«Բնականաբար, Ուկրաինայում մարտերի ինտենսիվությունը կավելանա, Ուկրաինան էլ է պատրաստվում». Կարեն Իգիթյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել։

«Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները»,- ասել է ՌԴ նախագահը:

ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, խոսելով Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի զորահավաքի մասին, պարզաբանել է, որ մասնակի զորահավաքի ենթակա են նրանք, ովքեր ծառայել են, ունեն զինվորական մասնագիտություն, մարտական փորձ:

Շոյգուն ընդգծել է, որ ուսանողների զորահավաքի մասին խոսք չկա, ժամկետային զինծառայողները ևս ենթակա չեն հատուկ ռազմական գործողությանը մասնակցելուն:

Կարդացեք նաև

Ըստ Շոյգուի՝ ընդհանուր առմամբ զորակոչվելու է 300 000 պահեստազորային:

Ինչի՞ կհանգեցնի ՌԴ-ում մասնակի զորահավաքը, արդյո՞ք կմեծանան պատերազմի մասշտաբները, և այդ համատեքստում ի՞նչ է սպասվում Հայաստանին ու Արցախին։

168.am-ի հետ զրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» անդամ Կարեն Իգիթյանն անդրադառնալով վերը նշված հարցերին, նախ նշեց, որ այն, որ Ռուսաստանը ստիպված էր մոբիլիզացիա հայտարարել, դա մասնագետների համար արդեն մի քանի ամիս շարունակ ակնհայտ էր, որովհետև  Ուկրաինայում Ռուսաստանի գլխավոր խնդիրը մարդաքանակի պակասությունն էր։ Այսինքն՝ Ռուսաստանը փորձում էր առաջխաղացում ապահովել այն պայմաններում, երբ Ուկրաինան մարդաքանակի առավելություն ուներ։

«Ի վերջո, Խարկովի պարտությունը Ռուսաստանին դրդեց գնալու այդ լուծմանը, այլ տարբերակ չունեին։

Ինչի՞ սա կբերի, բնականաբար, Ուկրաինայում մարտերի ինտենսիվությունը կավելանա, Ուկրաինան էլ է պատրաստվում՝ պարտրաստելով նոր զինվորների, մի մասը՝ Մեծ Բրիտանիայում, մյուս մասը՝ Լեհաստանի տարածքում»,- նշեց Կարեն Իգիթյանը։

Թե ինչպե՞ս այս ամենը կանդրադառնա Հայաստանի վրա, փորձագետը պարզաբանեց՝ նախկինում Ռուսաստանի յուրաքանչյուր ձախողում ու անհաջողություն միանգամից առաջ էր բերում Ադրբեջանի ագրեսիվությանն ու ակտիվացմանը Հայաստանի ու Արցախի նկատմամբ։

«Օրինակ, ռազմական գործողությունների առաջին ամիսներին, երբ Ռուսաստանը չհասավ հաջողությունների, Ադրբեջանն Արցախի Քարագլխի և Փառուխի ուղղությամբ դիմեց սադրանքի։ Երբ Ուկրաինան Խարկովի օպերացիան ավարտեց սեպտեմբերի 11-12-ին, դրանից հետո Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի և մի քանի այլ ուղղություններով։ Հիմա կարող է տեղի ունենալ հակառակ գործընթացը, եթե Ռուսաստանը հաջողությունների հասնի, դիրքերը նաև մեր տարածաշրջանում կամրապնդվի, և նույն Ադրբեջանն ավելի շատ հաշվի կնստի Ռուսաստանի հետ»,- հավելեց Կարեն Իգիթյանը։

Շարունակելով, նա նաև ասաց, որ այսօր ամբողջ տարածաշրջանում անվտանգությունը շատ խոցելի է դարձել, նույնը կարող է ասել նաև Եվրոպայի մասին։ Այսինքն՝ Եվրոպայի մի շարք երկրներ՝ Գերմանիան, Ֆրանսիան, հայտարարել են, որ ցանկանում են իրենց բանակի կազմով առաջինը լինել Եվրոպայում, ավելի շատ մարդաքանակ ապահովեն, քան Թուրքիան, նույնն ասել է նաև Լեհաստանը։

«Լեհաստանը, Ֆրանսիան և Գերմանիան պատրաստվում են մի քանի անգամ ավելացնել բանակի մարդաքանակը, սա խոսում է նրա մասին, որ պատրաստվում են մեծ պատերազմների։

Այս իրավիճակում մենք  ավելի շատ կախված ենք նրանից, թե ինչ կանի Իրանը, կամ ինչ կասի Ռուսաստանը։ Ցավոք, այսօր որպես քաղաքական ֆակտոր՝ մեր դերը բավականին նվազել է։ Եթե նախկինում խոսքը գնում էր այն մասին, թե Ադրբեջանը օկուպացրած տարածքներից դուրս կգա՞, թե՞ չի գա, ի՞նչ պայմաններով, և այլն, հիմա հակառակն է՝ խոսքը նրա մասին է, թե մենք նորից տարածքներ կկորցնե՞նք, թե՞ չէ»,- եզրափակեց Կարեն Իգիթյանը։

Տեսանյութեր

Լրահոս