Ադրբեջանը Հայաստանի սահմանների մոտ դիրքեր է կառուցում. պատրաստվում են ռազմական գործողությունների. Կարեն Իգիթյան
Օրերս Եվրոպայի խորհրդի նիստում ԵՄ առաջնորդները, դիմելով Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին, կոչ արեցին բարեխղճորեն մասնակցել բրյուսելյան ձևաչափով բանակցություններին և գործընթացը մինչև տարեվերջ հասցնել ավարտին:
Ուշագրավ է, որ, թեև բանակցություններից արդեն երկրորդ անգամ հրաժարվում է մասնակցել ադրբեջանական կողմը (Ալիևը նախ չմասնակցեց Գրանադայում կայացած հանդիպմանը, ապա հրաժարվեց նաև հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված հանդիպումից), սակայն, ԵՄ-ն կոչ արեց ոչ թե հասցեական Ադրբեջանին, այլ՝ նաև Հայաստանին՝ հույս ունենալով մինչև տարեվերջ հասնել որևէ փաստաթղթի ստորագրման։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանն անիրատեսական համարեց Ադրբեջանի հետ որևէ փաստաթղթի ստորագրումն ու խաղաղության հաստատումը, որովհետև, ըստ նրա, Ադրբեջանը Արցախի սահմանին կանգնած իր զորքը, Արցախն ամբողջությամբ օկուպացնելուց հետո, տեղակայում է Հայաստանի հետ սահմանին և ցանկանում Հայաստանը մաս-մաս ուտել։
«Ադրբեջանը Հայաստանի սահմանների մոտ զորամասերի համար դիրքեր է կառուցում։ Նրանք պատրաստվում են ռազմական գործողությունների՝ ընդդդեմ Հայաստանի։ Ալիևը բրյուսելյան հարթակից ստացել է այն, ինչ ուզում էր՝ Փաշինյանն Ադրբեջանի մաս է ճանաչել ինչպես ամբողջ Արցախը, այնպես էլ՝ Հայաստանից, այսպես կոչված, անկլավները, ուստի դա անելով՝ Ալիևին տվել է առիթ ինչ-որ ժամանակ անց հայտարարել, թե իր տարածքներն է սկսում ազատագրել՝ ցույց տալով Փաշինյանի հայտարարությունները՝ որպես ագրեսիան արդարացնող հիմնավորում։ Ի դեպ, Ալիևը չի բավարարվելու միայն այդ տարածքներով»,- ասաց Իգիթյանը՝ շեշտելով՝ ռազմական գործողությունները կանխարգելող գործոն չի կարող լինել մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման ձգտող Եվրամիությունը նաև այն պատճառով, որ նա իր դիտորդներին պատերազմի ժամանակ պարզապես ռազմական գործողությունների վայրից կհեռացնի։
Իգիթյանը հիշեցրեց, թե ինչպես ԵՄ-ն ՄԱԿ մանդատով օժտված խաղաղապահներին հեռացրեց Սիրիայից, երբ Սիրիայում ահաբեկիչներն անցան ռազմական գործողությունների։
Տարածաշրջանային հարցերով փորձագետի խոսքով՝ ի տարբերություն ԱՄՆ-ի կամ աշխարհաքաղաքական այլ կենտրոնի, որոնք ունեն հստակ ազգային շահեր և Հայաստանի հետ հարաբերվում են՝ ելնելով իրենց ազգային շահերից, Փաշինյանն անում է ճիշտ հակառակը՝ Հայաստանի շահերը մաս-մաս ծախում է այդ կենտրոններին՝ հանուն սեփական իշխանության պահպանման։
«Փաշինյանի Կառավարությունը շատ վատ ճանապարհ է ընտրել, Հայաստանի ինքնիշխանությունը մաս-մաս ծախում է, իսկ սա տանում է դեպի Հայաստանի սիրիացում… Սյունիքում պատերազմի վտանգը մեծ է։ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն իրենց նպատակները, և դրանք ամրագրված են Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագրերով, ուստի պետք է հասկանալ, որ գործելու են Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ մնացած երկրները լինելու են արձագանքողի դերում՝ փորձելով իրենց օգուտները քաղել այդ վիճակից»,- ասաց Իգիթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։