«Ադրբեջանցի լոբբիստները Վաշինգտոնի հետ աշխատանքում մեզնից մի քանի քայլ առաջ են». Սուրեն Սարգսյան
«Ադրբեջանի լոբբիստները բավական ակտիվ աշխատում են Վաշինգտոնի հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ ղեկավարության հղած վերջին նամակներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ բարձրաստիճան ղեկավարությունը երեք նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Առաջին երկուսը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի շնորհավորական նամակներն էին Ադրբեջանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով: Իսկ վերջինը` օրերս ուղարկված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակն էր Ադրբեջանի նախագահին՝ Հարավային գազային միջանցքի գործարկման կապակցությամբ:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը շնորհավորել էր Իլհամ Ալիևին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ մտադիր է Ալիևի հետ աշխատել Ամերիկայի և Ադրբեջանի ժողովուրդների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում: Սպիտակ Տան ղեկավարը շնորհավորական նամակ էր ուղարկել նաև Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ուշագրավ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ շնորհավորական նամակ չստացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, թեև Հայաստանում և Ադրբեջանում Առաջին Հանրապետության 100-ամյակը նշվում էր նույն օրը` մայիսի 28-ին, այնինչ Ալիևին Թրամփը շտապեց շնորհավորել այդ տոնի առիթով մայիսի 24-ին:
Սուրեն Սարգսյանը փորձեց բացատրել, թե ինչով է պայմանավորված ամերիկյան «նամակային գրոհն» Ադրբեջանի իշխանությունների ուղղությամբ: Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանի ուղղությամբ ամերիկյան ակտիվությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանցի լոբբիստները բավականին ակտիվ աշխատում են Վաշինգտոնի հետ և փորձում են իրենց շահերն առաջ մղել: Ավելին, ըստ Սարգսյանի, այդ շահերը համընկնում են նավթային, էներգետիկ համագործակցության ոլորտում:
«Ուստի սա առաջին հերթին՝ իրենց լոբբիստների ակտիվ աշխատանքի հետևանքն է»,- ասաց Սարգսյանը: Քաղաքագետը տեղեկացրեց, որ սովորաբար նման նամակները կազմում է կա՛մ ԱՄՆ Պետքարտուղարությունը, կա՛մ տվյալ երկրներում ԱՄՆ դեսպանությունները, կա՛մ ԱՄՆ Անվտանգության խորհուրդը:
«Կարծում եմ` շնորհավորական նամակներից առնվազն երկուսն Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից են կազմվել, նույն մարմինն է կազմել նաև շնորհավորական նամակը Փաշինյանի ընտրության կապակցությամբ: ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը ևս պետք է ակտիվ աշխատեր, որպեսզի մենք նման նամակ ստանայինք ՀՀ Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով, և ընդհանրապես պետք է լավ աշխատել, որպեսզի ավելի ակտիվանան հայ-ամերիկյան հարաբերությունները:
Մենք տեսնում ենք, որ մեր հարևանն այս ուղղությամբ անում է աշխատանք, ունի հստակ հետաքրքրություն, չպետք է հետ ընկնենք իրենց կողմից տարվող աշխատանքներից, պետք է առավել ակտիվ ու նախաձեռնող լինենք, այլ ոչ թե հետևենք նրանց օրինակին: Ստացվում է, որ ներկայումս նրանք մի քանի քայլ առաջ են, և մենք փորձում ենք նրանց հետևից գնալ և կարծես թե չենք հասցնում»,- նման տեսակետ հայտնեց Սուրեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այդ աշխատանքի պատասխանատուներն են ՀՀ ԱԳ նախարարությունը, ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը և հայկական կազմակերպությունները Վաշինգտոնում` լոբբիստները, համայնքը, որոնք պետք է աշխատեն ԱՄՆ աշխատակազմի հետ հայկական շահերն առաջ մղելու համար:
Հարցին` հնարավո՞ր է, որ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսլականը հայ-ռուսական սերտ հարաբերությունների վերաբերյալ բացասաբար անդրադառնա հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարի վրա, Սուրեն Սարգսյանը պատասխանեց, որ չի կարծում, թե կա նման վտանգ, քանի որ ամերիկացիները շատ լավ հասկանում են, որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար` քաղաքական, տնտեսական համագործակցության, անվտանգության ոլորտում:
«Չեմ ուզում գնահատական տալ, որ Հայաստանը պետք է ստիպված լինի ընտրել կողմերից մեկին»,- նկատեց քաղաքագետը:
Խոսելով Ալիևին ուղղված Թրամփի նամակում տեղ գտած դիտարկումներից ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորության մասին` Սուրեն Սարգսյանը չբացառեց, որ նախաձեռնություն կամ առաջարկ լինի ԱՄՆ-ի կողմից:
«ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ լինելու է Ալիև-Փաշինյան հանդիպում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են այս օրերին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, մեր ԱԳ նախարարի հետ ևս կունենան հանդիպում: Չեմ բացառում, որ առաջարկներ լինեն ամերիկյան կողմից, եթե նման ուղերձ հղում է ԱՄՆ նախագահը»,- ասաց Սարգսյանը:
Տեղեկացնենք, որ շնորհավորելով Ադրբեջանի առաջնորդին ու ժողովրդին Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, Սպիտակ տան ղեկավարը գրել էր.
«Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցում են և աշխատում միմյանց հետ՝ դժվարին տարածաշրջանային մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ: Ես գնահատում եմ ձեզ հետ գործընկերությունն անվտանգության ու ահաբեկչության դեմ պայքարի հարցերում, ինչպես նաև մեր երկարամյա առևտրային կապերը»:
Պնդելով, թե առաջիկա ամիսները ղարաբաղյան հարցում կարգավորման հասնելու հնարավորություն են բերում, Դոնալդ Թրամփը գրել է. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր՝ Միացյալ Նահանգները սպասում է Ձեզ հետ համագործակցությանը՝ հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորումը գտնելու համար»: