«Սա այն ցավոտ խնդիրներից է, որը տարիներ ի վեր չենք կարողանում լուծել». Հակոբ Ավագյան
«Սա այն ցավոտ խնդիրներից է, որը տարիներ ի վեր չենք կարողանում լուծել: Ինչպես հիշում եք, մենք միշտ ասել ենք, որ, եթե ուզում ենք՝ մեր երկրում կարգի բերվի տնտեսությունում փաստաթղթավորումը, պետք է սկսենք մաքսային դարպասներից։
Սահմանից սկսած ներմուծվող ապրանքների, հումք ու նյութերի ճիշտ ձևակերպման դեպքում շղթայական ռեակցիայով կուղղվի տնտեսության փաստաղթավորումը։ Բայց գիտեք, որ ունենք թուրքական, չինական, արաբական երկրներից ներմուծումներ, որոնք կամ արվել են, այսպես կոչված, «կգ»-ներով, կամ նախորդ կառավարության կողմից ստեղծված մոնոպոլ ընկերությունով, որը փորձեց այդ ներմուծումները կենտրոնացնել մեկ տեղ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԱԾ-ի կողմից ձեռնարկվող միջոցներն ի՞նչ ազդեցություն կունենան բիզնեսի վրա:
Ըստ նրա՝ սրան ՓՄՁ-ներն ի սկզբանե դեմ էին, որովհետև այդտեղ հաշվապահական սխալ կար, չէր փակվում ամբողջ շղթան, իսկ որ ամենակարևորն է՝ պետական բյուջե վճարվելիքն անցնում էր այդ ընկերության միջոցով, հետևաբար՝ անհայտ վերահսկողությամբ:
Նա վստահեցրեց, որ կային ու հիմա էլ կան առևտրականների խմբեր, որոնց այդ մոդելը ձեռնտու էր, և նրանք, հեռու մնալով մաքսային ձևակերպումների քաշքշուկներից, մաքսազերծում էին հենց այդ օղակով.
«Հիմա ԱԱԾ-ի միջոցառումների արդյունքում այդ օղակը դադարում է գործել, դրան արագ փոխարինող, բայց հուսով եմ՝ այս դեպքում լրիվ օրինական դաշտում ու թափանցիկ գործող մեխանիզմ է պետք ներդնել»։
Ըստ նրա՝ հարևան Վրաստանում այդ մոդելն առկա է մեկ պատուհանի սկզբունքով: Հ. Ավագյանի խոսքով՝ մաքսակետերում այդ մեկ պատուհանով սահմանաչափ պետք է դրվի, որպեսզի, ասենք՝ մինչև 10,0 հազար դոլար մաքսային արժեք ունեցող բեռները մաքսազերծվեն արագ ընթացակարգով, ներմուծողի փոխարեն՝ այդտեղ կկատարվեն բոլոր ձևակերպումները, անհրաժեշտության դեպքում՝ զննումը, և կներկայացվի վճարման ենթակա գումարները հայտատուին:
Նա նշեց, որ Վրաստանում էլեկտրոնային փոստով են ուղարկվում վճարման ենթակա գումարները, որոնք վճարելուց հետո նույնիսկ առաջարկվում է տրանսպորտային փոխադրում մաքսային պահեստից տնտեսվարողի մոտ: Կարելի է նաև մտածել մեծածախ առևտրի տոնավաճառներում նման գործընթաց կազմակերպելու մոդելի մասին, մաքսային ներկայացուցչի ներդրումից:
«Նոր կառավարությունը պետք է օր առաջ սկսի վերագործարկել բիզնես շահերը ներկայացնող ապաքաղաքական կառույցների հետ երկխոսության հարթակները, այդ հարթակներում սկսի քննարկել թե՛ նախկինից եկող, թե՛ այսօր ծառացած խնդիրները, դուրս բերի համատեղ լուծումներ»,- ասաց Հ.Ավագյանը: