«Հայությունն արդեն երկու թշնամի ունի՝ ներքին ու արտաքին, սա դավաճանություն չէ, այլ թշնամություն». Բակուր Կարապետյան

1992 թվականի այս օրը՝ ապրիլի 10-ին, Ադրբեջանն Արցախի Հանրապետության Մարաղա-Մարգուշավան գյուղերում իրականացրեց խաղաղ բնակիչների ջարդեր, որին զոհ գնացին հարյուրից ավելի բնակիչներ՝ կանայք, երեխաներ, ծերեր։

Մարաղայում ու Մարգուշավանում տեղի ունեցած հայության ջարդերին անդրադարձել է գրող, հրապարակախոս  Բակուր Կարապետյանը, ով տարիներ առաջ հրապարակել է «Մարգուշավան-Մարաղա. փաստագրական վիպակ» գիրքը։

168.am հետ զրույցում, վերհիշելով 32 տարի առաջ տեղի ունեցած Մարաղայի ողբերգությունը, Բակուր Կարապետյանը նշեց՝ Մարաղայի կոտորածների մասին խոսելիս չպետք է տարանջատել Մարգուշավանի ջարդերը, որը Մարաղային կպած գյուղ է, և երկու գյուղերը միասին կոչվում են Լենինավան։

«1992 թվականի ապրիլի 10-ին Կիրովաբադի ռուսական 17 տանկերի ուղեկցությամբ ադրբեջանցի ջարդարարները ներխուժել են Մարգուշավան ու Մարաղա գյուղեր։ Խաղաղ բնակիչներն իրենց բակերում փոս էին փորել, պատսպարվելու ռմբահարություններից ու ռմբակոծություններից՝ հիմնականում ծերեր էին, կանայք, երեխաներ։ Գյուղի ինքնապաշտպանությունը կազմակերպողները չեն հասցրել բնակիչներին զգուշացնել ներխուժումների մասին, որի հետևանքով նրանք մնացել են այդ փոսերում։

Կարդացեք նաև

Գյուղ ներխուժելու պահին ջարդարարները շատ լավ են իմացել, որ խաղաղ բնակիչները փոսերում են, նրանց մի մասին մորթել են, սպանել։ Ահավոր բան է կատարվել այդ ժամանակ, շատ զոհեր են եղել, բնակիչներին սպանելը թշնամու համար խրախճանք է եղել։ Բնակիչների մի մասին գերեվարել են, կան բնակիչներ, որոնց ճակատագիրը մինչև այսօր անհայտ է։

Բնակիչները շփոթված են եղել, տանկերի դեմ չեն կարողացել պայքարել, խաղաղ ու անզեն բնակիչները ջարդարարների դեմ մնացել են մեն մենակ։ Մոտ 100 հոգու պատանդ են տարել, 130-140 հոգու սպանել են, սպանողներին էլ դաժան ձևով են սպանել։ Այդ մարդիկ սպանվել են զուտ նրա համար, որ հայ են եղել»,- նշեց Բակուր Կարապետյանը։

Նրա խոսքով՝ թշնամու ձեռագիրը չի փոխվել՝ ինչպես 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ է թշնամին վայրագ եղել, այնպես էլ Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի, Մարգուշավանի ջարդերի ժամանակ։ Նույն ձեռագիրը եղել է  նաև 1915 թվականից առաջ։

Նա շեշտեց՝ թշնամու այս ձեռագիրը չի փոխվում, քանի որ նրա էությունն է այդպիսին. հողը նվաճում է՝ մարդկանց կոտորելով։

«Թուրքերի մոտ մի ավանդույթ կա, երբ տղամարդը մահանում է՝ նրա հետ փայտիկներ են դնում, այդ փայտիկները խորհրդանշում են այն սպանությունները, որոնք այդ մարդը կատարել է, եթե, օրինակ, սպանել է 10 մարդ, հետը դնում են 10 փայտիկ։ Սա նրա հերոսության խորհրդանիշն է, գնահատականը, այսինքն՝ այդ ազգի մոտ մարդ սպանելը հերոսություն է»,- շեշտեց Բակուր Կարապետյանը։

Այս համատեքստում՝ նա անդրադարձավ նաև իշխանությունների կողմից Ադրբեջանի հետ խաղաղության գնալու լոզունգներին, Տավուշից տարածքներ զիջելուն՝ շեշտելով՝ եթե իշխանություններն անում են՝ հասկանալի է, բայց երբ նրանց այդ քայլերին ժողովուրդը չի հակադրվում՝ դա անհասկանալի է։

«Հայությունն արդեն երկու թշնամի ունի՝ ներքին ու արտաքին, սա դավաճանություն չէ, այլ թշնամություն։ Հիմա սկզբում պետք է ներքին հարցերը կարողանանք լուծել, եթե հանրությունը չի կարողանում լուծել, չի միաբանվում՝ ապա պարզ է, իշխանությունն ինչ ուզի՝ կասի։

Երեկ հետևում էի ԱԺ-ի մոտ տեղի ունեցող հանրահավաքին, քիչ թվով մարդիկ էին գնացել, սա ահավոր բան է։ Ադրբեջանը բացահայտ ասում է՝ Հայաստանը մերն է, իսկ դրան ընդառաջում են ՀՀ իշխանությունները, իսկ ովքեր են մեր իշխանությունները՝ դա պետք է պարզենք՝ գենետիկորեն։ Հիմա սրան ի պատասխան՝ ի՞նչ է անում մեր ազգը, ես դեռ չեմ տեսնում որևէ բան անեն։

Ես այս ամենը Նիկոլի վրա չեմ բարդում, նա ո՞վ է առհասարակ, որ նման մասշտաբի բան անի, ո՞վ նրան բերեց իշխանության, մեր հանրությունը սա պետք է պարզի, պարզ է, չէ՞, որ նա թիկունքին այլ մարդիկ են»,- ընդգծեց Բակուր Կարապետյանը։

Նա անդրադարձավ նաև «Խոջալուի դեպքերին», որն ադրբեջանական կողմը լայնորեն տարածում է ու ներկայացնում՝ որպես «հայերի կողմից իրականացրած ջարդեր»։

Ըստ մեր զրուցակցի՝ իրականում ամբողջ եղելությունը տեղի է ունեցել գիշերը։

«Հայկական կողմն ադրբեջանցի բնակիչներին ճանապարհ է տվել, որպեսզի դուրս գան գյուղից, նրանք գնացել են դեպի Ակնա, որտեղից եղել են ադրբեջանցի զինվորականներ։ Նրանք ադրբեջանցիներին ուղղորդել են դեպի ձախ՝ Նախիջևանիկ, որտեղ նստած են եղել մեր հետախուզական խմբերը, ուստի իրենք չեն գնացել Նախիջևանիկ, այլ գնացել են դեպի Ակնա։ Կեսգիշերին, ադրբեջանցի զինվորականները տեսնելով մարդկանց՝ կրակ են բացել իրենց հայրենակիցների վրա՝ խաչաձև կրակով կրակել են։

Ի դեպ, ադրբեջանցի այդ բնակիչների մեջ եղել են նաև զինվորականներ, որոնք նահանջելու պահին հագել են կանացի զգեստներ, որպեսզի դուրս գան։ Առավոտյան ադրբեջանցի զինվորները տեսնում են, որ կրակ են բացել իրենց հայրենակիցների վրա, նրանց հավաքում են, տանում հայկական տարածք, հրավիրում անգլիացի լրագրողի, լուսաբանում ու այդ ամենը վերագրում հայկական կողմին, թե՝ տեսեք, հայերն են կոտորել, ինչն իրականությանը չի համապատասխանում»,- հիշեցրեց Բակուր Կարապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս