«Ստորագրելու հաջորդ օրն Ալիևը կճղի թուղթը և տանկերով կանցնի առաջ. թուղթը չի ապահովում քո անվտանգությունը». Կարեն Իգիթյան

Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման արարողությանը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ օրը մի նոր խորհրդանիշ է մեր ապագայի համար, որովհետև, ըստ նրա՝ «մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պետք է մնա անսասան, հայրենիքը պետություն դարձնելու և պետությունը հայրենիք ընկալելու մեր մտածելակերպը պիտի վերահաստատվի»:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր ԿԱՐԵՆ ԻԳԻԹՅԱՆՆ այն կարծիքին է, որ Հայաստանի լինել-չլինելը հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո սկսեց դրվել կասկածի տակ:

«Մյուս կողմից, Փաշինյանն ասում է՝ պետությունը հայրենի ճանաչել. Սա նրա մասին է, որ մեր հայրենիքն ընդամենը 29.800 քառակուսի կիլոմետր է, որովհետև եթե հիշեք, այն ժամանակ ընտրություններ էին, ինչ-որ տարածքում ասել էին՝ ինչո՞ւ պետք է վանաձորցին գա մեզ մոտ, նա ասաց, որ այդպիսի բան չի կարող լինել, և իմ հայրենիքը ամբողջ ՀՀ տարածքն է: Հիմա վերցնենք Վերին Սասնաշեն գյուղը. Այդ մարդիկ սասունցի են, այսինքն՝ Սասունը չի՞ նրանց հայրենիքն այլևս, կամ Արցախը մեր հայրենիքը չէ՞, Նախիջևանը մեր հայրենիքը չէ՞: Հազարավոր մարդիկ ունենք Արցախից և Նախիջևանից, միլիոնավոր՝ Արևմտյան Հայաստանից: Դա հայրենազրկում է. երբ մարդկանց ասում ես՝ քո հայրենիքը միայն 29.800-ն է, այդ մարդկանց փորձում ես զրկել իրենց պատմական հայրենիքից»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարդացեք նաև

Կարեն Իգիթյանի խոսքով՝ Փաշինյանն ու նրա թիմն ինչ անում կամ ասում են, Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի շահերի հետ առնչություն չունի. «Դա գուցե ԱՄՆ-ի, գուցե Բրիտանիայի շահերի մասին է, ինչ-որ տեղ՝ նաև Թուրքիայի մասին է, բայց Հայաստանի և հայ ժողովրդի շահերի մասին չէ»:

Ըստ նրա՝ Հայաստանում այս իրավիճակում հակառուսական տրամադրություններ հրահրում են ԱՄՆ-ը և տարածաշրջանում նրա դաշնակից Թուրքիան. «Դա արվում է տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու համար: ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներն ուղիղ ասում են այդ մասին: Այդ շրջանակներում հասկանալի է՝ ինչու են ասում՝ թող ռուսական զորքն Արցախից հեռանա: Բայց եթե քաղաքական գործիչը հայության շահերի, հայերի անվտանգության մասին է խոսում, չի կարող նման բան ասել: Այսինքն՝ էլի գալիս ենք այն կետին, որ այն մարդիկ, ովքեր նման բաներ են ասում, ԱՄՆ-ի շահերի մասին մտածում են, իսկ հայության շահերի մասին ընդհանրապես չեն մտածում»:

Հարցին՝ իսկ Ռուսաստանն իր շահերի մասին մտածո՞ւմ է այս տարածաշրջանում, նա պատասխանեց. «Պետք է հասկանանք, որ Ռուսաստանը մեծ և բարդ երկիր է: Ռուսաստանի վերաբերյալ ասում են, որ Կրեմլն ունի 7 աշտարակ, և ամեն մեկն իր կարծիքն ունի, նման բան գոյություն ունի: Այսինքն՝ զինվորականները մի թև են, տնտեսական բլոկը՝ ուրիշ, և այդպես շարունակ: Այն պատճառով, որ Ռուսաստանը չունի միասնական մոտեցում, Ռուսաստանն էլ է տուժում տարածաշրջանում, մենք էլ»:

Նա նկատեց. «Ադրբեջանը հստակ նպատակ է դրել՝ Երևանում պետք է լինի Ադրբեջանի դրոշը: Ի՞նչ նպատակ է դրել Հայաստանի դե ֆակտո կառավարությունը՝ մնալ իշխանության, ժողովրդին համոզել, որ ամեն ինչ շատ լավ է գնում: Հայաստանի դե ֆակտո կառավարությունը եթե ընտրություն ունենա՝ պահել իշխանությունը, բայց կորցնել Սյունիքը, ի՞նչ է անելու: Այսինքն՝ իրենք նպատակ չեն դրել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու: Ինչ վերաբերում է թուղթը ստորագրելուն, ապա պատկերացրեք՝ Ալիևին ինչ-որ նյութ ներարկենք, նա ստորագրի մի թուղթը, որ ամբողջը հայերինն է և այլն, բայց ռազմաքաղաքական բալանսն այնպիսին է, ինչպիսին կա, ի՞նչ կանի Ալիևը մյուս օրը՝ այդ թուղթը կճղի ու կանցնի տանկերով առաջ, որովհետև թուղթը չի ապահովում քո անվտանգությունը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս