Իրաքը կարող է միջնորդ դառնալ ԱՄՆ-ի և Իրանի միջև․ CNN
Իրաքը կարող է փորձել միջնորդ դառնալ ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Այդ նպատակով Բաղդադ է հրավիրվել Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Այս մասին CNN-ի եթերում հայտնել է քաղաքական փորձագետ Ալի Ռիզկը։
«Շատ հավանական է, որ նրան հենց դրա համար են հրավիրել», — ասել է Ռիզկը։
Փորձագետը նշել է, որ միջնորդ դառնալով՝ Իրաքը կբարձրացնի տարածաշրջանում իր դերը։ Բացի այդ, վարչապետ Ալի Ֆալեհ ալ-Զայիդին կամրապնդի իր դիրքերը թե՛ Վաշինգտոնի, թե՛ Թեհրանի աչքում։
Այդուհանդերձ, Ռիզկը կասկածում է, որ Իրաքն ավելի հաջողակ կլինի, քան մյուս միջնորդները՝ Պակիստանը, Կատարն ու Օմանը։ «Ցավոք, ես չեմ տեսնում, թե ինչով է Իրաքի դեպքն այդքան հատուկ», — նշել է նա։
Իրաքը հաճախ է հայտնվում ԱՄՆ-ի և Իրանի հակամարտության մեջ։ Օրինակ՝ 2020 թվականի հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ամերիկյան զինվորականները Բաղդադի օդանավակայանի մոտ սպանեցին իրանցի զորամանատար Քասեմ Սուլեյմանիին։
Իսկ հուլիսի վերջին ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համատեղ հարվածեցին Իրաքում գտնվող իրանամետ խմբերին։ Սա պատասխան է եղել ամերիկյան զորքերի և սաուդյան նավթային օբյեկտների վրա արված հարձակումներին։
Հուլիսին Իրաքի վարչապետն այցելել էր Վաշինգտոն և հանդիպել Թրամփի հետ։ Այցից հետո նա հայտարարել է, որ երկու երկրների հարաբերություններում նոր փուլ է սկսվում, և շեշտը դրվելու է տնտեսության, այլ ոչ թե ռազմական կապերի վրա։

