«Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը չի փոխի ՀՀ հարաբերություններն աշխարհի հետ». Սերժ Սարգսյան
Խորհրդարանական կառավարման համակարգին անցումը կատարելը Հայաստանի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ չի փոխի: Այս մասին ռուսական «Известия»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:
«Խորհրդարանական համակարգը ենթադրում է ուժեղ օրենսդիր իշխանություն, որին ամբողջությամբ հաշվետու է կառավարությունը: Նախագահը, լինելով պետության ղեկավար, ղեկավարվելով ազգային շահերով, հետևելու է Սահմանադրության իրականացմանը: Նա որոշ դեպքերում կարող է վիճարկել օրենսդրական ակտերը, դրանք ուղղել Սահմանադրական դատարան եւ նույնիսկ չստորագրել: Իհարկե, այդպիսի դեպքերում նախագահի կողմից փաստաթղթերը հաստատելը հրաժարվելուց հետո 3 օրվա ընթացքում, կառավարության կամ վարչապետի կողմից ընդունվածներն ուժի մեջ են մտնում:
Կառավարությունն իշխանություն իրականացնող բարձր մարմին է, իսկ վարչապետը որոշում է ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները: Համակարգային այս փոփոխությունը Հայաստանի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ չեն փոխի»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, արտաքին, ներքին քաղաքական դաշտում փոփոխություններ կարող են տեղի ունենալ այն դեպքում, երբ խորհրդարանական մեծամասնությունը դա ցանկանա: Բացի դա, կարևոր է, որ Արտաքին գործերի նախարարն իր գործունեության մեջ ղեկավարվում է վարչապետից ստացված հանձնարարականներով:
«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները հիմնված են եղբայրության և ընկերության վրա, որոնք ժամանակի ընթացքում անցել են փորձություններ: Մենք միասին անցել ենք հարյուրամյակ, և խորհրդարանական մեծամասնությունը Հանրապետական կուսակցության գլխավորությամբ, իր գործընկեր կուսակցության «Դաշնակցության» հետ, այսուհետ ևս հետևողականորեն զարգացնելու և ամրապնդելու են մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Եվ դա շատ դրական ազդեցություն է թողնում Հայաստանի զարգացման վրա: Կարծում եմ տեղին չէ խոսել Ռուսաստանի հետ հարաբերություններում քաղաքականության փոփոխության մասին»,-ասել է Սերժ Սարգսյանը: