«Եթե մարդը, երկիրը ներսից թույլ են՝ ցանկացած մեկը կարող է ոտքի տակ գցել. Փրկությունը ներսում է». Արցախի հարցի անտեսման վտանգներն ու Հայաստանը

Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանի հետ Խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասի շուրջ եկել են համաձայնության։ Նա չի մանրամասնել, սակայն ասել է, որ դեռևս կան շատ կարևոր կետեր, որոնց շուրջ երկուստեք չկա համաձայնություն։

Հայկական կողմից Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մակարդակով բազմիցս նշվել է, որ Խաղաղության պայմանագրում չկա հայ գերիների ու պատանդների, Արցախի ու արցախահայության հարց, այն վերաբերում է միայն ու միայն Հայաստանի, ինչպես Նիկոլ Փաշինյանն է մշտապես նշում՝ 29.743 քկմ տարածքին։

Տարբեր փորձագետներ՝ թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից, մատնանշում են՝ Արցախը, որը ՀՀ անբաժան մասն է, չի կարող Խաղաղության պայմանագրով հավերժ օտարվել Հայաստանից։

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի խոսքով՝ խաղաղության պայմանագրում պետք է անպայման ներառված լիներ Արցախի, գերիների ու պատանդների, նաև՝ արցախահայերի վերադարձի հարցը։

Կարդացեք նաև

«Սա մտահոգիչ է։ Ադրբեջանը սկզբում նման պահանջ էր ներկայացրել, որ  Հայաստանը պետք է հրաժարվի Արցախից, ՀՀ օրվա իշխանությունն էլ կատարեց այդ պահանջը՝ հայտարարելով, որ ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում։ Բայց պարզ էր, որ սրանով Ադրբեջանը չի բավարարվելու։

Այդուհանդերձ, Ադրբեջանն էլ է գիտակցում, որ անկախ նրանից, թե ՀՀ օրվա իշխանությունն ինչ կասի, Արցախը Խորհրդային Միության կազմում գոյություն ունեցած որոշակի կարգավիճակով միավոր է եղել, ընդ որում՝ երկու միավոր են եղել, մեկը՝ կարգավիճակով մի քիչ բարձր (խոսք վերաբերում է Հայաստանին), մյուսը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վահրամ Բալայանը։

Նրա խոսքով՝ թե՛ Խաղաղության պայմանագրի քննարկումներում, թե՛ առհասարակ, պետք է վերը նշված փաստն օգտագործվի ու բարձրաձայնվի հայկական դիվանագիտության կողմից։ Ի վերջո, Խորհրդային Միության մեջ ԽՍՀՄ-ն էր միջազգային իրավունքի սուբյեկտ, իսկ մյուս երկրներն ու միավորները նրա կազմում ունեին որոշակի տեղ ու դեր։

«Այնպես որ՝ Ադրբեջանում այս ամենը շատ լավ են հասկանում, և՛ Նախիջևանը, և՛ ԼՂԻՄ-ը միավորներ էին, որոնք ունեն որոշակի կարգավիճակ՝ պետականություն կրող կարգավիճակ։ Դրան գումարած՝ այդ նույն ինքնավար մարզի պետական լեզուն  Ադրբեջանի Կենտգործկոմի որոշումով հայերենն էր։ Այսինքն՝ այս հանգամանքները կան, և ավելին՝ ԼՂԻՄ-ում կար Սահմանադրություն, մինչև կանոնադրության ձևավորումը՝ ի դեպ, Ադրբեջանի կողմից ձևավորված։

Մենք ունենք որոշակի իրավունքներ՝ մեր բնիկ տարածքում, մեր պապենական հողում ունենալ մեր պետությունը։ Տարբեր երկրներ եմ այցելել, երբ Արցախում ԱԺ տարբեր գումարման պատգամավոր եմ եղել, ուստի այդ երկրներն ինձ որպես ի՞նչ են ընդունել. նշանակում է, որ մենք գոյություն ենք ունեցել և՛ դե ֆակտո, և՛ իրավական տեսանկյունից»,- շեշտեց Վահրամ Բալայանը։

Հրապարակախոս, սումգայիթյան, Մարաղայի ջարդերի վավերագրող Բակուր Կարապետյանը Խաղաղության պայմանագրում Արցախի ու արցախահայերի հարցը չներառելը համարում է ՀՀ իշխանությունների կողմից թշնամական քայլ։

«Ես այս իշխանությունների բոլոր քայլերը ոչ թե դավաճանական, այլ թշնամական եմ համարում։ Շնորհիվ այս իշխանությունների՝ չկա հայկական կողմ, նրանք հանդես են գալիս Հայաստանի անունից, բայց Հայաստանի ու հայության թշնամին են, հետևաբար՝ նրանք իրավունք չունեն ներկայացնելու հայ ազգին։

Այստեղ մի մեծ հարց կա՝ ովքե՞ր են այս մարդկանց բերել իշխանության։ Առաջին անգամ չէ, որ այսպես է, այսպես եղել է դարեր շարունակ, երբ Հայաստանը սկսել է ոտքի կանգնել, բերել են դրածոների, ճիշտ ընտրություն չեն կատարել, և Հայաստանի առաջընթացը մի քանի տարի հետ է ընկել, կորցրել է տարածքներ և այլն։ Ցավով եմ ասում, բայց մեր երկրում մեր ժողովուրդը ճիշտ չի գնահատում իրավիճակը և մարդկանց»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Բակուր Կարապետյանը։

Ըստ նրա, Հայաստանում այսօր չեն գնահատում նաև կարող մարդկանց, նրանց հնարավորություն չեն տալիս, հետևաբար՝ այն երկրներում, որտեղ մարդկանց ինտելեկտը չի օգտագործվում, ստեղծվում է կոլապսային իրավիճակ, քանի որ ղեկին հայտնվում են անկարող մարդիկ։

«Եթե մարդը, երկիրը ներսից թույլ են, ապա ցանկացած մեկը կարող է ոտքի տակ գցել ու անցնել։

Ինքս լինելով արցախցի, այսօր ապրում եմ ողբերգական օրեր, հիասթափվել եմ ամեն ինչից, որովհետև մենք արժեք ենք կորցրել ու չենք գիտակցում ու շարունակում ենք կորցնել։ Դրանից զատ, մենք կորցնում ենք արցախահայերի գենոֆոնդը։ Արժեքը ոչ թե գումարն է, փողն է, ինչպես ասում են այսօրվա իշխանությունները, այլ գիտելիքը, խելքը։

1988 թվականին ինչո՞ւ հաջողվեց հայ ազգին համախմբել, բայց այսօր չի ստացվում, որովհետև այն ժամանակ ազգին առաջնորդում էին ինտելեկտուալները, խելացիները։ Ինձ որևէ մեկը չի կարող համոզել, թե 1988 թվականին իրավիճակն ուրիշ էր, ուրիշ չէ՛, այն ժամանակ էլ աշխարհը մեր դեմ էր, բայց մենք ներսից համախմբված էինք, նպատակ ունեինք։

Ես կարծում եմ՝ պետք է համախմբվել շարժման շուրջ, անկախ նրանից՝ ով է այն ղեկավարելու, կարևորը՝ պետականամետ մարդիկ լինեն ու ազգային գաղափարի կրողներ, այդ ժամանակ ամեն ինչ լինելու է։ Կրկնում եմ՝ ներսի ուժը պետք է հզոր լինի, հիշենք սա ու փորձենք միավորվել՝ հավատալով, որ ամեն ինչ կլինի։ Մենք չենք կարող դրսից որևէ օգնության սպասել, որևէ մեկը մեզ չի օգնելու, փրկությունն այստեղ է՝ ներսում»,- եզրափակեց Բակուր Կարապետյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս