«Կան տեղեկություններ, որ Ադրբեջանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին վերածելու է մզկիթի. Հայաստանի կողմից չկա հակաքայլ». Հովիկ Ավանեսով
Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանն Արցախում սկսել է ոչնչացնել մշակութային հնագույն հուշարձանները, ջանք չխնայելով վերացնելու Արցախում հայկական հետքը։
Սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանն իր մշակութային վանդալիզմը շարունակում է օկուպացրած տարածքներում՝ Մարտակերտ, Ասկերան, Մարտունի և այլ շրջաններ։ Իսկ արդեն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո «վերականգնման» անվան տակ փորձում է հիմնովին փոխել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը ահազանգ հնչեցրեց՝ Ադրբեջանի վանդալիզմը կանխելու համար հասարակական ակտիվ աշխատանքին զուգահեռ՝ չկա պետական մակարդակով հոգածություն և որևէ քայլ։ Պետք է իրականացվի պետական մակարդակով քաղաքականություն, ինչը Հայաստանի կողմից չի արվում։
«Արցախի մի մասի օկուպացիայից անմիջապես հետո մենք ականատես եղանք Ղազանչեցոց Սուրբ եկեղեցու ամբողջ տարածքում շինարարական կոնստրուկցիաների առկայությանը։ Ադրբեջանի պետական քարոզչամեքենան սկզբնական շրջանում ակտիվ աշխատանքներ էր տանում՝ ցույց տալու, որ դա ոչ թե հայկական, այլ ուղղափառ եկեղեցի է։ Մինչև հիմա էլ ադրբեջանական որոշակի հարթակներ այդ ուղղությամբ են քարոզներ անում։ Ուշադրությամբ հետևում ենք, թե Ադրբեջանն ինչի է վերածելու Ղազանչեցոց եկեղեցին, ունենք որոշակի տեղեկություններ, որ այն վերածվելու է մզկիթի, որոշակի փաստարկներ ունենալու դեպքում դրա մասին արդեն պաշտոնապես բարձրաձայնելու ենք»,- նշեց Հովիկ Ավանեսովը։
Նրա փոխանցմամբ՝ «monument watch» ակադեմիական հարթակը բազմիցս Ղազանչեցոց եկեղեցու անօրինական շինարարության հետ կապված մասնագիտական հայտարարություններ է հրապարակել, այդ թվում՝ Հայքի մշակույթի Օմբուդսմենի ինստիտուտն առանձին ծավալուն զեկույց է հրապարակել երեք լեզվով։
Սակայն պետական մակարդակով Ադրբեջանի վայրագություններին ուղղված որևէ հակաքայլ չկա՝ թեկուզ պաշտոնական հայտարարություններով։
«Արցախի հուշարձանների ոչնչացման մասին խոսել է միայն Մայր Աթոռում գործող «Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման» կենտրոնը, սակայն պետական որևէ մարմին որևէ քայլ չի արել։ Այս ամենը ոչ միայն թշնամու կողմից վանդալիզմի դրսևորում է եկեղեցու նկատմամբ, այլև հստակորեն երևում է, որ «վերանորոգման» անվան տակ Ադրբեջանը խեղաթյուրում է Ղազանչեցոց եկեղեցու ինքնությունն ու ամբողջականությունը։ Իրավական տեսանկյունից, նույնիսկ պատմաճարտարապետական մեկ դետալի փոփոխությունը հուշարձանի ամբողջական տեսքի խաթարում է։ Այս ամենին հայկական կողմից հակազդման քայլերը հիմնականում արվում են հասարակական և մասնագիտական նախաձեռնողական խմբերի կողմից։ Քանի դեռ պետական մակարդակով չի եղել հակազդեցությունը, դա Ադրբեջանին հնարավորություն է տալու շարունակելու իր վանդալիզմը հայկական հուշարձանների նկատմամբ»,- հավելեց Հովիկ Ավանեսովը։
Նա նաև տեղեկացրեց, որ Արցախի բոլոր պատմամշակութային հուշարձաններն ունեն անձնագրեր, այսինքն՝ ունեն լուսանկարներ, տեղեկատվություն, դրանց վերաբերյալ կան բազմաթիվ հետազոտություններ, հրապարակված աշխատանքներ, գրքեր, հետազոտություններ։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը, որը ժամանակին ղեկավարում էր լուսահոգի Սամվել Կարապետյանը, հսկայական աշխատանք է կատարել: Դրանք նաև հրապարակված են։
«Բոլոր անհրաժեշտ փաստական հիմքերը կան մեր ձեռքի տակ, որոնք էլ օգտագործել ենք մեր արտահերթ զեկույցում։ Մինչև 2020 թվականի պատերազմն արվել են բազմաթիվ տեսանյութեր, որտեղ հստակ երևում են հայկական արձանագրությունները։ Նաև ֆրանսիացի ճանապարհորդները, որոնք եղել են Շուշիում, Արցախի այլ վայրերում ու տարածաշրջանում, եկեղեցու մասին որոշակի հիշատակումներ ունեն։ Կրկնում եմ՝ այստեղ խնդիրն այն է, որ հասարակական կազմակերպություններից զատ, պետական մակարդակով պետք է աշխատանք իրականացվի։ Մենք հիմա դրան ականատես չենք լինում, քանի որ պետական մակարդակով զբաղված են, այսպես կոչված, խաղաղության օրակարգով։ Բոլորդ էլ լսել եք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ իրենք Արցախի պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացման վեաբերյալ հարցերին չեն անդրադառնում։ Նրա այս հայտարարությունը բացահայտ ցույց է տալիս պետական մոտեցումը հայկական մշակույթի նկատմամբ»,- եզրափակեց Հովիկ Ավանեսովը։