«ՀՀ իշխանությունը հրաժարվում է երաշխավոր լինել Արցախի ժողովրդի գոյությանը, սա օգնեց Ալիևին հանգիստ տիրանալ Արցախին». Բակուր Կարապետյան
Հրապարակախոս, սումգայիթյան, Մարաղայի ջարդերի վավերագրող Բակուր Կարապետյանի խոսքով՝ արցախահայերի ինտեգրումն Ադրբեջանի կազմ և ադրբեջանցիների հետ համակեցությունն անհնարին բան է, այսօր այս ամենն ավելի անհնարին է դարձել, քան, օրինակ, 30-40 տարի առաջ էր, քանի որ Ադրբեջանը վայրագ ու ցեղասպան քաղաքականությամբ պայմանավորված՝ գործընթացը դժվարացրել է։
«Բաքվում 1920 թվականի սեպտեմբերին երեք օր շարունակ հայերին ջարդում էին, նրանց մեջ էր նաև իմ պապը՝ Ղուկաս Կարապետյանը։ Դրան հաջորդել է Շուշիի հայերի, Սումգայիթի, Բաքվի հայերի, Մարաղայի հայության ջարդերը։ Այս ամենն ասում եմ, որպեսզի հասկանան, ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ հայերը պատրաստ չեն ինտեգրման։ Չե՞ն տեսնում՝ ինչ է կատարվում՝ ադրբեջանցի զինվորն ուղղակի մտնում ու մորթում է հայ երեխային։ Հավատացեք, Ադրբեջանի քաղաքականության մեջ որևէ բան չի փոխվել, իսկ հայն էլ ինտեգրման պատրաստ չէ, թշնամությունը շատ խորն է, քանի որ թուրքը հային այլ կերպ է նայում՝ որպես թշնամի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բակուր Կարապետյանը։
Նրա կարծիքով՝ պետք է երկար ժամանակ հայերն ու ադրբեջանցիներն առանձին ապրեն, իսկ այդ ընթացքում փորձեն իրականացնել ինտեգրման գործընթաց, հակառակ պարագայում՝ ձախողելու են։
«Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ ինքնավարություն չի տալու։ Եթե Հայաստանի ղեկավարությունը հրաժարվում է երաշխավոր լինել Արցախի ժողովրդի գոյությանը, սա այն գլխից է հայտարարել։ Սա օգնեց Ալիևին, որպեսզի հանգիստ տիրանա Արցախին։ Հիմա հարց՝ ի՞նչ անի արցախցին, երբ Ադրբեջանը վերացնում է ինքնավարության գաղափարը, իսկ Ադրբեջանի կազմում ապրել՝ նշանակում է ինքնակամ ցեղասպանվել։
ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ եղավ, դրան պետք է հետևեր հստակ գործողություն, բայց չկա գործողություն, գոնե բերեին միջազգային խաղաղապահ ուժեր, այդ դեպքում գոնե մի քիչ անվտանգությունն ապահովված կլիներ»,- շեշտեց Բակուր Կարապետյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ երբ տեղի է ունենում ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ, ՀՀ դիվանագիտական ամբողջ կորպուստը, յուրաքանչյուր դեսպան իր երկրում պետք է սկսի ակտիվ աշխատել, սակայն հանրությունը նման որևէ աշխատանք այսքան ժամանակ չի տեսել։
«Մեր դիվանագետները ոչ կոմպետենտ մարդիկ են, իրենք չգիտեն՝ ինչի համար են այս կամ այն երկրում նշանակված դեսպան, համատարած անտարբերություն է։ Եթե լիներ ակտիվ աշխատանք, գուցե ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը որոշակի արդյունք տար։
Թեպետ զարմանալի չէ, որովհետև այստեղ նրանք կատարում են Ալիևի հրահանգները»,- եզրափակեց Բ. Կարապետյանը։