Անհայրենիք պոպուլիզմ
Գրեթե 8 տարի ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողի վարքագիծը սահմանազանցում է այդ պաշտոնի մասին դասական ընկալումները։ Նրա ելույթներում տարեցտարի ցամաքում է վաղեմի, թեկուզ սուղ, ընդհանուր քաղաքական բովանդակությունն ու գերակշռող են դառնում բարոյախոսությունը, պարզունակ աշխարհընկալումը, ինքնանպատակ գեղարվեստական զեղումները։ Նա քննադատում է աղքատների ծուլությունը և փող ծախսելու անկարողությունը և նույն ժամանակ կրծքով պաշտպանում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին նվիրաբերվող պարգևավճարները՝ փորձելով դիրքավորվել իբրև բարոյական հեղինակություն ու վերին ատյանի դատավոր։
Քաղաքագիտության տեսանկյունից այս հատկանիշները բնորոշ են պոպուլիստ առաջնորդին, որի իշխանությունը հիմնվում է իբր ժողովրդի տված անբեկանելի մանդատի ուժով իր ապօրինի գործողություններն ու անգործությունն արդարացնելու պերճախոսության և անամոթ քարոզչության վրա, որոնց օգնությամբ պետության առջև ծագած յուրաքանչյուր հիմնախնդիր նենգափոխվում է լավի ու վատի անվերջանալի պայքարի մասին պատումներով։
Հայաստանի գլխավոր պոպուլիստի համար ոճը դարձել է բովանդակություն ու հատել վտանգավորի սահմանը․ նա ոչ միայն գնահատականներ, այլև ուղիղ հանձնարարականներ է տալիս ու սպառնում դատախազական ու քննչական մարմիններին, անհնազանդ դատավորներին, չստուգված տեղեկությունների հիման վրա հնչեցնում քրեական մեղադրանքներ։ Օրերս էլ մասնավոր ձեռնարկատիրական գործունեությունը կասեցնելու հասցեական հրաման արձակեց։ Այս ամենը հակասում է իշխանությունների տարանջատման, անմեղության կանխավարկածի և իրավական պետության այլ հիմնարար սկզբունքներին։
ՀՀ կառավարական նիստերը վաղուց արդեն քաղաքական քննարկումների ու հավասարակշիռ որոշումների ընդունման հարթակ չեն։ Դրանք հիշեցնում են բարոյախրատական սցենարով մոնոներկայացումներ, որտեղ միակ դերասանը երևում է խրատատու ու զրուցամոլ հանդիսավարի ամպլուայում։ Նրա խոսքը խաղացկոտ է ու հեգնական, լի մակերեսային տպավորություններով ու ծեծված ճշմարտություններով։ Այս անկայուն վարքագիծը մատնում է, որ ՀՀ կառավարման համակարգը գտնվում է պոպուլիզմից դեպի ավտորիտարիզմ փոխակերպման եռուն փուլում․ իշխանությունը դեռ ձևով ժողովրդավարական է, բայց բովանդակությամբ կենտրոնանում է մեկ մարդու ձեռքում, որը չի գործում ըստ ստանձնած ու ԱԺ-ի կողմից հաստատված ծրագրերի։ Եթե այս փորսող ընթացքը չկասեցնենք, ապա կես տարի անց պետության լրջմիտ կառավարման փոխարեն՝ կունենանք էժանագին խրատների, ամբոխահաճ դատապարտումների ու իրական գանահարությունների ցուցք։
Պետությունը չպետք է կառավարվի «ես այսպե՛ս եմ ուզում» քմահաճությամբ, օրենքը չպետք է ստորադասվի վարչապետի խրատաբանությանը, իսկ քաղաքական պատասխանատվությունը՝ ծաղր ու ծանակին։ Երբ նա քաղաքացիներին մեղադրում է ծուլության մեջ, բայց չի խոսում իշխանության ձախողումների ու չարաշահման մասին, դա փախուստ է պատասխանատվությունից։ Երբ նա ԱԺ նիստում ծաղրում է քաղաքական փոքրամասնության հարցադրումներն ու շրջանցում անվտանգային հարցերը, դա քաղաքական անլրջություն է։
Պատմական փորձն անվրեպ մատնացույց է անում․ այն երկրներում, որտեղ մեկ մարդու կամքը վեր է դասվում իրավունքից, քայքայվում են թե՛ հասարակական վստահությունը, թե՛ ինստիտուտները։ Պոպուլիստ առաջնորդը կարող է երկար խոսել ժողովրդի անունից, բայց երբ պետությունը դառնում է մեկ մարդու տրամադրության հայելին, ժողովուրդն, ի վերջո, պետականազրկվում է։

Հայաստանում հաստատված վարչախմբի պարագլխի կառավարման էպատաժային ոճը և որպես դրա քաղաքական արդյունք՝ ավտորիտարիզմի հաստատումն ամբողջական ու չարագույժ կերպով հիշեցնում է Չավեսին և վաղ շրջանի Էրդողանին։
Ուգո Չավես

Մեթոդների, խոսքի, իշխանության ընկալման առումով Չավեսը դասագրքային է։ Չավեսն էլ է իշխանության եկել՝ որպես ժողովրդի զավակ, բայց մշտապես խուսափել է խոսել խոստումների իրականացման մասին և տարվել է բարոյախոսությամբ՝ հիմնականում խաղարկելով ազնիվ ժողովրդին կեղեքող փչացած վերնախավի թեման։ Նույն սխեման մեզանում է․ ԱԺ-ի և կառավարության նիստերում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը չի ներկայացնում քաղաքական հաշվարկներ կամ ինստիտուցիոնալ լուծումներ, փոխարենը ճառում է ու ճառում, թե ով է աշխատասեր, ով՝ ծույլ, ով է ճիշտ ապրում, ով՝ սխալ։
«Վիշապը արևադարձային գոտում․ Ուգո Չավեսը և Վենեսուելայում հեղափոխության քաղաքատնտեսությունը» ուսումնասիրության հեղինակներ Խավիեր Կորալեսը և Մայքլ Պենֆորդը գրում են․
«Պոպուլիզմը գաղափարախոսություն չէ և ոչ էլ ծրագիր, այն իշխելու ոճ է, որտեղ կառավարմանը փոխարինում է ճառը, իսկ ինստիտուցիոնալ լուծումներին՝ բարոյական գնահատականը» (ռուս․ հրտ, Մ․, 2011, էջ 34):
Չավեսի օրոք պետական կառավարումը դարձել էր հանդես։ Մեկ այլ հետազոտող գրում է․ «Հեռուստահաղորդման ժամանակ Չավեսը կարող էր պատմել անեկդոտներ, երգել ժողովրդական երգեր, հիշել իր մանկությունը, իսկ հետո՝ կտրուկ փոխելով տոնը, հայտարարել նախարարի պաշտոնանկման մասին» (Ф. Корониль, Магическое государство. Природа, деньги и современность в Венесуэле, Մ․, 2010, էջ 287)։
ՔՊ-ի պարագլխի մասնակցությամբ պաշտոնական քննարկումներում էլ են լսվում կենցաղային պատմություններ, ընդդիմախոսներին ուղղված հեգնանք ու ծաղր։ Բայց ամենավտանգավոր զուգահեռն իրավական հարթության մեջ է։ Չավեսի ձեռամբ Վենեսուելայում վերացավ իշխանությունների բաժանումը։ Հայաստանում նույնպես չի գործում իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը։
Չավեսը մշտապես ասում էր՝ «ես ժողովրդի հետ եմ խոսում, ոչ թե բյուրոկրատների»։ Փաշինյանը նույն կերպ իրեն նույնականացնում է ժողովրդի հետ և հակադրվում խորհրդարանին, դատարաններին, անգամ կառավարությանը։ Բայց «ժողովրդական անմիջականությունը» Վենեսուելան հասցրեց տնտեսական փլուզման, ինստիտուցիոնալ քայքայման և զանգվածային արտագաղթի։ Ժողովուրդը երկար ժամանակ Չավեսին սիրում էր, համարում հմայիչ ու համոզիչ առաջնորդ։ Բայց Չավեսը չկառուցեց արդյունավետ և զարգացած պետություն։ ՔՊ-ի առաջնորդն ընտրել է Չավեսի ճանապարհը՝ չհասկանալով, որ փոքր երկրի համար դա հղի է առավել վտանգավոր հետևանքներով։
Պոպուլիստը կարող է խոսել ժողովրդի անունից, բայց չի կարող փոխարինել պետությանը։ Իսկ երբ կառավարումը դառնում է խոսքի, հումորի ու բարոյախոսության խյուս, պատմությունը վաղ թե ուշ կրկնվում է՝ որպես ողբերգություն։
Ռեջեփ Թայիբ Էրդողան
2003-2011-ին Էրդողանը դեռ ձևավորված ավտորիտար առաջնորդ չէր, սակայն այդ տարիներին նշմարվեց այն ոճը, որը հետագայում կազմաքանդեց Թուրքիայի ինստիտուցիոնալ համակարգը։ Վաղ Էրդողանը խոսում էր ժողովրդի անունից և ժողովրդի լեզվով։ Նա էլ Չավեսի պես պետական պաշտոնական խոսքը փոխարինեց կենցաղային լեզվով, կրոնաբարոյական խրատաբանությամբ։
Էրդողանի առանցքային նպատակը հին համակարգի դեմ պայքարի անվան տակ ինստիտուտների արժեզրկումն էր․ դատարանները, դատախազությունը, մամուլը նա ներկայացնում էր՝ որպես ժողովրդի կամքի իրականացմանը խոչընդոտող օղակներ։ Հայաստանը նույնպես նստել է «թուրքական ճեպընթաց»։
Վաղ Էրդողանն էլ դաստիարակչական շառաչուն ապտակներ հասցնելու սիրահար էր։ Հաքան Յավուզը «Իսլամական քաղաքական ինքնությունը Թուրքիայում» մենագրության մեջ նշում է․ «2000-ականների սկզբին Էրդողանը չէր ամաչում հրապարակավ «դաստիարակել» գործարարներին, հայտարարելով՝ «Եթե չպահեք ձեզ բարոյական, պետությունը ձեզ այդ մասին կհիշեցնի հարկերով ու ստուգումներով» (ռուս․ հրտ, Մ․, 2008, էջ 219)։
2025թ․ հունիսի 18-ին՝ հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանին իր ուղղակի ցուցումով կալանավորելու օրը, ՀՀ կառավարության գլուխն Էրդողանի ոճի մեջ էր․ «Նրանք, ովքեր կփորձեն․․․ (խճճված միտք,- Ա․Ս․) ժողովրդավարությունը թուլության հետ շփոթել, պետության համը կմնա նրանց բերաններում»։ Օրեր առաջ ՀՀ կառավարության նիստում առևտրային օբյեկտի փակման հրապարակային հրահանգը ևս այս ժանրից է։
Վաղ Էրդողանն էլ սկզբում շատերին թվում էր ժողովրդական մարդ։ Բայց այդ շղարշի տակ նա հաջողությամբ իրեն ենթարկեց իշխանության բոլոր ճյուղերը, տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիական հասարակության կառույցները։ Երբ գործընթացն ավարտվեց, արդեն ուշ էր խոսել զսպումների մասին։ Պետությունը դարձավ առաջնորդի ձայնի արձագանքը։ Էրդողանի վաղ շրջանի անմեղ պոպուլիզմը սահուն վերածվեց կոշտ ավտորիտարիզմի։ Երբ առաջնորդը տևական ժամանակ խոսում է ոչ թե քաղաքական կատեգորիաներով, այլ բարոյախոսության օձի լեզվով, դա ճանապարհ է դեպի իշխանության գերկենտրոնացում։ Իսկ այդ ճանապարհը կորստաբեր է փոքր ու խոցելի պետությունների համար, ինչպիսին Հայաստանն է։
Հակափաստարկներ
Պոպուլիստ ղեկավարների սանձարձակ ու էպատաժային կառավարման մի քանի հակափաստարկ․
- պետությունը չպետք է ղեկավարվի զգացմունքներով,
- բարոյախոսությունը չի ազատում պատասխանատվությունից,
- խրատասացությունը քայքայում է ինստիտուտները,
- արդարադատությունը ներքաղաքական պայքարի գործիք չէ։
Ցավոք, պոպուլիստի խոսքը կարող է առժամանակ հմայել ամբոխին, բայց խորքում այն խարխլում է իրավակարգի հիմքերը։ Երբ իշխանությունը դադարում է հարգել օրենսդրությունը և ենթարկվում է ինչ-որ մեկի տրամադրությանը, դա ժողովրդավարություն չէ, դա ժողովրդավարության ֆարս է։ Դա իրավական պետության սկզբունքների խախտում չէ լոկ, դա իրավական պետության բացասում է։
«Պոպուլիզմը ունի ներքին ավտորիտար տրամաբանություն․ վկայակոչելով «ժողովրդի կամքը»՝ այն անխուսափելիորեն խարխլում է զսպումների և հակակշիռների համակարգը և դրանով իսկ ուղիղ ճանապարհ հարթում դեպի իշխանության կենտրոնացում և ավտորիտար կառավարում» (Հիբրիդային սպառնալիքների դիմակայման առաջավոր փորձի Եվրոպական հետազոտական կենտրոնի (Hybrid CoE) աշխատանքային զեկույց, 2022թ., Հելսինկի):
Արա Սահակյան
