«Բաքվի ջարդերը դաժան էին. Ադրբեջանի բռնապետը հոխորտում է, որովհետև ՀՀ օրվա ղեկավարը թույլ է տվել». Բակուր Կարապետյան

35 տարի առաջ այս օրերին Բաքվում հայությունը ենթարկվում էր ջարդերի, որոնք կազմակերպված էին Ադրբեջանի իշխանությունների կողմից։ 1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվում հայերը ոչ միայն ենթարկվում էին հալածանքների, կոտորածի, այլև էթնիկ զտման։ Մեկ շաբաթ տևած ջարդերի ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, զոհվել է 300 հայ։ Ինչպես 1988 թվականի Սումգայիթյան ջարդերի ժամանակ, այնպես էլ Բաքվի ջարդերի ընթացքում ջարդարարները նախապես գիտեին հայերի բնակության վայրերը՝ բոլոր մանրամասնություններով։

Բաքվի ջարդերի մասին կան բազմաթիվ ականատեսների վկայություններ, հրապարակումներ արտերկրի մամուլում, սակայն, այդ ամենով հանդերձ՝ Ադրբեջանը չի ընդունում իր կատարած ոճրագործությունը, ինչպես չի ընդունում Արցախում արցախահայերի ցեղասպանությունն ու բռնի տեղահանությունը։

Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանն ուսումնասիրել և գրքեր է հրապարակել Ադրբեջանում հայերի, ինչպես նաև արցախահայերի նկատմամբ ադրբեջանական ոճրագործությունների մասին և վստահ է՝ դրանց մասին պետք է խոսել այնքան ժամանակ, մինչև կլինի պատշաճ գնահատականը։

«Ժամանակին ինքս համալսարանում տեղեկատվական պատերազմների մասին դասախոսություններ էի կարդում, որպեսզի պատերազմի դաշտում հաղթելուց հետո, տեղեկատվական դաշտում տանուլ չտանք։ Հիմա փաստորեն այդ դասախոսությունները որևէ մեկին պետք չեն։

Կարդացեք նաև

Հիմա արի ու տես, որ տեղեկատվական դաշտում էլ ենք տանուլ տալիս, եթե թշնամին որևէ բան է անում, մենք դրան պատշաճ չենք հակադարձում, չենք պաշտպանվում։

Ժողովրդի մեջ մի խնդիր կա՝ միտքը, գաղափարը չեն կարողանում ըստ պատշաճի գնահատել։
Բաքվում հայության ջարդերը ծանր են եղել, լայնամասշտաբ, ծովում մի ամբողջ լաստանավ շրջել են ու կոտորել են այդ մարդկանց։ Նրանց մասին որևէ բան չեն խոսում, ասում են՝ անհետ կորել են։ Բաքվի ջարդերը դաժան էին, փողոցներով համատարծ հայությանը կոտորում էին ու ենթարկում էթնիկ զտման»,-168.am-ի հետ զրույցում ասաց Բակուր Կարապետյանը։

Նա հիշեցրեց՝ Ադրբեջանում տեղի ունեցած հայության ջարդերը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր, ինչը շարունակվեց նաև 2020 և 2023 թվականներին Արցախում։ Ցավոք, այս մասին այսօր արդեն քիչ են խոսում։ Իսկ ադրբեջանական քարոզչության դեմ աշխատանք տանելը մնացել է մի քանի լրատվամիջոցների ուսերին։ Մինչդեռ պետական մակարդակով այսօր անընդհատ պետք է հիշեցնեն տեղի ունեցածի մասին։

«Ադրբեջանի ղեկավարը՝ այդ բռնապետը, որն այսօր այդպես հոխորտում է հայության հասցեին, նրան դա թույլ են տվել, թույլ է տվել ՀՀ օրվա ղեկավարը։ Ցեղասպանություն կատարած անձը հոխորտում է հայ ժողովրդի վրա, պատկերացնո՞ւմ եք, ավելին՝ ֆաշիստ է անվանում մեր ազգին, այն դեպքում, երբ թիվ մեկ ահաբեկիչն ու ֆաշիստն ինքն է։ Այդ երկրում, մանկապարտեզներից սկսած՝ հայատյացություն են քարոզում, նրանք այնպես են անում, որ հայության հետ հավերժ թշնամանք լինի։ Այս ամենին զուգահեռ՝ ՀՀ ղեկավարը խաղաղություն է քարոզում, նրա վարած քաղաքականությունը քննադատողներին էլ ասում են՝ մարդն աշխատում է, թողեք աշխատի, մարդկանց 60-70 տոկոսն այսպես է ասում։ Հիմա հասկանո՞ւմ եք, որ այսպես մտածելու արդյունքում էր, որ թշնամուն հաջողվեց մեր երկրում ներդնել իր համախոհին։ Վիճակը ծանր է, ու վախենամ, նորից այս մարդը վերընտրվի»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա ցավով արձանագրեց, որ հայ ժողովրդի մեծ մասն այսօր կտրված է իր մշակույթից, պատմությունից, ինչը լրջորեն ազդում է մտածելակերպի վրա։

«Այսօր Հայաստանում պաշտոն ստացողներն առաջին հերթին մտածում են իրենց ընտանիքի ու գրպանի մասին, որի արդյունքում էլ պետությունը հասցրեցին այս օրվան՝ ստեղծելով խայտառակ վիճակ, սրա դեմը առնել է պետք։ Հասկանո՞ւմ եք, սա համատարած թալան է, համատած արհամարհանք պետության ու ազգի հանդեպ։ Եթե պետության մասին չես մտածում, այդ պետությունն ուղղակի կործանվում է։ Այս օրին եք, որովհետև ընտրել ենք մի մարդու, որը դրածո է, նրան դարձրել ենք վարչապետ ու գերագույն հրամանատար։ Այսօր Հայաստանում գեներալներին դատի են տալիս պատերազմի համար, բայց գլխավոր անձը, որը այդ ամենի մեղավորն ու պատասխանատուն է, հանգիստ իր աթոռին նստած է, չի դատվում»,- հավելեց նա։

Բակուր Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ մոտավորապես 200 ժամանոց նկարահանումներ է արել՝ Արցախի ու Հայաստանի պատմությունների վերաբերյալ, դրանք թվայնացրել ու պահում է։ Շատերին է դիմել՝ այդ պատմությունը վերածելու ֆիլմերի, սակայն որևէ մեկը չի արձագանքել, ստացվում է, որ պատմությունն այսօր շատ քչերին է հետաքրքրում։ Դրա հետևանքով է, որ այսօր ՀՀ ղեկավարը պատմությունը խեղաթյուրում է այնպես, ինչպես ցանկանում է։

«Հիմա «Արցախի երեքհազարամյա պատմությունը վավերագրերում» ցուցապաստառներ եմ հավաքել, լուսանկարներ, վերնագրեր, տեսանյութ, դրանք ֆիլմի վերածելու ջանքերս ևս որևէ արդյունք չտվեցին։ Ինքս իմ թոշակով այդ աշխատանքը չեմ կարողանում անել»,- ընդգծեց Բակուր Կարապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս