«Սա Ռուսաստանի համար ակնհայտ թշնամական քայլ է. որոշ ժամանակ հետո ասելու են՝ ռուսական զորքն այստեղ որևէ անելիք չունի». Կարեն Իգիթյան
Փետրվարի 8-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ ԵՄ խորհրդի որոշմամբ 2 տարով Հայաստան քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու վերաբերյալ:
Մանրամասնելով Հայաստանում ԵՄ առաքելության վերաբերյալ գործողությունները և այդ համատեքստում խոսելով ՀԱՊԿ առաքելությունից, որից հայկական կողմը հրաժարվեց, Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Ինչպե՞ս է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան։
Ի դեպ, ուզում եմ ասել, որ ՀԱՊԿ մեր գործընկերները նաև արձանագրել են, որ այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, ինչի համար մենք, իհարկե, շնորհակալ ենք։ Բայց հարցի էությունը հետևյալն է՝ ՀԱՊԿ-ի պարագայում մենք շատ հստակ ձևակերպել ենք խնդիր, քանի որ այն ունի շատ մանրամասն նկարագրած փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կամ կանոնակարգման, որտեղ հստակ գրված են գործողություններ, բայց միևնույն ժամանակ կա հստակ ըմբռնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին։ ՀԱՊԿ-ից մենք խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում, այսինքն՝ մեզ ասեն, թե ո՞րն է իրենց պատկերացմամբ Հայաստանը։ Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել, մյուս կողմից՝ ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումն ինչո՞ւ է հնարավոր դարձել, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում հստակ գծագրել է, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, այսինքն՝ իրենք ասել են, որ մեր պատկերացմամբ՝ ՀՀ քարտեզը սա է»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում Տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» անդամ Կարեն Իգիթյանը պատասխանելով հարցին՝ արդյո՞ք երկրի ղեկավարը չպետք է դիտորդական առաքելություն իրականացնող խմբին ներկայացնի, թե որն է իր երկրի սահմանները, պատասխանեց.
«Յուրաքանչյուր երկիր գիտի իր երկրի սահմանները, այսինքն՝ մենք ունենք համապատասխան կոդեքսներ, որտեղ ադմինիստրատիվ այս ամենը գրած է, նույնը, օրինակ, Ադրբեջանը կամ Վրաստանը։
Բայց միևնույն է, բոլոր երկրներն իրենց հարևանների հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսն անցնում են, ու այդ պրոցեսի ընթացքում որոշակի տարածքային փոփոխություններ են լինում։
Օրինակ, Ռուսաստանը 2010 թվականին Ադրբեջանին զիջեց Խռակով, Օրիանով գյուղերը, որոնք Ադրբեջանի ներսում անկլավներ էին և վիճելի տարածք էր։ Ռուսաստանը կարող էր այդ տարածքները պահել իրեն, կարող էր զիջել, և նա զիջեց։ Այսինքն՝ որքան էլ մարդը լավ չիմանա իր տարածքը, միևնույն է՝ դեմարկացիան ու դելիմիտացիան են ի վերջո որոշում այդ տարածքները»։
Կարեն Իգիթյանի խոսքով՝ անտրամաբանական կլինի, եթե դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում ինչ-որ մեծ քաղաք հայտնվի այլ երկրի տարածքում։
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք այսպիսով Պրահայում Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ արդեն իրականացրել է դեմարկացիա և դելիմիտացիա, Կարեն Իգիթյանը պատասխանեց՝ Հայաստանի դե ֆակտո կառավարությունը փորձում է չզբաղվել այդ հարցերով և այդ հարցերի որոշումը, պատասխանատվությունը գցել ուրիշի վրա, լինի ՌԴ-ն, ՀԱՊԿ-ն թե ԵՄ-ն։
«Սա գալիս է նրանից, որ էլիտան, որը ձևավորվել է Հայաստանում 2018 թվականին, չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել։
Օրինակ, երբ ՀԱՊԿ-ն Հայաստանին առաջակեց ռազմատեխնիկական օգնություն, առանց քաղաքական գնահատական տալու, խոսում էր այն մասին, որ Հայաստանն ինքնիշխան է, ունի իր տարածքը ու ՌԴ-ի դաշնակիցն է, հետևաբար՝ տալիս էին օգնություն, որպեսզի կարողանային այդ տարածքը պահել, բայց Հայաստանը հրաժարվեց։ Փոխարենը՝ գնացին դեպի ԵՄ, որն ասաց, թե քաղաքական գնահատական կտա, չնայած մինչև օրս նման բան չենք տեսել։ Այստեղ նաև հիշեցնեմ Փաշինյանի երեկվա մեկ այլ հայտարարություն, երբ ասաց, որ ԵՄ առաքելությունը պետք է հետևի հայկական ու ռուսական զորքերին։ Այսինքն՝ սա Ռուսաստանի համար ակնհայտ թշնամական քայլ է, ակնհայտորեն նվազեցնում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Այսինքն՝ ստացվում է, որ հրավիրում ես մի օտարերկրյա կառույց, որը հետևելու է քո զորքերին, և այս ամենի պատճառն այն է, որ ՀՀ իշխանությունը չի ուզում զբաղվել իր սահմաններով, բայց այս իշխանությունը գալիս էր այն լոզունգներով, որ Հայաստանը պետք է լինի ավելի ինքնիշխան»,- շեշտեց փորձագետը։
Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ եթե դիտարկեն ՀՀ իշխանության քայլերի ու ելույթների տրամաբանությունը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի քայլերը, ապա կտեսնենք, որ այդ ամենը միտված է Հայաստանում ռուսական զորքի դուրսբերմանը։
«Հայտարարեցին, թե ՀԱՊԿ զորավարժություններ չեն անցկացնում, որովհետև դրանք սպառնալիք են Հայաստանի համար, ռուսական զորքը սպառնալիք է Հայաստանի համար, հիմա էլ ԵՄ-ն եկել է, որպեսզի վերահսկի ռուսական տեղաշարժը։ Այս ամենի տրամաբանությունը տանում են նրան, որ որոշ ժամանակ հետո ասելու են՝ ռուսական զորքն այստեղ որևէ անելիք չունի»,- եզրափակեց Կարեն Իգիթյանը։