Իրանը շատ պինդ ընկույզ էր. Էրդողանի ծպտունը դուրս չի գալիս… Գրիգոր Բալասանյան
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը համոզված է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև հայտարարված զինադադարը երկար չի տևելու, և ամերիկացիներն ու իսրայելցիները երկշաբաթյա հրադադարի միջոցով պարզապես ժամանակ են շահում՝ իրենց ուժերը վերադասավորելու, նախապատրաստվելու և նոր հարձակման անցնելու նպատակով։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Գրիգոր Բալասանյանը խոսեց ներկա պահին Իրանի շուրջ տիրող իրավիճակի մասին՝ կանխատեսելով, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի կոալիցիան ցամաքային հարձակման է անցնելու Իրանի դեմ։

«Ամերիկացիները ժամանակ են շահում Իրանի դեմ ցամաքային օպերացիա իրականացնելու համար։ Հիմա գնում է շատ ակտիվ աշխատանք Իրանի բոլոր հարևանների հետ՝ տեսնեն, թե ով կկարողանա մասնակից դառնալ կամ տարածք տրամադրել դրա համար։ Այս պահին ընթացող ստվերային բանակցությունները դրա մասին են գնում։ Իսլամաբադն իրեն ինչպես կդրսևորի, քանի անգամ Պակիստանի բանակի հրամանատարը կգնա Թեհրան, հետ կգա՝ էական չէ. սա արվում է ուշադրություն շեղելու համար, և իրանական կողմն արդեն հստակ պատկերացնում է դա, դրա համար էլ հայտարարեց, որ Պակիստանին իրենք չեն դիտարկում միջնորդ։ Հիմնական նախապատրաստական աշխատանքը գնում է ցամաքային օպերացիա իրականացնելու համար։ Թրամփը փորձում է դա անել՝ գոնե իր դեմքը փրկելու համար։ Եթե սա էլ տապալվեց, իսկ բոլոր շանսերը կան, որ սա էլ է տապալվելու, Թրամփին ուրիշ բան չի մնում, քան ուղղակի հրաժարական տալ»,- կարծում է Գրիգոր Բալասանյանը։
Միջազգայնագետն ընդգծում է՝ ինչքան էլ ամերիկացիներն ու իսրայելցիները երկու անգամ բանակցությունների ընթացքում հարձակվել են Իրանի դեմ, բայց իրանցիները, լինելով արիական ժողովուրդ, սովորաբար իրենց խոսքի տերն են լինում, և երբ մի ամբողջ պետության արտգործնախարար գալիս է իրենց հետ բանակցելու, իրենք նույն կերպ են ընդունում նրան, բայց արի ու տես, որ նույնիսկ աշխարհի թիվ 1 գերտերությունը չի խորշում զուգահեռաբար «մի ձեռքով բանակցել, մյուս ձեռքով սուրը հանել պատյանից՝ հակառակ կողմին սպանելու նպատակով»։
Միջազգայնագետի խոսքով՝ «աշխարհն այլևս լուրջ չի ընդունում ԱՄՆ նախագահ Թրամփին» հատկապես նրա վերջին օրերի ելույթներից հետո, իսկ «Իրանը շատ պինդ ընկույզ էր» Նահանգների ու Իսրայելի համար։
«Միացյալ Նահանգները հասկանում է, որ մնացել է միայնակ»,- նշում է միջազգայնագետը՝ հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չաջակցեցին Թրամփի հակաիրանական կամպանիային։
Գրիգոր Բալասանյանը վստահ է, որ աշխարհի թիվ 1 գերտերությանն ու նրա դաշնակցին դիմակայելուց և այս դիմակայությունից շահած դուրս գալուց հետո Իրանը ոչ միայն իրանա-ամերիկյան բանակցություններում է փաստացի ուժի դիրքերից հանդես գալիս, այլև Հայաստանում նախատեսված և հայ-իրանական սահմանին առնչվող ծրագրերի, մասնավորապես՝ ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցերում կարող է հանդես գալ ուժի դիրքերից և իր պայմանները թելադրել։ Մատնացույց անելով իրանական հակամարտության ընթացքում Միացյալ Նահանգների դաշնակիցը համարվող Ծոցի արաբական երկրների տխուր փորձը՝ Գրիգոր Բալասանյանը զգուշացնում է. «Հիմա Միացյալ Նահանգների հետ բարեկամություն խաղալու ժամանակը չէ»։
Միջազգայնագետի կարծիքով՝ պատերազմի արդյունքներով Իրանն առաջատար պետություն է դառնում տարածաշրջանում, դրա համար էլ «Էրդողանի ծպտունը դուրս չի գալիս»։
«Իրանի ուժեղացած դուրս գալուց առաջինը շահում ենք մենք, Ալիևի ախորժակը շատ արագ փակվելու է»,- հավելեց Գրիգոր Բալասանյանը։

Թեմայի առնչությամբ Գրիգոր Բալասանյանն իր տեսակետը հայտնեց նաև Պուտին-Փաշինյան ապրիլի 1-ին Կրեմլում տեղի ունեցած հանդիպման և տեսախցիկների առջև տեղի ունեցած հայտնի խոսակցության, այդ թվում՝ Արցախի թեմայի արծարծման և Պուտինի թափանցիկ ակնարկների հնարավոր հետևանքների վերաբերյալ։
Միջազգայնագետը նկատում է՝ Պուտինի կրեմլյան ելույթից հետո ՌԴ արտահանվող մի քանի հայկական ապրանքատեսակների հետ կապված խնդիրներ սկսեցին առաջանալ։ Գրիգոր Բալասանյանը նաև սխալ է համարում Փաշինյանի կողմից Պուտինին ի պատասխան «կծելն» ու «խայծելը»՝ երեսին ասելով, թե Հայաստանն ավելի դեմոկրատական երկիր է, և Հայաստանում սոցցանցերի ազատության սահմանափակում չկա։ Միջազգայնագետը քննադատում է Փաշինյանի ելույթի նաև մյուս հատվածները։
«Պե՞տք էր արդյոք էդպես անպատրաստ գնալ այդ հանդիպմանը։ Ի՞նչ է նշանակում՝ հայ-ադրբեջանական սահմանը 100 տոկոսով համապատասխանում է Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ սահմաններին։ Խորհրդային Ադրբեջանի հետ ներկայիս Ադրբեջանն ի՞նչ կապ ունի։ Այս Ադրբեջանի սահմանադրության հետ Խորհրդային Ադրբեջանն ի՞նչ կապ ունի։ Լավ, կարելի՞ էր էդքան անպատրաստ գնալ հանդիպման, մեկը չկա՞ր՝ էդ մարդուն ասեր։ Տեքստը ո՞վ է գրել։ Դուք նայե՞լ եք Ադրբեջանի սահմանադրությունը։ Հայաստանի վարչապետն է, անձը դնում ենք մի կողմ։ Հայաստանի վարչապետը գնում է Մոսկվա, հանդիպում է ՌԴ նախագահի հետ, մասնակցում է միջպետական բանակցությունների։ Դուք ինչո՞ւ եք էդ մարդուն դնում վատ վիճակի մեջ։
Դուք չեք կարդացե՞լ Ադրբեջանի սահմանադրությունը, որտեղ սևով սպիտակի գրված է 1991թ. հոկտեմբերի 28-ի սահմանադրական կարգավորումներն Ադրբեջանի, որ առաջինը, Ադրբեջանն իրեն համարում է 1918-20թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, և երկրորդ, Ադրբեջանը 1922-1992թթ. տարիները համարում է «խորհրդային օկուպացիայի» տարիներ։ Ինչի՞ հիման վրա եք դուք այս սահմանը գծում։ Այս Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ իրեն չի համարում, հետևաբար՝ ո՞ւմ հետ ենք մենք այսքան տարի բանակցել, այսինքն՝ ինքնահռչակ, ռուսերեն ասած՝ «սամազվանեց» («самозванец») մեկը եկել-նստել է բանակցությունների սեղանի շուրջ, ու էս 30 տարվա մեջ մեկը չի ասե՞լ՝ տղա ջան, դու ստեղ ի՞նչ ես անում, դու ո՞ւմ ես ներկայացնում, դու ո՞վ ես, դու ո՞ր երկրի ղեկավարն ես՝ 1918-20թթ., ուրեմն, երբ հարցը կգա Ղազախի շրջանի պատկանելիության հարցը որոշելու, թե Հայաստանի՞նն է, թե՞ Ադրբեջանինը, կգաս-կնստես էս սեղանի շուրջ։ Արցախի հետ դուք կապ չունեք, որովհետև 1918-20թթ. Ադրբեջանի տարածքում Արցախ չի եղել, դու էս ի՞նչ ես էկել, ո՞ւմ հետ ես էկել-բանակցում»,- նշեց միջազգայնագետը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



