել՝ ինքնախաբեությամբ ենք զբաղվել»։
«Հիմա նույնն են անում, շարունակում են հանձնել։ Այս Կառավարությունը մինչև հիմա հանձնում է, որևէ բան հետ չի բերել, ուստի, քանի իրենք են իշխանություն, անհնար է խոսել հնարավորության մասին, թե երբևէ կարող ենք հետ բերել հանձնվող տարածքները, որովհետև նրանց համար կարևորը ոչ թե հայրենիքն է, այլ իրենց իշխանությունը պահելու հարցը»,- ասաց Կարեն Իգիթյանը։