«Իսկ դուք չե՞ք տեսել, որ մեր քաղաքական ուժի բազմաթիվ ներկայացուցիչներ այդ հանրահավաքներին մասնակցել են». Վահե Էնֆիաջյան
«Երբ գործընթացը հանգուցալուծվի, պետք լինի՝ այդ գործողություններն իրականացվի, մենք մեր ղեկավար մարմնի քաղաքական խորհրդի նիստ կգումարենք և որոշում կկայացնենք, ինչի հետ կապված հրապարակային հանդես կգանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ խոսելով այն մասին, թե արդյո՞ք իրենք վարչապետի իրենց թեկնածուին կառաջադրեն:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ այս հարցի շուրջ «Ելքի» հետ համագործակցեք, Վ. Էնֆիաջյանն այսպես պատասխանեց. «Իհա՛րկե հնարավոր է»:
Նշենք, որ Վ. Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառման տակ մեկնաբանություն էր թողել, թե՝ «այն, ինչ մեր թիմն է Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ արել այս արդյունքին հասնելու համար, ով պետք է, շատ լավ գիտի»:
Պատգամավորին խնդրեցինք մանրամասնել՝ ինչի՞ մասին է խոսքը: Ի պատասխան՝ նա ասաց.
«Երբ մեր գործընկերներին՝ պարոն Փաշինյանին, պարոն Միրզոյանին, պարոն Միքայելյանին կալանավորեցին, հենց այդ պահից սկսած՝ Գագիկ Ծառուկյանի պահանջով քաղաքական խորհրդի նիստ է գումարվել, և մեր նիստի քննարկման առարկան է դարձել ստեղծված իրավիճակը, և մենք հայտարարությամբ հանդես ենք եկել: Մենք պահանջել ենք անհապաղ ազատ թողնել մեր գործընկերներին և նստել բանակցությունների սեղանի շուրջ, իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից շատ հստակ օրակարգ էր հրապարակվել, և, բնականաբար, այդ օրակարգի շուրջ այդ խոսակցությունը պետք է տեղի ունենար»:
Վ. Էնֆիաջյանի խոսքով՝ հայտնի է, որ ՀՀԿ-ականները և իրենց կոալիցիոն գործընկերները պատրաստվում էին ԱԺ-ի արտահերթ նիստ գումարել, որպեսզի անձեռնմխելիությունից զրկեին պատգամավորներ Ն. Փաշինյանին, Ս. Միքայելյանին և Ա. Միրզոյանին. «Դրա հետ կապված՝ մենք այդ նախաձեռնությանը ոչ միայն չենք միացել, բոյկոտել ենք, այլև՝ մեր դիրքորոշումը և վերաբերմունքը ստեղծված իրավիճակի հետ կապված ասել ենք, որ մենք ժողովրդի պահանջի կողմնակիցն ենք, և ժողովրդի ցանկությունը պետք է իրականություն դառնա: Ես ձեզ վստահաբար եմ ասում՝ այս և մի շարք այլ հանգամանքներ էլ նպաստեցին, որ Սերժ Սարգսյանը քաղաքական հայտարարությամբ հանդես գար»:
Հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ իրենք չմիացան «Իմ քայլը» նախաձեռնությանն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր ուժերին շարժմանը միանալու կոչեր էր հնչեցնում, Վ. Էնֆիաջյանն այսպես պատասխանեց. «Իսկ դուք չե՞ք տեսել, որ մեր քաղաքական ուժի բազմաթիվ ներկայացուցիչներ այդ հանրահավաքներին մասնակցել են, ընդ որում՝ ոչ միայն կուսակցության անդամներ, այլ կուսակցությունում տարբեր դիրքեր զբաղեցնող անձինք»:
Հարցին, թե ովքե՞ր են մասնակցել այդ հանրահավաքներին, նա պատասխանեց. «Օրինակ, մեր քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Ոսկանյանն է շատ ակտիվ մասնակցել: Դուք կհիշեք «Առինջ Մոլի» պայքարը, որ մղում էր Արմենը, որը մեր կուսակցության ներկայացուցիչն է, նա ելույթներ էլ է ունեցել: Մեր երիտասարդների միության ներկայացուցիչներն են հարյուրավոր մարդկանցով ոչ թե մասնակից եղել, այլ շատ կոնկրետ տարբեր միջոցառումների կազմակերպիչներ եղել»:
Վ. Էնֆիաջյանը վստահեցնում է, որ իրենց ուժի կողմից «Իմ քայլը» շարժմանն ի սկզբանե սատարում եղել է:
Հարցին՝ կուլիսային խոսակցություններ, քննարկումներ եղե՞լ են Նիկոլ Փաշինյանի հետ, պատգամավորն այսպես պատասխանեց. «Ձեզ վստահաբար ասում եմ՝ առաջիկայում տեղի են ունենալու գործընթացներ, ամեն ինչ իր հերթին և իր ժամանակին է ճիշտ խոսել և հրապարակել: Ամեն ինչ կլինի բոլորի համար պարզ և ակնհայտ»: