Թուրքիայի ու Ադրբեջանի համար իրականում կա մեկ հարց՝ Երևանի հարցը. Կարեն Իգիթյան

Վերջին շրջանում Ադրբեջանը մշտապես հայտարարում է, որ դեմ չէ, եթե հայ-ադրբեջանական բանակցություններում ներգրավվի երրորդ՝ անկողմնակալ երկիր։ Թեպետ սկզբնական շրջանում «անկողմնակալ» երկրի անունը չէին նշում, օրերս Ադրբեջանի արտգործնախարարն ասաց, որ դեմ չեն լինի, եթե Թուրքիան ներգրավվի հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններում։

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունից հետո, ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

«Այս թեման ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի բոլոր քննարկումների մասն է: Մենք ողջունում ենք Թուրքիայի արդյունավետ դերն այս հակամարտության կարգավորման հարցում: Մենք համաձայն ենք Ֆիդանի այն խոսքերի հետ, որ խաղաղությունը հնարավոր է: Միացյալ Նահանգները սատարում է երկու կողմերի ուղիղ բանակցություններին՝ խաղաղության հասնելու համար»,- ասել էր Միլլերը:

168.am-ի հետ զրույցում Տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանն ասաց՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանին թողնել միայնակ իր ու Թուրքիայի հետ, և այս փորձերը մշտապես եղել են։

Կարդացեք նաև

«Թուրքիան տարիներ շարունակ ձգտում էր լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, նա Մինսկի խմբի անդամ երկիր էր, բայց ոչ համանախագահող երկիր։ Այս խնդիրը գալիս է այնտեղից, որ Փաշինյանը հայտարարեց, թե բանակցությունները սկսում է զրոյական կետից, և ամբողջ բանակցային ֆորմատը սկսեց փոփոխել մինչև պատերազմը։ Իսկ պատերազմից հետո լրիվ այլ փուլ սկսվեց, խոսքն այն մասին է, որ Ռուսաստանը միջամտեց ու կանգնեցրեց պատերազմը, և բանակցություններն ընթանում էին Ռուսաստանի կուրացիայի տակ։ Դրանից հետո, երբ ՌԴ-ն սկսեց Ուկրաինայում օպերացիան, ռազմաքաղաքական ռեսուրս չուներ, որպեսզի կարգավորեր այստեղի խնդիրները։ Այս ամենի արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են այստեղ տեղ զբաղեցնել»,- նշեց Կարեն Իգիթյանը։

Փորձագետի մեկնաբանությամբ՝ այս համատեքստում պետք է հասկանալ, որ այդ երկու երկրներն էլ ինքնուրույն չեն գործում, այլ գործում են Միացյալ Նահանգների կողմից։ Այսինքն՝ Միացյալ Նահանգները նպատակ ունի տարածաշրջանից դուրս մղել ՌԴ-ին, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի նպատակն է ապագայում հիմք ընդունելով խաղաղության պայմանագրում ներառված կետերը՝ վերցնել այն, ինչ նախապես ծրագրել են։ Այստեղ այդ երկրների շահերը համընկնում են, քանի որ Թուրքիան Արևմտյան բլոկի մաս է և փորձում է իրենց գիծն առաջ տանել։

Ինչ վերաբերում է իշխանամերձ շրջանակների հայտարարություններին, որ Էրդողանը ստորագրել է հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ փաստաթուղթը, և այն դարակում դրված է, Կարեն Իգիթյանն ընդգծեց՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը շատ միֆոլոգիզացված է այն առումով, որ կա կարծրատիպ, որ սահմանի բացումը Հայաստանին շատ ձեռնտու է։

«Իրականում 22 տարի առաջ ընդամենը մեկ հետազոտություն է տեղի ունեցել, որտեղ նման եզրակացություն է եղել, որը շատ թույլ հետազոտություն է, և դրանից հետո 22 տարի է անցել։

Հիմա որևէ մեկը չի նստել ու հաշվել, թե ինչ առավելություններ կարող է Հայաստանը ստանալ տնտեսական առումով և ինչ կորուստներ կարող է ունենալ այդ ոլորտում։ Եթե քաղաքական առումով դիտարկենք, ապա, եթե սահմանը բացվեց և, օրինակ, անցավ 1-2 տարի, Հայաստանի տնտեսության մի մասը թուրքական կոմունիկացիաներն օգտագործելով՝ գնա Եվրոպա,  մի օր Թուրքիան ասելու է՝  սա մի արեք, մյուսը մի արեք, թե չէ մենք մեր սահմանը նորից կփակենք։ Այսինքն՝ ամբողջ բիզնեսը, որն անցնելու է Թուրքիայի ճանապարհով, ուզած թե չուզած, դառնալու է Թուրքիայի քաղաքականության լոբբիստ, իսկ գործարարները մի օր  գալու են ու Կառավարությանն ասեն՝  մի արեք, քանի որ մեր բիզնեսը տուժելու է։ Այնպես չէ, որ Թուրքիայի համար սա վատ բան է, իսկ մեզ համար՝ լավ։ Նույնը՝ Ադրբեջանի դեպքում, եթե մենք բացում ենք մեր ճանապարհն Ադրբեջանի ու Թուրքիայի համար, իրենք անվտանգ օգտվելու են, քանի որ նպատակ ունեն յուրաքանչյուր կոնֆլիկտային իրավիճակ օգտագործել ռազմական ներխուժման համար։ Իսկ մենք կկարողանա՞նք Ադրբեջանի ճանապարհներից անվտանգ օգտվել՝ փորձը ցույց է տալիս, որ չենք կարող»,- շեշտեց Կարեն Իգիթյանը։

Ինչ վերաբերում է Արցախի ու արցախահայության խնդրին, և, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում չի խոսվում Արցախի հարցի մասին, արդյո՞ք ՀՀ իշխանությունն այն մեկընդմիշտ փակել է, Կարեն Իգիթյանը պատասխանեց, որ ՀՀ գործող իշխանությունը փորձում է այդ հարցը փակել ու փակ պահել, այնպես, ինչպես փորձում է Ադրբեջանը։ Այս հարցում Հայաստանի և Ադրբեջանի օրվա իշխանությունները դաշնակիցներ են, ինչպես նաև՝ Թուրքիան։

«Ադրբեջանը հայտարարում է, որ նման հարց չկա այլևս, գրեթե նույն կերպ արձագանքում է ՀՀ իշխանությունը։ Այլ հարց  է՝ այս հարցը կա՞, թե՞ չկա։ Արցախի հարցը միանշանակ կա, որովհետև կա անցյալ, կա մեծ ռազմաքաղաքական անցյալ Արցախի մոտ, կա բանակցային անցյալ, որը ֆիքսված է, կան արցախահայերը։ Եվ ամենակարևորը, որը պետք է ֆիքսենք, այն է, որ Արցախի հարցն առանձին հարց չէր։ Գուցե սա ամենամեծ սխալն էր, որ մենք փորձում ենք այն առանձին դիտարկել, որովհետև մենք չենք ունեցել Նախիջևանի առանձին հարց, Կարսի հակամարտություն և այլն։ Թուրքիայի կամ Ադրբեջանի համար այսպես հեշտ է։ Հիմա կա Սյունիքի հարց, իսկ եթե ավելի խորքից նայենք, մենք ունենք ընդամենը մեկ հարց՝ Թուրքիան ու Ադրբեջանը կկանգնեն այն ժամանակ, երբ այս հողն ամբողջությամբ իրենցով անեն։ Իրական հարցը Երևանի հարցն է»,- եզրափակեց Կարեն Իգիթյանը։

Տեսանյութեր

Լրահոս