«Իշխանությունը Մարտի 1-ից դասեր քաղել է. վարչապետի ասածը չի կարելի մեկնաբանել՝ որպես ուժ գործադրելու ակնարկ». Դավիթ Հարությունյան
«Մարտի 1-ի մասին վարչապետի խոսքն աղավաղված է ներկայացվել և մեկնաբանվել։ Խոսքը վերաբերում էր քաղած դասերին․ իշխանությունը նույնպես դասեր է քաղել 2008 թվականի Մարտի 1-ի դժբախտությունից։ Եվ հենց այդ դասեր քաղելն է, որ մեզ ստիպում է որոնել ուղիներ՝ այս հարցի քաղաքական, խաղաղ հանգուցալուծման։ Վարչապետի հարցն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, որ՝ պարոն Փաշինյան, իսկ դուք այդ դասերը քաղե՞լ եք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին տեղի ունեցած Փաշինյան-Սարգսյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին բառացի ասաց. «Դա բանակցություն չէ, ուլտիմատում է, դա շանտաժ է օրինական իշխանությանը: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից: Ես ձեզ ևս մեկ անգամ խորհուրդ կտամ գալ իրավական դաշտ, հակառակ դեպքում՝ ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է»։
Դավիթ Հարությունյանը նորից կրկնեց, որ իշխանությունն այդ դասերը քաղել է. «Եվ դա չի կարելի մեկնաբանել՝ որպես ուժ գործադրելու ակնարկ»։
Ստեղծված իրավիճակը, ըստ Հարությունյանի՝ ակնհայտորեն ցույց է տալիս, որ քաղաքացիների զգալի մասն ունի դժգոհության կուտակված պաշար, և հարցը, ըստ նախարարի՝ պետք է քաղաքական հանգուցալուծում ստանա.
«Անխուսափելիորեն մենք գտնելու ենք հանրության հետ շփվելու եղանակները։ Հուսանք նաև՝ այս քաղաքական շարժման կազմակերպիչների հետ երկխոսելու եղանակները։ Բոլորս հիմա մտածում ենք այն ուղիների մասին, որոնք կարող են տալ լավագույն արդյունքը բայդ երկխոսության, բայց պարզ է, որ հարցը պետք է լինի քաղաքական դաշտում»։