Մահ կամ իշխանություն

Նիկոլ Փաշինյանի ներքին ու արտաքին քաղաքականությունը, դրա հիմքում ընկած իրական շարժառիթները հասկանալու համար կարևոր է ելնել այն իրողությունից, որ նա վաղուց անցել է անդառնալիության կետը։ Արցախյան երկրորդ պատերազմում, նաև, իսկ գուցե առավելապես պետական խայտառակ կառավարմամբ կրած ստորացուցիչ պարտությունից, հազարավոր զոհերից, պատերազմին հաջորդած 2.5 տարիներին Արցախին ու Հայաստանին պատուհասած  աղետներից ու հանուն իշխանության պահպանման՝ աղետները բազմապատկելու Նիկոլ Փաշինյանի մոլագար սևեռվածությունից հետո, նա լավագույնս գիտակցում է, որ որևէ պահի իշխանությունը կորցնելու պարագայում լավագույն դեպքում արժանանալու է օրինական խստագույն դատավճռի՝ անհաշվելի տարիներ ընդգրկող ազատազրկմամբ, իսկ որ ավելի հավանական է՝ ավելի խստագույն հաշվեհարդարի՝ մարդկային ու չգրված օրենքների անխուսափելիության հարթությունում։

Պետության ու պետականության համար, իհարկե, նախընտրելի կլինի առաջին՝ իրավական սցենարը, բայց միշտ չէ, որ կյանքը զարգանում է նախընտրելի սցենարով։ Ահա դա հասկանում է նաև Նիկոլ Փաշինյանը ու հասկանալով՝ իշխանության պահպանումը նրա համար վերածվել է ինքնապահպանման բնազդի, քանի որ առանց իշխանության վտանգված է լինելու նրա՝ ընդհուպ ֆիզիկական գոյությունը։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն իրականում առաջնորդվում է «Մահ կամ իշխանություն» սկզբունքով, բնականաբար ու հասկանալիորեն՝ նախընտրելով իշխանությունը։ Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ ամեն առիթով «ժողովրդավարության բաստիոնի» մասին բարբաջող Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ թշնամին ժողովրդավարությունն է, իրական ժողովրդավարությունը, որի իրացման դեպքում նա անխուսափելիորեն կորցնելու է իշխանությունը, հետևաբար՝ կանգնելու է կամ ֆիզիկական գոյության, կամ, լավագույն դեպքում, ազատության կորստի վտանգի առաջ։ Իսկ եթե ժողովրդավարությունը Փաշինյանի թշնամին է, նշանակում է, որ նրա դաշնակիցը ժողովրդավարության հակապատկերն է՝ դիկտատուրան կամ ավտորիտար իշխանությունը, որի կերտմամբ հետևողականորեն զբաղված է հիմա։

Սա դարձել է հայկական իրականության պարադոքսն ու դատավճիռը. միայն դիկտատուրան կարող է փրկել Նիկոլ Փաշինյանի կյանքը, ինչը երաշխավորող իշխանության պահպանման համար նա պատրաստ է գործնականում ամեն ինչի՝ ինչպես ներքաղաքական կյանքում, այնպես էլ ու առավել ևս՝ արտաքին քաղաքական հարաբերություններում։

Իրերի դրությունն ահա այս հարթությունում քննարկելու դեպքում անգամ բարդագույն հարցերն ունեն պարզ պատասխաններ։ Օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանը ստիպված լինի ընտրել սեփական կյանքի ու Արցախի, սեփական ազատության ու, ասենք, Սյունիքի կամ Գեղարքունիքի միջև, ինչպիսի՞ն կլինի նրա որոշումը։ Հասկանալի է, որ Հայաստանի որևէ մարզ, անգամ Փաշինյանի հայրենի Տավուշը, այս դեպքում փրկության որևէ շանս չունեն։

Կարդացեք նաև

Հայաստանի իշխանության բնույթի դեֆորմացմանը հանգեցնող այս իրավիճակն առաջին հայացքից հակասական է նրանով, որ երկրում անթաքույց դիկտատուրա հաստատող Նիկոլ Փաշինյանն արժանանում է ժողովրդավարության ջատագով Արևմուտքի աջակցությանն ու քաջալերանքին։ Բայց դա պարադոքս է միայն առաջին հայացքից, իրականում, բովանդակության մեջ այդ պարադոքսը միջազգային քաղաքականության օրինաչափություն է։

Պարզապես, սեփական իշխանության պահպանման մոլուցքով տարված Նիկոլ Փաշինյանին թերևս չեն զեկուցել, թե ինչպես է ավարտվել տարբեր փուլերում Արևմուտքի կողմից աջակցություն վայելող շատ դիկտատորների կյանքը՝ Քադաֆիից մինչև Մուբարաք։ Նրանք և էլի չթվարկված շատերը վայելել են իրենց ավտորիտար իշխանությունն այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է եղել աչք փակողներին։ Այդ ժամկետը լրանալուց հետո փակվել են դիկտատորների աչքերը՝ բառի ամենաուղիղ և ողբերգական իմաստով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս