Լպիրշապետության ինդուլգենցիա՝ Արցախը հանձնելու դիմաց

Հայաստանի դատական համակարգում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններն արդարացիորեն գնահատվում են՝  որպես խայտառակ, աննախադեպ անօրինականություն, հակաիրավականություն և այլն։ Բոլոր այդ որակումները տեղին են կամ նույնիսկ մեղմ, որովհետև այն, ինչ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ կատարվում է դատական համակարգում, տեղի է ունենում բոլոր գրված ու չգրված օրենքների կոպտագույն խախտմամբ, դատավորների անկախության սկզբունքի բռնաբարությամբ։ Խայտառակ ու աննախադեպ լինելով հանդերձ, դատական համակարգում կատարվողը միանգամայն օրինաչափ է ու բնական։ Նիկոլ Փաշինյանը, արդեն վաղուց առանց որևէ ձևականության, կառուցում է ավտորիտար կուռ իշխանություն՝ իրեն ենթարկեցնելով առանց բացառության բոլոր համակարգերը։ Իշխանության այդ բնույթը ենթադրում է գրեթե կատարյալ վերահսկողություն ու բոլոր համակարգերի ստորադասություն միանձնյա իշխանությունը կրողին՝ Նիկոլ Փաշինյանին։

Այդ իմաստով, Կարեն Անդրեասյանը հանդես է գալիս՝ որպես Նիկոլ Փաշինյանի ֆունկցիոներ առանձին վերցրած մեկ համակարգում՝ դատական ոլորտում։ Գուցե նա դա անում է լկտիությամբ, չափն անցնելով, անգամ տարրական նորմերը չպահպանելով։ Բայց դրանք, մեծ հաշվով, երկրորդական, ոճական նրբություններ են։ Կարեն Անդրեասյանի փոխարեն մազերի մեկ այլ գույն ունեցող ուրիշը գուցե նույնը կաներ՝ մի փոքր ավելի շատ ձևականությունները պահպանելով, հակաօրինականություններն իրավական ինչ-որ մեկնաբանություններով շղարշելով։ Բայց դրանից խնդրի էությունը չէր փոխվելու։ Կամայական այդ մեկը, ինչպես հիմա Կարեն Անդրեասյանը, կատարելու էր դատական հակամակարգը հնազանդեցնելու քաղաքական որոշումը։

Կոնկրետ դատավոր Դավիթ Հարությունյանին լիազորություններից զրկելու վերջին դեպքն իրապես խայտառակություն էր։ Բայց դա նույնպես պետք է օրինաչափ ու խորհրդանշական համարել։ Լիազորություններից զրկելով հատկապես ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորին, Նիկոլ Փաշինյանը՝ Կարեն Անդրեասյանի միջոցով, մնացած բոլոր դատավորներին ուղերձ է հղում, որ ցանկացածը կարող է արժանանալ նույն ճակատագրին եթե լիազորություններից զրկվում է ամենավարկանիշային դատավորը, պակաս վարկանիշ ունեցողների դեպքում դա շատ ավելի հեշտ լուծելի խնդիր է։

Բայց տեղի ունեցածը նաև մարտահրավեր է դատավորների մասնագիտական համքարությանը, որը կարող է ցույց տալ՝ որքանո՞վ է համերաշխ իր անդամներից մեկի դեմ խայտառակ ապօրինություններին ընդդիմանալու հարցում։ Դատավորների միությունը, իհարկե, բավական կոշտ հայտարարություն արել է, հնչել են նաև տարբեր մասնագետների գնահատականներ։ Բայց դատավորների համքարությունը՝ որպես միասնական համակարգ, դեռևս լայն իմաստով լուռ է, ինչը նշանակում է, որ համակարգը հնազանդեցնելու հարցում փաշինյանական ծրագիրն աշխատում է։

Կարդացեք նաև

Դատական համակարգում կատարվողը հատկանշական է մեկ այլ առումով ևս։ Դա ոչ թե առանձին վերցրած մեկ ոլորտում իշխանության վերահսկողության հաստատման փորձ է, այլ ավտորիտարացման գլոբալ գործընթացի մի մաս։ Տարբեր դրսևորումներով, տարբերվող դերակատարներով՝ նույնը տեղի է ունենալու նաև մյուս բոլոր համակարգերում՝ դիվանագիտությունից մինչև առողջապահություն, իրավապահ մարմիններից մինչև ֆինանսական ոլորտ։ Եվ բոլոր նրանք, ովքեր այսօր իրենց ոլորտներում պաշտպանված են զգում ու անտարբեր են դատական համակարգում կատարվողի նկատմամբ, պետք է պատրաստ լինեն, որ վաղն ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄԻ ալիքը հասնելու է նաև իրենց։

«Ժողովրդական հեղափոխությամբ» իշխանության եկած և Հայաստանն իբրև «ժողովրդավարության բաստիոն» ներկայացնող Նիկոլ Փաշինյանը հաստատուն քայլերով ընթանում է դեպի ավտորիտարիզմ, որը՝ հաշվի առնելով դերակատարների անձերն ու նրանց կողմից կատարվողի փնթիությունը, Հայաստանը վերածելու է լպիրշապետության։

Նրան այդ հարցում աջակցում են բոլոր հրահանգներին ենթարկվող ստորադասները, տարբեր համակարգերում իրենց ներկայացուցիչներին հանձնելու պատրաստ կոնֆորմիստները և, անշուշտ, միջազգային հանրությունը, որից Նիկոլ Փաշինյանը երաշխիքներ է պահանջում Արցախի անվտանգության համար, բայց ստանում է երաշխիքներ միայն սեփական իշխանությունը պահպանելու ու հակաժողովրդավարական քայլերը որպես «ժողովրդավարական հանձնառություն» ներկայացնելու հարցերում։ Դա այն գինն է, որը հավաքական միջազգային հանրությունը վճարում է Նիկոլ Փաշինյանին՝ Արցախը հանձնելու դիմաց։

Ամեն ինչ փողով գնահատող Նիկոլ Փաշինյանը երբևէ կամ իր հուշերում, բայց ավելի հավանական է՝ ինքնախոստովանական ցումունքներում, կնշի՝ որքան է դա կազմում դրամական արտահայտությամբ։ Դրա համար նա ընդամենը պետք է բացահայտի, թե որքան է արժեցել իր իշխանության մեկ օրը հայ հասարակության, Արցախի ու Հայաստանի համար։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս