Փաշինյանը հայ ազգի թշնամին է, ժողովուրդը չէր կարող նման ղեկավար ընտրել. թուրքերը թշնամիներով են լցրել ամբողջ Հայաստանը, գործակալներ են այստեղ լցրել. Բակուր Կարապետյան
1988 թվականի փետրվարի 27-29-ն Ադրբեջանը պետական մակարդակով Սումգայիթում իրականացրեց հայերի ջարդ՝ նպատակ ունենալով կանխել Արցախում ու Հայաստանում սկսված ազատագրական շարժումը։ Միջազգային հանրության կողմից 1988 թվականի հայերի ջարդը պատշաճ չդատապարտելու և Ադրբեջանին չպատժելու հետևանքը եղավ այն, որ Ադրբեջանը նույնը կրկնեց 1990 թվականին արդեն Բաքվում՝ հայերի կոտորած և բռնի տեղահանում։
Սումգայիթյան ջարդերից գրեթե մեկ ամիս անց գրող, հրապարակախոս, լրագրող Բակուր Կարապետյանը գնացել է Սումգայիթ՝ փորձելով ջարդերի ականատեսների հետ զրուցել, հավաքագրել փաստեր՝ մտածելով, որ փաստերի առկայության դեպքում միջազգային հանրությունը կարող է որոշակի կանխարգելիչ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի հանցագործությունների դեմ։
168.аm-ի հետ զրույցում Բակուր Կարապետյանը պատմեց, որ չնայած կյանքի համար վտանգավոր էր Սումգայիթ գնալը, բայց չէր կարող չհավաքագրել մոտ 1000 հայի սպանության վերաբերյալ փաստերը։
«Շատ վտանգավոր ճանապարհներով ես հասա Սումգայիթ, տեսախցիկը հետս էր, մտածում էի՝ եթե տեսախցիկը վերցնեն, որևէ բան չեմ կարողանա արձանագրել։ Պարկի մեջ անցք էի արել, տեսախցիկը տեղադրել էի մեջը ու միացրել, որպեսզի ամեն ինչ արձանագրեմ։ Սումգայիթ հասնելուց հետո ես հասկացա, որ այդ ամենը պետական մակարդակով է արվել, խառն էր նաև Գորբաչովի մատը։ Այնպես էին ուզում անել, որ հանրահավաքները Ստեփանակերտում ու Երևանում կանգնեցվեն, որովհետև եթե շարունակվեր, միլիոնից ավելի մարդ էր դուրս գալու փողոց, ու միլիոնանոց հանրահավաքը հնարավոր չէր կանգնեցնել։
Այնպես էին արել, որ Սիլվա Կապուտիկյանը և Զորի Բալայանը գնացին Մոսկվա, վերադառնալուց հետո հանրահավաքները մի քանի օր դադարեցվեցին, Գորբաչովն անձամբ էր նրանց ընդունել»,- նշեց Բակուր Կարապետյանը։
Նրա խոսքով՝ 1988 թվականի փետրվարի 26-ին Ստեփանակերտում էր, երբ վերադարձավ Երևան, արդեն լուրեր էին հասնում, որ Սումգայիթում իրավիճակը լարված է։
«1915 թվականին հայ լրագրողները և մտավորականները զոհ են գնացել թուրքական յաթաղանին, ու նյութեր չեն արվել, ինչ արել են, արել են օտարները, ուստի մտածեցի, որ հայ լրագրողը թեկուզ կյանքը վտանգելով՝ պետք է հասնի դեպքի վայր։ Ես նպատակ էի դրել ու չէի մտածում մահվան մասին։ Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ Սումգայիթից հրաշքով եմ ողջ դուրս եկել։ Ինձ նույնիսկ Մոսկվայի ԿԳԲ-ից էին ասել, որ ոտք չդնեմ Սումգայիթ՝ վտանգավոր է, այս մասին ներքին խողովակներով ՀՀ գրողների միության նախագահին էին զգուշացրել այնտեղից։ Ես հանդիպեցի Սումգայիթի քաղկոմի քարտուղարի հետ, քանի որ ադրբեջաներեն լավ գիտեի, ասացի, որ իրենք թշնամացնում են հային ու ադրբեջանցուն, նա էլ ինձ պատասխանեց, թե՝ «այս ամենը կազմակերպել են օվկիանոսից այն կողմ գտնվողները, Ադրբեջանը դրա հետ կապ չունի»։
Ամբողջ իմ նկարահանումների ընթացքում զգում էի, որ ինձ հետևում են, բայց ես երևի ունեի իմ պահապան հրեշտակը, որ ողջ մնացի»,- շեշտեց Բակուր Կարապետյանը։
Նա նշեց, որ մի քանի օրվա ընթացքում զրուցել է Սումգայիթի ջարդերին ականատես մարդկանց, նրանց հարազատների հետ, նույնիսկ ադրբեջանցի ականատեսների, ու Ստեփանակերտ վերադարձել է ամենահարմար ճանապարհով։ Սումգայիթից նստել է Ակնա գնացող ավտոբուս, ադրբեջանցիները մտածել են՝ հայ չէ, մինչև այն պահը, երբ ավտոբուսի մեջ հղի կնոջն ադրբեջաներենով ասել է, որ նստի՝ տեղը զիջելով նրան։
«Այդ ժամանակ ավտոբուսում եղած ուղևորները սկսեցին խառնվել, թե այս հայն ի՞նչ գործ ունի այստեղ։ Այդ ժամանակ «քարե պատերազմ» էր սկսվել, ադրբեջանցիները մշտապես քարկոծում էին հայկական մեքենաները, ավտոբուսները՝ վնասներ պատճառելով հայերին։ Ավտոբուսում լարված իրավիճակ էր ստեղծվել, փառք Աստծո, արդեն Ասկերանի մուտքի մոտ էինք հասել, ես այնտեղ իջա։ Մեքենայից իջնելուց ու Ասկերանում հայտնվելուց հետո ինձ մոտ այնպիսի զգացողություն էր, որ նոր եմ ծնվել։
Իմ այցի ընթացքում ես նկարահանեցի ֆիլմ՝ «Սումգայիթյան ալիքներ», ականատեսների զրույցների հիման վրա։
Իրականում այն, ինչ թուրքերը սկսել էին 1915 թվականին, այսօր գրեթե ավարտին են հասցնում, գրավեցին Արցախը, այժմ էլ աչքը դրել են Հայաստանի վրա»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Բակուր Կարապետյանի խոսքով՝ հայ ժողովուրդը պետք է հաշվի առնի, թե ի դեմս Ադրբեջանի՝ ինչ պետության հետ գործ ունի, որովհետև նրա ձեռագիրը տարիներ շարունակ չի փոխվում։
«Ես չեմ մեղադրում նախկին նախագահներին, չեմ կարող նրանց ասել՝ թալանչի են և այլն, իսկ այս նորին՝ Նիկոլ Փաշինյանին, դավաճան չեմ կարող ասել, որովհետև նա ավելին է՝ նա թշնամի է հայ ազգին։ Ժողովուրդը չէր կարող նման ղեկավար ընտրել, պարզապես չէր կարող։ Թուրքերը թշնամիներով են լցրել ամբողջ Հայաստանը, գործակալներ են այստեղ լցրել»,- ընդգծեց նա։
Հրապարակախոսը վստահ է՝ եթե հայությունը միավորված ու միասնական լինի, երբեք չի կոտորվի։ Եթե ազգը ուժ չէ, երբեք այլ ազգեր չեն հարգի ու հաշվի չեն նստի հետը։
«Երբ ազգը 1988 թվականին միավորվել էր Արցախի շուրջ՝ աշխարհը հաշվի էր նստում հետը, այլ կերպ էր ընդունում, նույնիսկ հաղթանակից հետո Ադրբեջանն էր մեզ հարգում։ Միավորվել ու ուժ դառնալ, սա էլ այն միակ գրավականը, որ հայ ազգը չի կոտորվի»,- եզրափակեց Բակուր Կարապետյանը։