Ալիևին կհանձեն մեր առաջնագիծը, Հայաստանը գազով սնուցող խողովակաշարը. Կարեն Իգիթյան

Ի պատասխան Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Հայաստանից պահանջվող տարածքային զիջումներին՝ Նիկոլ Փաշինյանն օրերս հանդես եկավ մամուլի ասուլիսով և հայտարարեց՝ առաջիկայում պատրաստվում է այցելել Տավուշի մարզ, հանդիպել բնակիչների հետ, նրանց բացատրել, որ ադրբեջանական մամուլում բարձրաձայնված և պահանջվող գյուղերը ՀՀ տարածքում չեն։

«Նախկինում չեմ բացառել ու այժմ էլ չեմ բացառում, որ դելիմիտացիայի պրոցեսն սկսվի Տավուշի մարզից։ Այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից՝ Հայաստանի շուրջ առկա մարտահրավերները և իրադրության կայունության ապահովման պահանջներն ու անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է Տավուշի մարզի Վերին Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլու և Տիգրանաշեն գյուղերը։

Կարդացեք նաև

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում կովկասագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը, խոսելով Ադրբեջանի պահանջները բավարարելու մասին, նշեց.

«Տավուշի հարցը պարզ էր դեռ Գրանադայից։ Փաշինյանը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառակուսի կիլոմետր տարածքով, դրա մեջ ներառեց Տավուշի մարզի այս գյուղերը։ Հիմա Ալիևը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի։ Ընդգծեմ, որ Տավուշի առաջնագիծը շատ լավ կահավորված է, ուստի, եթե հանձնվում են այդ գյուղերը, ստացվում է՝ հանձնվելու է մեր առաջնագիծը, որն անցնում է այդ գյուղերի տարածքով։ Հանձնվելու է մեր առաջնագիծն այն դեպքում, երբ դեռ հարց է, թե նոր առաջնագիծը երբ է ստեղծվելու։ Սա նշանակում է, որ ադրբեջանցիները երբ ուզեն, որտեղից ուզեն՝ կմտնեն, մինչև նոր առաջնագիծ ստեղծվի»,- ասաց Իգիթյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը, բացի Տավուշի մարզի գյուղերից, Հայաստանից կստանա նաև Հայաստանը սնուցող գազամուղի նկատմամբ հսկողությունը, իսկ դա նշանակում է, որ ինչպես բացում-փակում էր Արցախը սնուցող գազամուղը, նույնն անելու է Հայաստանի հետ։

«Փաշինյանն Ալիևին տվել է լեգիտիմ առիթ՝ հարձակվելու Հայաստանի վրա։ Ինչպես որ Փաշինյանն է Հայաստանից մնացած քարտեզը բռնում ձեռքին և խոսում, նույն տարբերակով Ալիևն է իր ձեռքում բռնելու Գրանադայի հայտարարությունը»,- ասաց Իգիթյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս