Պետք է ամեն ինչի պատրաստ լինել. Հայաստանը պետք է օրինակ վերցնի Իրանից՝ ինչպես պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը. Փույա Հոսեյնի

Իրանում մեծ հույսեր չունեն Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի պահպանման կամ խաղաղ բանակցությունների հաջող ընթացքի առնչությամբ։ Այս պահին հարցականի տակ են Պակիստանի միջնորդությամբ ուրբաթ օրն Իսլամաբադում նախատեսված բանակցություններն Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև։ Ամեն դեպքում Իրանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման՝ շատ լավ հասկանալով, որ պայմանավորվածություններ խախտելը սովորական երևույթ է հակառակ կողմի համար։ Այս մասին 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում հաղորդեց «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» տնօրեն, իրանցի փորձագետ Փույա Հոսեյնին՝ խոսելով ապրիլի 7-ին հայտարարված հրադադարի և իրանա-ամերիկյան բանակցությունների հեռանկարների մասին։

Իրանցի փորձագետը շեշտում է՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը միայն ուժի լեզուն են հասկանում, և Իրանն էլ ուժի լեզվով է խոսում նրանց հետ՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Իրանը պատրաստ է ցանկացած զարգացման, գիտի՝ հակառակ կողմը ոչ մի պայմանավորվածություն չի պահում, բարոյական ոչ մի նորմ չունի, և հիմա էլ Իրանը պատրաստ է ամեն ինչի։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որը հաստատում է թե՛ Իրանի կողմը, թե՛ Պակիստանի կողմը, որ Լիբանանի ճակատում էլ պետք է հրադադար հաստատվի, և մենք տեսնում ենք, որ Իսրայելը խախտում է՝ հայտարարելով, թե Լիբանանի ճակատը չի մտնում հրադադարի համաձայնության մեջ, և ինչպիսի ռազմական հանցագործություններ երեկ իրականացրեց՝ 10 րոպեում սպանելով ավելի քան 250 մարդ Լիբանանում։ Նման երկրները միայն ուժի լեզուն են հասկանում, և Իրանն էլ ամեն ինչ անում է, որ կարողանա ուժի լեզվով խոսել նրանց հետ»,- մեկնաբանեց Փույա Հոսեյնին։

Կարդացեք նաև

Իրանցի փորձագետն անդրադարձավ Իրանի ներկայացրած 10 կետերից 3-ի խախտմանը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, այդ թվում՝ Լիբանանի մասին կետին։ Փորձագետի խոսքով՝ հրադադարի մասին համաձայնությունը եռակողմ է եղել՝ Պակիստան-ԱՄՆ-Իրան, և այդ պայմանավորվածությունը հաստատում են թե՛ պակիստանյան, թե՛ իրանական կողմերը, մինչդեռ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հակառակն են պնդում։

«Բանակցությունները, մինչև այս պահը դեռ հարցական է՝ տեղի կունենան, թե ոչ, որովհետև Լիբանանի կետի խախտումը լուրջ խախտում է։ Ամեն դեպքում ցանկալի է, որ բանակցությունները տեղի ունենան, և խաղաղությունը վերջնական հաստատվի։ Ինչպես պարոն Ղալիբաֆը հայտարարեց՝ 3 կետ խախտվել է, բայց հուսանք, որ մինչև վերջ կկարողանան իրենց խոստումները պահեն, բայց մենք էդքան հույս էլ չունենք»,- ասում է իրանցի փորձագետը։

Նկատենք, որ 40-օրյա պատերազմից հետո հրադադարի մասին հայտարարությունը և Թրամփի կողմից Իրանի ներկայացրած 10 կետերի ընդունումը, այդ թվում՝ ուրանի հարստացման Իրանի իրավունքի ճանաչումը, Իրանի դեմ բոլոր առաջնային և երկրորդային պատժամիջոցների չեղարկումը, ինչպես նաև՝ Իրանի կրած վնասների փոխհատուցումը, իրանցիներն ընդունեցին՝ որպես Իրանի հաղթանակ ամերիկյան գերտերության դեմ։ Հարցին՝ ի վերջո, ո՞վ հաղթեց 40-օրյա պատերազմում, և արդյոք կարելի՞ է Իրանին համարել հաղթող կողմ, Փույա Հոսեյնին պատասխանում է՝ կախված է նրանից, թե ինչ տեսանկյունից նայենք հարցին և վերլուծենք այն։

«Իրանը պատերազմել է մի քանի տասնյակ անգամ ավելի հզոր ուժերի՝ երկու միջուկային պետությունների դեմ և դիմադրել է և ավերիչ հարվածներ է հասցրել հակառակորդներին, մեծ վնասներ է հասցրել նրանց թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ վարկանիշի առումով, և եթե այդ տեսանկյունից նայենք, իհարկե, Իրանը հաղթել է, Իրանը դիմադրել է. նրանք չեն հասել իրենց նպատակներին, ինչպես իրենք էին ասում՝ մի քանի օրվա մեջ լիարժեք Իրանը հանձնվի, հեղաշրջում լինի Իրանում, և հրաժարվի միջուկային ծրագրից։ Այս ամենը վերլուծելով՝ չենք կարող ասել, որ իրենք հաղթել են։ Բայց, ամեն դեպքում, իրական վիճակը վերլուծելով՝ դեռ չենք կարող լիարժեք համարել, որ որևէ մի կողմ հաղթել է»,- նշում է իրանցի փորձագետը։

Այս համատեքստում Փույա Հոսեյնին խոսում է գերտերությանը դիմակայելու Իրանի հաջողության գրավականների, իրանական պատերազմի օգտակար փորձի ու դասերի և հայ-իրանական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Հայաստանը նույնպես կարող է սովորել Իրանից։ Մոտ 10-20 մլրդ դոլար ռազմական բյուջեով Իրանը կարողացավ հավասարը հավասարին պատերազմել աշխարհի թիվ մեկ գերտերության՝ մոտ 1 տրիլիոն դոլար ռազմական բյուջեով Ամերիկայի Միացյալ Նահանգներին ու նրա դաշնակից Իսրայելին։ Ի վերջո, ինչպե՞ս դա հաջողվեց հարևան Իրանին։

Հոսեյնիի խոսքով՝ Իրանի արդյունավետ պաշտպանության և դիվանագիտության ամենամեծ գաղտնիքը ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ է։ Հոսեյնին ընդգծում է՝ Իրանը դիմադրության գաղափարախոսության կերտողն է տարածաշրջանում։

«Իրանը տարիներ շարունակ պատրաստվել է այս պատերազմին, և այս հաջողության ամենամեծ գաղտնիքը դիմադրությունն է մինչև վերջ, և ոչ թե՝ առանց ստրատեգիայի դիմադրելը, այլ ստրատեգիական դիմադրությունը, որը կազմակերպված էր ապակենտրոնացման սկզբունքով։ Եթե նայենք Իրանի ռազմական բյուջեին, այն 10-20 մլրդ դոլար է, բայց Միացյալ Նահանգները՝ 1 տրիլիոն, նաև նա ունի ամենավերջին զենքերն ու տեխնոլոգիաները, ամենավերջին սերնդի կործանիչները, նաև Իսրայելը տարածաշրջանում ամենահզոր բանակներից մեկն է։ Իրանը սովորել է՝ ինչպես կարող է պայքարել այդ ուժերի և ուժային հարաբերությունների դեմ։ Իրանը դիմադրության գաղափարախոսության կերտողն է տարածաշրջանում։ Գաղտնիքը նաև առաջնորդների մեջ է՝ իրենք պատրաստ են զոհվել ազգի համար, առաջինն իրենք զոհվեն, հետո՝ զինվորները։ Այսինքն՝ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉՀԱՆՁՆՎԵԼ. նրանք պատրաստ են կռվել անգամ մինչև արյան վերջին կաթիլը, և դա է, որ մեզ ուժ է տվել աշխարհի ամենաուժեղ զենքերի դեմ»,- բացատրում է փորձագետը։

