«Միայն այս փաստը կարող է ցույց տալ, որ այդ անձի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը». Կովկասագետը՝ Արսեն Թորոսյանի հայտարարության մասին
Այսօր «Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը. պարտվողական ինքնավարությունից դեպի հաղթական Քարվաճառ» զեկույցի շնորհանդեսի ժամանակ կովկասագետ Կարեն Իգիթյանն անդրադարձավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, որ «Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել՝ ինքնախաբեությամբ ենք զբաղվել»։
Ըստ Կարեն Իգիթյանի, իշխանական պատգամավորի այդ պնդումն ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում:
«1998 թվականի իշխանափոխությունից հետո ամբողջությամբ փոխվեց բանակցությունների տրամաբանությունը, քանի որ այդ ժամանակ մենք ԵԱՀԿ միջնորդների կողմից ունեցանք առաջարկ, որ Արցախն Ադրբեջանի հետ չլինի ուղղաձիգ կապով, ինչն Ադրբեջանը մերժեց։ Երկրորդը, որ Քիվեստի առաջարկն էր, որով Արցախը պետք է միանար Հայաստանին, սա ևս մերժվեց։ Միայն այս փաստը մեզ կարող է ցույց տալ, որ այդ անձի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը։ Միջազգային հանրությունը պատրաստ էր ոչ միայն Արցախի անկախության մասին խոսել, այլ ընդհանրապես միանգամից ճանաչել Արցախը Հայաստանի մաս։ Էլ չեմ ասում, որ հետագա բանակցություններն ընթանում էին էլի այդ տրամաբանության մեջ, որ Արցախը պետք է ստանա կարգավիճակ, և հետո պետք է ունենա հանրաքվե և իր վերջնական կարգավիճակը որոշի, այստեղ, բնականաբար, խոսքն անկախության մասին էր»,- նշեց Կարեն Իգիթյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում