Բաժիններ՝

Թո՛ղ մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում

«Թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց»: «Հայր մեր» աղոթքում ի՞նչ իմաստ ունի պարտք բառը. մեկնաբանում է Արշավիր Գաբուճյանը:

Մեր մեղքերը՝ կուտակված պարտք

Տերունական աղոթքում պարտք բառն ընկալվում է որպես սխալ, հանցանք, մեղք և այլն: Ի՞նչ է նշանակում մեղք: Կան տարբեր ընկալումներ, օրինակ՝ վրիպում: Երբ վրիպում է նշանակետին հարվածելու մեր ճիգը, ջանքը: Երբ կյանքում քո նպատակը բարին իրագործելն է և վրիպում ես տարբեր պատճառներով, դա արդեն մեղքի գոյությունն է: Մենք վրիպում ենք մեղքի պատճառով:

2-րդ ընկալումը չափ ու սահմանն անցնելն է։ Մենք կյանքում ունենք սահմանագծեր՝ ճշտի և սխալի, որոնք կարևոր են մարդկային փոխհարաբերություններում։ Երբ հատում ես այդ գիծը կամ սահմանը, պատճառը մեղքն է, սխալը:

Կարդացեք նաև

3-րդ ընկալումը սայթաքումն է: Ինչպես ձմռանը սայթաքում և ընկնում ենք, այդպես նաև բարոյական կյանքում ունենք մեր քայլքը խանգարող երևույթներ ու իրողություններ: Դրանք արգելք են մեր ճիշտ ուղով ընթացքի համար, և մենք սայթաքում ենք:

4-րդ ընկալումն անօրինությունն է: Երբ գործում ենք օրենքի դեմ, և այն մեր սխալի, մեղքի պատճառն է: Սա լինում է գիտակցաբար, ոչ անուշադրությամբ: Այս դեպքում մարդու մեղքը շատ ավելին է, քան պարզապես սայթաքումը:

5-րդ ընկալումը պարտքն է: Ի՞նչն է մեղքը, ոչ թե պարտք ունենալը, այլ այդ պարտքը փակել չկարողանալը, խուսափել պարտքերը փակելուց։

Երբ սկսում ենք հասկանալ, թե ինչ է մեղքը, սկսում ենք հասկանալ, որ այն ընդհանուր հիվանդություն է, ախտ, որը վարակել է մեզ: Բոլորս վրիպում կամ սայթաքում ենք, չափն անցնում ենք, դառնում ենք անօրեններ և չենք փակում մեր պարտքերը: Եվ մենք մեղավոր ենք:

Ներողամտության գաղափարը՝ Տերունական աղոթքում

«Թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց» արտահայտությունը մեզ տալիս է ներողամտության գաղափարը: Եթե կա ներում, կա խաղաղություն։ Եթե ներում չկա, խաղաղություն չկա։ Ով էլ լինես, որքան էլ արդար լինես։ Եթե քո կյանքում չկա ներողամտության ոգին, չի լինի խաղաղասրտություն:

Տերն ասում է. «Թո՛ղ քո ընծան, գնա՛, նախ հաշտվի՛ր եղբորդ հետ և ապա ե՛կ, քո ընծան մատուցի՛ր»:

Հաշտության հիմքը ներողամտությունն է: Այն միակողմանի չէ: Տերունական աղոթքում շեշտը դրվում է մի կողմից աստվածային ներողամտության, մյուս կողմից՝ մարդկային ներողամտության և այս երկուսի փոխհարաբերության վրա:

Փոխհարաբերությունների դերը

– Տերն ասում է, որ եթե ցանկանում ենք, որ Աստված մեզ ների, մենք էլ մեր նմանների հանդեպ ներողամիտ լինենք: Նա ասում է. «Մի՛ դատեք, որ չդատվեք», «Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց»: Ամեն բան փոխկապակցված է, ինչպես փոխկապակցված են մարդկային ներումը և աստվածային ներումը: Եթե երբեմն հիշեինք, թե ինչպես ենք վարվում մեր դիմացինի նկատմամբ, պահեր պետք է լինեին, որ չհամարձակվեինք այս խնդրանքը ներկայացնել Աստծուն:

Ինչպե՞ս սովորել ներել

Պետք է սովորենք հասկանալ առաջին հերթին միմյանց, հասկանալ՝ ինչո՞ւ ենք ապրում, ո՞րն է մեր կոչումը։ Եթե հասկանանք մեր կոչումը, կճանաչենք մեր նմաններին։

Պետք է սովորենք մոռանալ։ Դա արվեստ է և պահանջում է քաջություն։ Ես չեմ ասում, թե ամեն բան պետք է մոռանալ: Խոսքը մարդկային փոխհարաբերությունները վնասող երևույթների մասին է, օրինակ՝ վիրավորանքի: Այն կարծես մի փոքրիկ անցք լինի մեր մտքում: Երբ չես մոռանում, այդ անցքն ավելի է մեծանում և կարող է վերածվել տագնապի, կարող ես կորցնել խաղաղությունդ: Այդպես վնասում ես ինքդ քեզ:

Պետք է սովորենք սիրել։ Եթե մենք սովորենք սիրել, ամեն բան կլինի իր տեղում: Աստծո համար ամենագեղեցիկ և սիրելի նվերը եղբայրասիրությունն է, ընկերասիրությունը, ուրիշի հանդեպ հարգանքը։ Առանց հարգանքի չեմ կարող պատկերացնել սերը: Հարգանքն է մեզ տանում սիրո գեղեցիկ ընկալման։

Պատրաստեց Անի Ավագյանը

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031