Փույա Հոսեյնին հավելում է՝ իրանա-իրաքյան 1980-88թթ. պատերազմից հետո իրանցիները հասկացել են, որ պետք է հույսը դնեն իրենց վրա։

«Հայաստանն այս պատերազմների ժամանակ կարող է շատ բաներ Իրանից սովորել, որովհետև Հայաստանը նույնպես գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ տարածքային նկրտումներ ունեն իր դեմ իր թշնամիները՝ ադրբեջանա-թուրքական տանդեմը, և հիմա այս պահին Հայաստանը գնում է դեպի խաղաղություն, գործընթացների մեջ է՝ խաղաղություն հաստատի տարածաշրջանում, բայց պետք է ամեն ինչի պատրաստ լինել, որովհետև խաղաղության ոչ մի երաշխիք չկա։ Դրա համար պետք է օրինակ վերցնի Իրանից՝ ինչպես Իրանը կարողացավ մի քանի տասնյակ անգամ ավելի հզոր բանակների դեմ պայքարել և պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը։ Շատ բաներ կարող է Հայաստանն Իրանից սովորել այս պատերազմներին և կարողանալ իր զինված ուժերն այնպիսի մակարդակի բերել, որ եթե, Աստված չանի, մի ժամանակ նորից պատերազմի վտանգ լինի Հայաստանի հանդեպ, կարողանա զսպողական ուժ ունենալ և կարողանա դիմադրել հակառակորդներին»,- շեշտում է Փույա Հոսեյնին։

Իրանցի փորձագետը նաև ընդգծեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և հայ-իրանական սահմանի անխախտելիության մասին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի և պաշտոնական Թեհրանի սահմանած «կարմիր գիծն» այսօր էլ Իրանի համար առկա է։

«Եթե Իրանը հաղթող դուրս գա, կամրապնդվի նաև Հարավային Կովկասի անվտանգությունը։ Ինչ էլ լինի՝ Իրանը Հայաստանի «կարմիր գիծը» կպահպանի։ Իրանը զարգացած և կայուն Հայաստան է ուզում իր հարևանությամբ»,- շեշտեց Փույա Հոսեյնին։

Իրանցի փորձագետի գնահատմամբ՝ պատերազմն ամեն դեպքում կազդի նաև ԹՐԻՓՓ նախագծի վրա։ Հոսեյնիի խոսքով՝ ԹՐԻՓՓ-ի հարցը կախված կլինի այս պատերազմի արդյունքից։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ռազմական գործողություններ էին սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ի առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական ժամկետն էր սահմանել Իրանի Իսլամական Հանրապետության համար մինչև մինչև նույն օրվա ժամը 20։00-ն՝ սպառնալով ավերիչ հարվածներ հասցնել Իրանի էլեկտրացանցերին և տրանսպորտային ենթակառուցվածքներին և «ոչնչացնել Իրանի ամբողջ քաղաքակրթությունը», եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը և գործարք չկնքի Միացյալ Նահանգների հետ։

Սակայն «դեդլայնի» ավարտից ընդամենը մեկուկես ժամ առաջ՝ Վաշինգտոնի ժամանակով 18։32-ին, Թրամփը Truth Social սոցցանցի իր պաշտոնական էջում հայտարարեց, որ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի միջնորդությամբ Միացյալ Նահանգները համաձայնել է ԵՐԿՇԱԲԱԹՅԱ ԵՐԿԿՈՂՄ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ՝ ընդառաջելով գիշերը նախատեսված «ավերիչ գործողություններից» հետ կանգնելու նրանց խնդրանքին և այն պայմանով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայնի Հորմուզի նեղուցի ամբողջական, անհապաղ և անվտանգ բացման։ Դոնալդ Թրամփը նաև նշել էր, որ ամերիկյան կողմն ընդունել է Իրանի 10-կետանոց առաջարկը՝ որպես բանակցությունների հիմք։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930