Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը համոզված է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև հայտարարված զինադադարը երկար չի տևելու, և ամերիկացիներն ու իսրայելցիները երկշաբաթյա հրադադարի միջոցով պարզապես ժամանակ են շահում՝ իրենց ուժերը վերադասավորելու, նախապատրաստվելու և նոր հարձակման անցնելու նպատակով։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Գրիգոր Բալասանյանը խոսեց ներկա պահին Իրանի շուրջ տիրող իրավիճակի մասին՝ կանխատեսելով, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի կոալիցիան ցամաքային հարձակման է անցնելու Իրանի դեմ։
Միացյալ Նահանգները բարոյական պարտություն կրեց Իրանի դեմ պատերազմում. Թրամփը դեռ մինչև երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությունն էր նահանջի ճանապարհ բացել իր համար։ Այսպիսի կարծիք է հայտնել 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Զինված ուժերի պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ խոսելով Իրանի դեմ Միացյալ Նահանգների ու Իսրայելի 40-օրյա պատերազմի արդյունքների և Պակիստանում մեկնարկած ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացի հեռանկարների մասին։
Իրանում մեծ հույսեր չունեն Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի պահպանման կամ խաղաղ բանակցությունների հաջող ընթացքի առնչությամբ։ Այս պահին հարցականի տակ են Պակիստանի միջնորդությամբ ուրբաթ օրն Իսլամաբադում նախատեսված բանակցություններն Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև։ Ամեն դեպքում Իրանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման՝ շատ լավ հասկանալով, որ պայմանավորվածություններ խախտելը սովորական երևույթ է հակառակ կողմի համար։